Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Արաբկիր վարչական շրջանում էր

Օգոստոս 14,2013 17:27

Մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով, մասնավորապես, բակային տարածքներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման համալիր աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Արաբկիր վարչական շրջանում էր:

Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող 1, 8 շենքերի բակային տարածքն այս տարվա ծրագրով վարչական շրջանում արդեն իսկ վերակառուցված տասնյակ բակերից  մեկն է: Տարիներ շարունակ անխնամ թողնված տարածքն այլևս երեխաների և մեծերի համար առանձնացված և համապատասխան կահավորմամբ ապահոված հանգստի գոտի է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում հիմնովին բարեկարգվել է նաև հարակից ֆուտբոլի խաղադաշտը: Օգտվելով առիթից՝ բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի, հետևողականության և բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորին արագ արձագանքելու համար:

Քաղաքապետի շրջայցի հաջորդ հասցեն Ադոնցի 9 շենքի բակն էր: Այստեղ ևս նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են, և տարածքը հանձնվել է բնակիչների տնօրինմանը: Նախատեսված աշխատանքների շրջանակում կառուցվել են սալապատ ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, աղբամաններ: Նկարազարդումների շնորհիվ յուրօրինակ ձևավորում են ստացել նաև հարակից ավտոտնակների և այլ շինությունների պատերը:

Բարեկարգման ծրագրով ամբողջությամբ նոր տեսք է ստացել նաև Կոմիտաս 46 շենքի բակը, որի միանգամից երկու հատվածներում հատուկ մանուկների համար ձևավորվել են գունագեղ ատրակցիոններով խաղահրապարակներ:

Խաչատրյան 23 և Օրբելի 8 շենքերի բակերում Տարոն Մարգարյանին առաջինը դիմավորել են տասնյակ երեխաներ և ուղեկցել բակեր: Այս բակային տարածքներն առանձնանում են հատկապես մեծածավալ նկարազարդումներով: Ինչպես երեխաներն են նշել, մի քանի շաբաթվա ընթացքում իրենց բակերը կերպարանափոխվել և հիշեցնում են հեքիաթի գրքերի պատկերազարդումները:

Խոսելով բակերի բարեկարգման ծրագրի և կիրառվող մոտեցումների մասին՝ Տարոն Մարգարյանը որպես կարևորագույն պայման շեշտել է բնակիչների ներգրավվածությունը ծրագրի իրագործման ամբողջ ընթացքում: Քաղաքապետը հատկանշել է նաև, որ աշխատանքներն իրականացվում են ոչ միայն հաստատված նախագծերով: Պարբերաբար կատարվող շրջայցերի և քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ հենց տեղում քննարկվում են բնակիչների առաջարկներն ու դրանք ևս ներառվում են նախագծի մեջ:

«Երևան քաղաքում ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց հարակից բակային տարածքների մի մասը այս տարիների ընթացքում արդեն իսկ բարեկարգվել և հանձնել ենք բնակիչներին: Կառուցվել են նաև խաղահրապարակներ, պուրակներ ու հանգստի այլ գոտիներ: Հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերով շարունակելու ենք բակերի բարեկարգումը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում Երևանի բոլոր բակերը լինեն միանման բարեկարգ ու խնամված:  Անշուշտ, անելիքներ դեռ կան: Կան նաև տարածքներ, որոնք երկար տարիներ զբաղեցված են եղել մեր քաղաքացիների կողմից և ծառայել են որպես ավտոտնակներ կամ բոստաններ: Շատերը այսօր կամովին հանձնում են դրանք, որպեսզի բարեկարգվի և ծառայի բնակչությանը, ինչի համար, իսկապես, շնորհակալ ենք և կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին դառնալ այս գործընթացի մասնակիցն ու իրենց ներդրումն ունենալ քաղաքային նշանակության ծրագրերի կյանքի կոչման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Արաբկիրցիներն իրենց շնորհակալություն են հայտնել քաղաքապետին վարչական բոլոր շրջանների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և իրականացվող ծրագրերի համաչափության պահպանման համար: Ի պատասխան, Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար ու հորդորել է խնամքով վերաբերել բակերի բարեկարգ տեսքի պահպանմանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Կոմիտաս 27 հասցում ընթացող բակի բարեկարգման աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը, ներկայացնելով բակի կառուցապատման նախագիծն ու բարեկարգման ամբողջական ծրագիրը, զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Նշվել է նաև, որ տարածքն ապահովվելու է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. կահավորվելու է զրուցարաններով, նստարաններով, մանկական խաղերով և մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և աշնանը կկազմակերպվի ծառատունկ: Ընդհանուր առմամբ, Արաբկիր վարչական շրջանում բակերի բարեկարգման ծրագրով կառուցվելու է ավելի քան 60 բակ:

Արաբկիրի Փափազյան փողոցի 21/2 և 23/1 շենքերի բակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև մայրաքաղաքում իրենց հանգիստ անցկացնող երեխաների համար կազմակերպված ճամբարային առօրյային ու հանձնարարել է պատասխանատուներին շարունակել միջոցառումների կազմակերպումը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031