Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը հույս է հայտնում, որ ոստիկանությունը Մենուա Հարությունյանին պատասխանատվության կենթարկի

Օգոստոս 14,2013 17:18

Slaq.am կայքի տնօրեն Մենուա Հարությունյանը երեկ իր հասցեին արված «կովի տղա» արտահայտության համար վեճի էր բռնվել «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստների հետ եւ 12 հոգով ծեծի էին ենթարկել ակտիվիստներին:

Սոցցանցերում այդ միջադեպի հետ կապված քննարկումներում կարծիքներ կան, որ ակտիվիստները քիչ-քիչ վերածվում են սադրիչների, որ որոշ երիտասարդների պահվածքը վարկաբեկում եւ արժեզրկում է ողջ պայքարի իմաստը:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մոտ արդեն 20 օր նստացույց անող Վահագն Մինասյանը վստահեցրեց, որ իրենց պայքարը 1-2 հոգու վարքի հետեւանքով չի կարող վարկաբեկվել. «Բնականաբար, չեմ ողջունում ակտիվիստների նման քայլը, բայց շատ ավելի կոպիտ խախտում է արվել ֆիզիկական ուժի դիմողների կողմից: Հուսով եմ, ոստիկանությունը այս անգամ անգործություն չի ցուցաբերի եւ ըստ օրենքի պատասխանատվության կենթարկի ծեծողներին, պատշաճ ընթացք կտա այս գործին»:

Մեր հարցին՝ ասում են, ակտիվիստներից ոմանք լկտի պահվածք ունեն, ցինիկ են իրենց պահում, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Քանի որ շարժումն ապակենտրոն է եղել եւ հանրային, զանգվածային բնույթ է կրել, մենք չենք կարող ամեն մի մասնակցի մուտքը շարժման մեջ սահմանափակել, չթողնել, որ նման վարք ու բարք ունեցող մարդիկ շարժման մեջ մտնեն: Դա ոստիկանության պարտականությունն է՝ ապահովել ցույցերի, երթերի, ակցիաների խաղաղ ընթացքը: Նրանք, ովքեր վիրավորում են այլ քաղաքացիների, պետք է նրանցով զբաղվի ոստիկանությունը եւ համապատասխան օրենքով, սահմանված կարգով ընթացք տա այդ գործերին: Մենք մեր վրա չենք վերցրել ոստիկանության ֆունկցիաները, որպեսզի ամեն մեկին ստուգենք, հետո նոր թույլ տանք շարժման մեջ որեւէ գործողության մասնակցել:

Բոլորի համար էլ պարզ է, որ մենք չենք հանդիսանում շարժման կազմակերպիչ: Մենք կարող ենք ընդամենը որոշել նախաձեռնություններ, հանդես գալ առաջարկներով: Մաշտոցի պուրակում առաջարկություններով ենք հանդես եկել, եւ եթե առաջարկների շուրջ հավաքվել է թիմը, հաղթել է նախաձեռնությունը: Մենք չենք կարող վերահսկել հարյուրավոր, հազարավոր անհատների դրսեւորումները, եւ մեզ վրա նման պարտավորվածություն չունենք: Դա ոստիկանության գործն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031