Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյանը հակադարձում է Hurriyet-ի հրապարակմանը. «Ուրարտուն հայկական է»

Օգոստոս 14,2013 16:53

Hurriyet-ի փոխանցմամբ՝  ներկայումս Թուրքիայում  աշխատանքներ են տարվում  Վանի թագավորների տապանաքարերի  3D նմուշները՝ լազերի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով ստանալու համար, գործին լծվել է Ստամբուլի համալսարանի պատմության և հնագիտության բաժինը:

Ըստ նույն աղբյուրի, թուրքերը այդ տապանաքարերը  համարում են ուրարտական ժամանակաշրջանի ամենակարևոր հուշարձաններ: Բնականաբար, այս ամենը վերագրվում է թուրքերին:

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանին խնդրեց գնահատական տալ այդ ամենին:  «Ես չեմ զարմանում՝ արդեն վաղուց Ուրարտուի պատմությունը թուրքերը սկսել են յուրացնել, եւ դրանում մենք, իհարկե, մեղքի բաժին ունենք: Ցավոք սրտի, մեր պատմագրության մեջ կան ուղղություններ, որոնք Ուրարտուն չեն տեսնում որպես Հայոց պետականության անբաժան մաս եւ համարում են նախահայկական պետություն: Հենց այս մոտեցման արդյունքում մեր հարեւանները տեր դարձան Ուրարտուի պատմությանը:

Թուրքական պատմագիտական ընկերությունը, որ 1930-ականներից ստեղծվել  է Մուստաֆա Քեմալի ցուցումով, հենց նման խնդիր ուներ իր առջեւ դրված՝ ի  սկզբանե ցույց տալ թուրքական ներկայությունն այս տարածաշրջանում, մասնավորապես՝ Վանի թագավորությունում: Եվ հիմա արդեն պետական մակարդակով իրենք այդ խնդիրը համարում են  «լուծված», Ուրարտուն էլ համարում են առաջին թուրքական պետությունը այս տարածաշրջանում: Ես կարծում եմ, որ մեր պատմագրությունը պետք է վերջնականապես  հրաժարվի այդ փտած հայեցակարգերից, եւ Ուրարտուն լիարժեքորեն ներկայացնենք որպես հայոց միասնական պետականություն՝ իր էթնիկ կազմով, ինչպես դա մենք փորձել ենք անել դպրոցական ավագ դասարանների դասագրքերում,  նույնը հիմա արվել է 6-9-րդ դասարանների դասագրքում: Ընդհանրապես Ուրարտուի պատմության հարցում ոչ միայն թուրքերը, այլեւ ադրբեջանցիները, մասամբ նաեւ վրացիները դարձել են պահանջատեր, ինչում մեր նախորդ սերնդի մեղքի բաժինը կա»,- ասում է պարոն Մելքոնյանը:

Իսկ ի՞նչ է խանգարում այսօր պետական մակարդակով հակադարձելու թուրքական կեղծարարությանը: «Կրկնում եմ՝ գիտական  շրջանակներում կա տեսակետ, որի համաձայն՝ Ուրարտուն իրականության մեջ հայկական չէ, նախահայկական է, որի լեզուն եղել է ո՛չ հայերենը, իբր կա այդպիսի լեզու՝ ուրարտերեն, որը հայերենի հետ ընդհանրություն չունի եւ իբր ուրարտական թագավորները ծագումով հայ չեն: Նման պայմաններում, բնականաբար, պետական  մոտեցում չի կարող լինել, երբ պատմագիտության մեջ, ցավոք սրտի, միասնական մոտեցում չկա:

Համենայնդեպս, ակադեմիայի Պատմության  ինստիտուտի կարծիքն այստեղ միանշանակ է՝ Ուրարտուն մեր Արարատյան թագավորությունն  է, Հայկական  լեռնաշխարհի միասնական հայկական առաջին պետական կազմավորումը, որից առաջ՝ դեռ երրորդ հազարամյակում եղել են այլ պետական կազմավորումներ եւս,  ինչպես Արաատտան, Էթիունին, Հայասա Ազին եւ այլն: Այսինքն, հայոց պետականության պատմությունը սկսվում է առնվազն Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից»,-վստահեցնում է գիտնականը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arthur Armin says:

    Կեցցե՛ Աշոտ Մելքոնյանը։ Ճի՛շտ խոսք` ճի՛շտ ժամանակին։ Իսկ պետական մակարդակով հայտարարե՞լը… մենք դեռ 1992–ին պիտի անեինք։ Ե՞րբ են պետական պաշտոնյաները վերջապես հասկանալու, որ մեր պատմությունը` ազգային անվտանգությա՛ն հարց է։

  2. yervant says:

    Ինչպէս որ պատմական Ուտիքն ու Աղուանքը, երեկ իրիկուն ոչինչէն բուսած ազերիները ,փորձեցին իւրացնել առանց խպնելու — նախապէս քրիստոնեայ եղած ըլլալնին ալ աւելցուցին հոն գտնուող վանքերն ու խաչքարերը ժամանակ չունենալով ատենին ոչնչացնել,անկարելի չէ որ շուտով` տնտեսական պատճառներով մեր գիտնական եւրոպական ակադեմիաները թուրքերը դարձնեն հայկական բարձրավանդակի բնիկներ իսկ հայերը Ալթայի լեռներէն ժամանած քոչուորներ ,,,մարդկութիւնը այնքան փտախտէ կը տարապի որ այլեւս հարկ չկայ գիտական փաստեր փնտռել,բաւ է գետինը փորել եւ քարիւղ գտնել`եւրոպացի կոչուած մասնագէտները մնացեալը կը դասաւորեն պեղումներով եւ ֆիլմերով։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031