Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չունենք հոգեբանին դիմելու մշակույթ». Սեդրակ Սեդրակյան

Օգոստոս 14,2013 16:34

«2013 թվականի առաջին վեցամսյակի ընթացքում հաշվառվել է գրանցված 8822 ամուսնություն, նախորդ տարվա 9217-ի համեմատ եւ ամուսնալուծությունների 1822 դեպք` նախորդ տարվա 1596-ի համեմատությամբ»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, հավելելով, որ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով, 6 ամուսնական եւ 1 ամուսնալուծության դեպք է գրանցվել:

Ըստ նրա` պաշտոնական վիճակագրությունից բացի լինում են նաև չգրանցված ամուսնություններ և 2011 թվականին կատարված մարդահամարի տվյալների համաձայն, 2001թ. նույն տվյալների համեմատ աճել է երբևէ չամուսնացած տղամարդկանց թիվը, ամուսնալուծվածների, այրիների և կնակորույս տղամարդկանց թվաքանակը։ «Եթե 2001-ին այրիների թիվը կազմել է 2,6, ապա հիմա 3,2 է»,-ասաց նա::

«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը հայտնեց, որ գործակալությունը գործում է արդեն 5 տարի եւ այս տարիների ընթացքում ավելացել է ինչպես մարդկանց հոսքը, այնպես էլ ամուսնությունների քանակը, նշելով, որ միայն 2013 թվականի փետրվարի 13-ին 50-ից ավելի ամուսնություն է գրանցվել: «Եթե գործ ունես մարդկանց ճակատագրի հետ, սա մեծ պարտականություն է, և ես համարում եմ, որ սա ազգանվեր գործ է»,- ընդգծեց Բաղիշյանը:

Վերջինիս փոխանցմամբ` իրենց գործակալությունը կանանց համար տարիքային սահմանափակումներ չի սահմանել, իսկ տղամարդիկ կարող են դիմել միայն 28-65 տարիքային խմբում` ունենալով աշխատանք, հակառակ պարագայում գրանցում պարզապես չի իրականացվի: «Մեզ մոտ գալիս են կիրթ, գրագետ, կայացած մարդիկ, ովքեր ունեն երկու բարձրագույն կրթություն, ունեն պաշտոններ, պարզապես նրանց ժամանակը չի հերիքում անձնականի համար։ Հավատացեք, այդպիսի մարդիկ շատ-շատ կան»,-ասաց Իլոնա Բաղինյանը և ավելացրեց, որ տղամարդիկ հիմնականում նախընտրում են նիհար կանանց։

Հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանն անդրադառնալով ամուսնալուծությունների հնարավոր պատճառներին, ասաց, որ պատճառները կարող են տարբեր լինել, բայց առանցքայինը հոգեբանական կարգավիճակն է. «Մենք չունենք հոգեբանին դիմելու մշակույթ: Շատ ամուսնալուծություններ չէին լինի, եթե մարդիկ դիմեին հոգեբանին: Ամուսնալուծությունների պատճառները հաճախ նշվում են՝ սոցիալական ծանր վիճակն է, խմող է, բնավորությամբ իրար չենք համապատասխանում, սակայն, սրանք չեն: Հիմնական պատճառները, և՛ սեռական, և՛ հոգեբանական անհամատեղելիության խնդիր կա»,-ասաց հոգեբանը, նշելով, որ այդ մասին հաճախ կողմերը թաքցնում են:

Նա կարծիքով` այս ամենի պատճառն ազգային առանձնահատկությունն է. ոչ մի կին չի ասում, որ մենք սեռական հարաբերություններում անհամապատասխան ենք, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա հարուստ ընտանիքներն ամենաերջանիկները պետք է լինեն, բայց, հոգեբանի դիտարկմամբ, երջանկությունը հարստության քանակի մեջ չէ, այլ շատ ավելի խորքային հարաբերությունների:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031