ՀՀ եւ վարչական, եւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները մերժել են առողջարանային Ջերմուկը Ամուլսարի նախագծի ազդակիր համայնք ճանաչելու Ջերմուկի բնակչի հայցադիմումը, տեղեկացնում է «Էկոլուրը»:
Ջերմուկի բնակչուհի Վիկտորիա Գրիգորյանը դատի էր տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին` դատարանից պահանջելով պատասխանողներին պարտավորեցնել ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչությանը, որոնց թվում եւ հայցվորին ճանաչել որպես Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ազդակիր համայնք: Սակայն ՀՀ վարչական եւ վերաքննիչ դատարանները մերժեցին հայցադիմումը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը հետ վերադարձրեց «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը` պատճառաբանելով, թե հայցվոր Վիկտորիա Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը ստորագրված չէ:
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը, որը շահագործվելու է «Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից, Ջերմուկից գտնվում է 12 կմ հեռավորության վրա: Մոտավորապես նույն հեռավորության վրա գտնվող Գնդեւազ, Գորայք եւ Սարավան գյուղերը համարվել են ազդակիր համայնք, իսկ Ջերմուկը` ոչ: