Օգոստոսի 15-ին` ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանում (դահլիճ 105) տեղի կունենա 2009 թ.-ին կասեցված եւ 2013 թ.-ին վերսկսված` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն` ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը:
ԻԱԿ-ից տեղեկացանք, որ դեռեւս 2009 թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ից խնդրել էր տեղեկություններ պետական բյուջեից ՊՈԱԿ-ի ֆինանսավորման եւ ՊՈԱԿ-ի կնքած հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերի մասին: Սակայն ՊՈԱԿ-ը մերժել էր տեղեկությունների տրամադրումը` պատճառաբանելով, որ ֆինանսավորման մասին տեղեկությունները հրապարակված են, իսկ մյուս հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք:
Արդյունքում, ԻԱԿ-ը ՊՈԱԿ-ի պատասխանը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարան: Մեկ այլ զուգահեռ հայցով ԻԱԿ-ը դիմեց Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50 000 ՀՀ դրամի չափով: Այս դատական գործը 2009 թ.-ի հունիսի 16-ին կասեցվել էր` մինչեւ ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի:
ՀՀ վարչական դատարանում գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով: Ուստի, ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական գործը, որը կասեցվել էր 2009 թ.-ի հունիսի 16-ին` մինչեւ ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի, 2013 թ.-ի մարտի 12-ին վերսկսվեց: Առաջին դատական նիստը նշանակվել է 2013 թ.-ի օգոստոսի 15-ին: