Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ծավալը՝ 4 մլրդ դոլար

Օգոստոս 14,2013 14:50

Երեկ այս մասին շեշտել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ համագործակցությունը ընդլայնման տենդենցներ ունի

Բաքվի ծովախորշում երեկ անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին իրականացվել, անվտանգության ապահովման գործընթացում ներգրավվել էին ադրբեջանական ռազմանավերը: Պուտինի ժամանման հետ կապված՝ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել նաեւ Բաքվի կենտրոնական փողոցներում: Մի շարք փողոցներ ընդհանրապես փակվել են:

Մինչ այդ Ռուսաստանի Կասպյան նավատորմի երկու ռազմանավից բաղկացած ջոկատը՝ փոխծովակալ Սերգեյ Ալյոմկինսկու գլխավորությամբ, նախօրեին արդեն իսկ հասել էր Բաքվի ծովախորշ: Ռուսական «Դաղստան» հրթիռակիր նավն ու «Վոլգոդոնսկ» հրետանավակը մտել էին Բաքվի նավահանգիստ, ինչը տեղի էր ունեցել Կասպից ծովում Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համագործակցության ամրապնդման շրջանակներում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանումից հետո երեկ մեկնարկեց նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ դեռ առ դեմ, այնուհետեւ բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով: Ինչպես տեղեկացրել էինք դեռ երեկ՝ Պուտինին ուղեկցում է կառավարական բավական տպավորիչ պատվիրակություն՝ արտաքին գործերի, պաշտպանության նախարարները:

Երեկվա բանակցությունների արդյունքում տեղի է ունեցել միջկառավարական մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, ապա՝ Պուտինի եւ Ալիեւի համատեղ մամլո ասուլիսը:

Պուտինն Ալիեւի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի տեմպերի կապակցությամբ. «Մեր երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են բավական հաջող՝ չնայած համաշխարհային տնտեսությունում տիրող ընդհանուր բարդ իրավիճակին: Նախորդ տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է շուրջ 47 տոկոս: Դա մեզ համար ռեկորդներից մեկն է: Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի հետ առեւտրային-տնտեսական կապերի առաջատարներից մեկը, զբաղեցնում է երկրորդ տեղը, առեւտրային շրջանառությունն աճում է: Երկու երկրների միջեւ կապերը զարգանում են բազմաթիվ ուղղություններով, դրանք կրում են բազմատեսակ բնույթ»:

Ալիեւն իր հերթին վստահություն է հայտնել, որ Պուտինի այցը հավելյալ ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Նա նշել է, որ իր գործընկերոջ այցին մեծ նշանակություն է տրվում, ապա ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է փոխադարձ շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Մեր հարաբերությունների օրակարգը լայն է, համագործակցությունը՝ բազմակողմանի եւ ընդգրկում է գործնականում բոլոր ոլորտները՝ տնտեսական փոխհամագործակցությանը, մարդասիրական ոլորտին, տրանսպորտին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Բոլոր հարցերի վերաբերյալ մենք շատ մոտ դիրքորոշումներ ունենք»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանական ANS PRESS-ը՝ վկայակոչելով ITAR-TASS-ին, մեջբերում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով շեշտել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 մլրդ դոլար: «Ներկայումս Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 մլրդ դոլար եւ ընդլայնման տենդենցներ ունի»,- ասել է Ալիեւն՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմական տեխնիկայի գլխավոր գնորդներից մեկն է:

Ռուսաստանյան Роснефть-ի ղեկավար Իգոր Սեչինն ու ադրբեջանական SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը համաձայնագիր են ստորագրել համագործակցության եւ նավթի մատակարարման պայմանների շուրջ: Համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել է, որ խոսքը նավթի փոխադարձ մատակարարումների մասին է: Սեչինը դեռ հուլիսին էր այցելել Ադրբեջան, հանդիպել էր Ալիեւին եւ SOCAR-ի նախագահին, իսկ հանդիպումից հետո Աբդուլաեւը հայտարարել էր, որ SOCAR-ը շահագրգռված է Роснефть-ի հետ համագործակցությամբ:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ երեկոյան Պուտինը պետք է լքեր Բաքուն եւ մեկներ Գաբալայի հանգստավայր: Այստեղ բարձրաստիճան հյուրերի համար հատուկ ընդունելությունների տուն էր կառուցվել, որտեղ էլ այսօր պետք է շարունակվեն ռուս-ադրբեջանական բանակցությունները:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031