Սիրելիի հետ բաժանումը սովորաբար վիշտ է պատճառում սիրահար սրտին: Երբեմն ամիսներ, նույնիսկ տարիներ են պահանջվում սիրելիին մոռանալու համար: Կոտրված սիրտը օրերով փակվում է սենյակում, այլևս չի ուզում ոչ մեկին տեսնել, հիասթափվում է կյանքից և կորցնում է վստահությունն այլ մարդկանց հանդեպ: Սակայն դեպրեսիայից խուսափելու համար ռուսական ostrovlubvi կանանց ամսագիրը առաջարկում է տարբերակներ: Դրանցից առանձնացրել ենք հետևյալը.
Մի՛ ձևացրեք, թե ամեն ինչ կարգին է, մի՛ թաքցրեք Ձեր վիշտը: Լաց եղե՛ք, տառապե՛ք, հակառակ դեպքում՝ ցավը երբեք չի անհետանա, այլ կմնա Ձեր սրտում: Սիրելիի հետ բաժանումից հետո մենք հաճախ ենք մտածում նրա մասին՝ տեսնես ի՞նչ է անում կամ էլ հիշում ենք միասին անցկացրած օրերը: Երբեմն էլ մենք արդարացնում ենք մեզ, թե ճիշտ ենք եղել: Նման պարագայում ավելի լավ է վերցնել թուղթ ու գրիչ ու այնտեղ գրել այն ամենի մասին, ինչ մտածում ենք, այն իրավիճակների մասին, որոնք նվաստացուցիչ են եղել մեզ համար: Այնուհետև վառե՛ք այդ թուղթը, ինչը կօգնի Ձեզ մեղմացնել Ձեր ցավը: Եթե նկատեք, որ դեռ վիշտ կա Ձեր սրտում, ապա նոր թղթի վրա կրկին գրե՛ք բոլոր հիշողությունները: Որոշ ժամանակ «թաքցրե՛ք» այն իրերը, որոնք կհիշեցնեն Ձեր նախկին հարաբերություննների մասին: Սոցիալական ցանցերում սիրո մասին տխուր ստատուսներ մի՛ գրեք և օրը 20 անգամ Ձեր սիրելիի էջ մի՛ այցելեք: Ամբողջ ժամանակը նվիրե՛ք միայն Ձեզ: Հիշե՛ք՝ ինչպիսին էիք այն ժամանակ, երբ ազատ էիք: Զբաղվե՛ք Ձեզ հաճելի գործերով, բայց հիշե՛ք նաև, որ արվեստով զբաղվելը լավագույն միջոցն է տրամադրությունը բարձրացնելու հարցում:
Այդպիսի ծանր իրավիճակները հաղթահարելու և սիրելիին մոռանալու համար Սյուզաննա Հովհաննիսյանն առաջարկում է տարվել գնումներով. «Երբ դու քեզ համար գեղեցիկ զգեստներ ու աքսեսուարներ ես գնում, մոռանում ես բոլոր խնդիրների մասին: Նույնիսկ շատ քիչ դրամ ունենալու դեպքում դու կարող ես օրդ հաճելի կազմակերպել, բացի այդ՝ դու կարող ես մասնակցել ընկերուհիներիդ ու հարազատներիդ գնումներին»,-ասում է նա: Իսկ 20-ամյա Գրիգորի խոսքով՝ հարկավոր է դիմել ոչ թե ալկոհոլի, այլ ընկերների օգնությանը. «Ընկերները միշտ էլ լավ խորհուրդներ են տալիս, մտնում են դրությանդ մեջ, էնպես են անում, որ դու միշտ ուրախ լինես»,-ասում է նա: Իսկ 18-ամյա Մերիան նշում է. «Տրամադրությունը չփչացնելու համար հարկավոր է լավ երգեր լսել, աղջիկներով հավաքույթներ կազմակերպել: Բայց պիտի ասեմ, որ ամենադժվարը գիշերն ա, երբ դու լրիվ մենակ ես լինում, ինքնըստինքյան մտածում ես նրա մասին ու լաց լինում: Խորհուրդ կտամ օրն այնպես կազմակերպել, որ այնքան հոգնես, որ գլուխդ բարձին դնելուն պես քնես»,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան