Արբակ Խաչատրյանի կոչը՝ Սերժ Սարգսյանին. մաքրվեք Ձեր կողքի տականքներից ու ուժ տվեք երիտասարդներին
«Ես նախագահի կնոջ հետ եմ մոտ, ես մորքուրի տղայի, պաշտպանության նախարարն իմ ախպերն ա, նրա քույրն իմ հարսն ա եւ նմանատիպ մոտեցումները կոտրեցին մի ազգին, որը պոտենցիալ ուներ, լուրջ քաղաքական պայքար էր տանում եւ ի զորու էր ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնել»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով հայ-ռուսական նորագույն շրջանի հարաբերությունները՝ ասաց անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները սկզբում ստրատեգիական էին, որը հետագայում հայ վայ քաղաքական դեմքերը վերածեցին անձնականի, որպեսզի իրենք մնան իշխանության. «Ամեն ինչ սկսվեց հենվել ծանոթի վրա, գաղափարներին սկսեցին փոխարինել գումարները, համակարգը սկսեց քանդվել»: Խաչատրյանը հիշում է մի դեպք՝ 90-ականների սկզբին, երբ Հայաստանին օգնություն էր բերել, ժամանակի քաղաքական այրերից մեկն առաջարկել է պլաստիկ շշերի արտադրություն հիմնել՝ ասելով, որ դա հսկայական գումարներ կարող է բերել. «Սկզբում դա ինձ վայրի թվաց, բայց հետո պատերազմական իրավիճակում գտնվող պայքարում գոյատեւելու խնդիր կար, ավելի ուշ՝ ում երեխան ավելի լավ կապրի մրցավազքը առաջ բերեց բազարային մտածողություն, ինչը քանդեց երկիրը: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ԽՍՀՄ-ի տարիներին ինժեները, ակադեմիկը, բժիշկը եւ այլ մասնագետներ, որոնցով հպարտանում էինք, կախված լինեին բազարի տերերից: Հիմա բազարի տերերը կանգնած են երկրի տերերի կողքին: Ժամանակին անգամ հանցագործ կյանքի մարդիկ կամաչեին այդ չարչիներին իրենց ընկեր համարել: Այսօր բոլորը խառնվել են իրար, չես հասկանում՝ որն է մաքուրը, որը՝ կեղտը»:
Այն, ինչ այսօր կատարվում է ՌԴ-ում միգրանտների նկատմամբ, մեր զրուցակիցը հենց այս համատեքստում է դիտարկում՝ հավելելով. «Հայ-ռուսական հարաբերությունները կլինեին լավ, եթե եւ ՀՀ-ում, եւ ՌԴ-ում հայ քաղաքացու ապրելակերպը միեւնույն մակարդակն ունենար: Քանի որ Հայաստանը որեւէ ռազմավարական հիմք չուներ՝ պաշտպանվելու համար, հիմա այդ ժամանակավոր հիմքի վրա դրված համակարգը սկսում է քանդվել: Հայաստանում նախագահի պաշտոն զբաղեցրած մարդը գեթ մեկ ազգային հարստություն վաճառելու համար պետք է պատասխան տար՝ ամբողջ ընտանիքով: Նրան ցմահ պետք էր բանտարկել: Բայց նաեւ ՌԴ իշխանությունները պետք է իրենց քայլերում զգուշավոր լինեն, քանի որ իրենց ժողովրդի շահը եւ իրավունքը պաշտպանելու համար եթե ազգային հարց են առաջ բերում, ուղղակիորեն թշնամիներ են ձեռք բերում իրենց ժողովրդի համար»: Նա ՌԴ իշխանություններին առաջարկում է համեմատել այն գումարները, որոնք ՌԴ-ից գողանում են անօրինական միգրանտները, եւ նավթային ու գազային այն գումարները, որոնք ռուս օլիգարխներն են գողացել սեփական երկրից, նոր հետեւություններ անել:
Կարդացեք նաև
Ի դեպ, սեփական երկրներից գումար գողացած մարդկանց դեմ պետության կողմից սանկցիաների կիրառման անհրաժեշտության մասին Խաչատրյանը դեռ 2006 թվականից է ասել տարբեր հարցազրույցներում, իսկ անցյալ տարի Պետդուման արդեն նման օրինագիծ ընդունեց:
«Սերժ Սարգսյանը պետք է իր շրջապատը մաքրի այն հարուստներից, ովքեր ՌԴ-ում մեծ գումարներ են վաստակել հայերին էժան աշխատեցնելով ու խաբելով, հետո էլ առել են Հայաստանը: Հրաչյա Հարությունյանի փոխարեն նրանց պետք է կանացի խալաթ հագցնել, նրանք են հանցագործները: Ոչ ոք հիմա չի հիշում ու չի խոսում այն մասին, թե այդ մարդիկ ինչ կերպ են գումարներ աշխատել, մինչդեռ նրանց աշխատած գումարների հիմքում հենց հանցագործությունն է»,- ասում է մեր զրուցակիցը՝ իր զարմանքը արտահայտելով, որ 2008-ին ռուս-վրացական պատերազմը դաս չեղավ մեր իշխանավորների համար. «Այդ պատերազմը Հայաստանին մղեց անկյուն, քանի որ քաղաքական գաղափարները, որը Հայաստանի միակ հզորությունն էր, սկսեցին փոխարինել փողով: Իսկ այն երկիրը, որը չուներ ընդերք, նավթ կամ այլ հարստություն, չէր կարող մրցունակ լինել: Հայաստանի տնտեսական կործանումն այդ ժամանակ շատ իրական էր: Այն մի քանի մարդիկ, ովքեր փողատերեր են, նրանց ունեցվածքը հիմնված է թղթե բուրգերի վրա, ու եթե որեւէ մի այլ երկիր ցանկանա Հայաստանին հարվածել, այդ մարդիկ միանգամից կալանավոր կդառնան՝ կկորցնեն իրենց ամբողջ ունեցվածքը, այն որեւէ կերպ չի կարող երկրին օգտակար լինել: Հիմնական աբսուրդն այն է, որ անգամ այդ իրավիճակից հետո ՀՀ իշխանությունները շարունակեցին Հայաստանի տնտեսական հզորությունները փոխարինել մի քանի մարդկանց տնտեսական հզորությամբ»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ այս 20 տարիներին Հայաստանին օգնեց գոյատեւել դեռ խորհրդային տարիներից մնացած պոտենցիալը, որի հիմքը գաղափարն ու կրթությունն էր. «Բայց այդ սերունդն արդեն հոգեպես ջարդված է, արդեն չի կարող պայքար տանել: Այսօր շատ դժվար է հավաքել այն ուժը, որը գաղափարապես կարող է առաջ գնալ, քանի որ ամեն ինչի հիմքում այսօր գումար աշխատելն է: Մեր սերունդն ապացուցեց, որ ուժ չունի, այդ սերնդից ով եկավ ղեկավարության, մեծամասնությունը փչացավ: Բայց հիմա մենք առաջին անգամ տեսանք երիտասարդության ուժը. եկեք հարց չտանք՝ ո՞ւմ փողերով, ի՞նչ վիճակով, ի՞նչ պատճառով, ինչպե՞ս ստեղծվեց: Մեր սերնդի եւ երիտասարդների տարբերությունն այն է, որ այսօրվա սերնդին փողով առնելը շատ դժվար է: Որեւէ չարչի կամ բազարի տեր այսօր կարող է երիտասարդին գումար տալ, բայց հենց նրա թասիբին կպավ՝ նա պատրաստ է հարվածելու: Բայց Հայաստանի այս վիճակում, արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում բարդ է, որ երիտասարդությունը պայքար տանի Հայաստանում առկա նեխած համակարգի դեմ: Ամբողջ խաղադրույքը եթե մենք դնենք այդ երիտասարդների վրա, դա կլինի ուտոպիստական: Նրանց այն վիճակների մեջ կդնեն, որ ավելի շուտ կարող է Հայաստանը կորցնենք, քան նրանք հաջողության հասնեն»:
Այս իրավիճակում՝ Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն փնտրտուքներում Արբակ Խաչատրյանն ամենամեծ վտանգը համարում է այն, որ ամեն ինչ դարձյալ գնա անձնական հարաբերությունների վրա. «Դա նշանակում է եւս 20 տարով ետ գցել երկիրը: Քանի դեռ սուտը չի վերանում Հայաստանից, քանի դեռ Հայաստանից բոլորը փախչում են, տնտեսություն արդեն ընդհանրապես գոյություն չունի, բայց բոլորը ձայները տալիս են երկրի նախագահին ու իշխող կուսակցությանը՝ այս ճահիճը չի վերանա: Փոքր երկրների նախագահներն այդպես էլ չհասկացան, որ երկիրը հզոր է, եթե ժողովուրդն է հարուստ ու հզոր»:
Այս իրավիճակում մեր զրուցակիցը կոչ է անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերանայել իր մոտեցումները. «Երիտասարդներին, որոնք հոգեպես ավելի մաքուր ու հզոր են, պետք է ճանապարհ տալ: Հարվածներն այնքան ուժեղ են լինելու, որ այլեւս այլ տարբերակներ չկան: Ես չէի ցանկանա, որ ՀՀ նախագահը հայտնվեր Քադաֆիի, Մուբարաքի, Սադամի տեղում. երբ ես հիշում եմ նրանց վերջին ելույթները, մինչեւ վերջին օրերը նրանք էլ համոզված էին, որ «հարց չկա», որ իրենք ժողովրդի համար են: Աստված մի արասցե, եթե Հայաստանում նույն զարգացումները լինեն: Նախագահին հորդորում եմ մաքրվել իր կողքի տականքներից ու ուժ տալ երիտասարդներին: Նրանք պետք է ստանան անկախ, մաքուր գումարներ, որոնք կախված չեն լինի որեւէ օլիգարխից, որեւէ անձից, այլ երկրի ուղղությունից, ու սովորեն դրսում, միջազգային ատյաններում հավասար պայքարել իրենց հայրենիքի համար:
Դա միակ պայմանն է, որով ստեղծվում է նոր ու նոր որակի քաղաքական ուժ: Ելնելով երկրի արդի ծանր վիճակից՝ դա պետք է շատ արագ կատարվի: Նախագահի կողքը պետք է լինի առողջ ուժ: Եթե ՀՀ նախագահը այսօր կարողացավ դա տեսնել ու կատարել, նա իսկապես կմնա պատմության մեջ: Պետք է անպայման բացել այս 20 տարիների թույլ տված քաղաքական սխալները, քննարկումներ պետք է լինեն, պատասխանատվության պետք է կանչվեն սխալներ գործած քաղաքական այրերը, որ այն մարդիկ, ովքեր այսօր արտագաղթում են, հացադուլի են նստում, թանկացումների դեմ ցույցի են դուրս գալիս, համոզված լինեն, որ մաքրման գործընթաց է գնում: Ավելի լավ է Հայաստանում ստեղծվի նոր ուժ՝ երիտասարդ ու մաքուր, որը նաեւ կարողանա ետ պահանջել ու ետ բերել երկրից թալանված գումարները, քան դա արվի միջազգային սանկցիաներով»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ այդ երիտասարդներն էլ պետք է մշակեն այն մեխանիզմները, որոնցով դա հնարավոր է՝ միաժամանակյա ցույցեր եւ Հայաստանում եւ արտերկրներում, տվյալ ընտանիքների անդամների պախարակում, ստիպել այն երկրներին, որտեղ «հանգրվանել» է Հայաստանից գողացված հարստությունը, ստուգել սկզբնաղբյուրները ետ ուղարկել դրանք. «Բոլորը պետք է հասկանան, որ փոքր երկրներից գողացած փողերով հզոր երկրների տնտեսությունները չի կարելի ամրացնել: Ես խիստ կասկածում եմ, որ մի հրեա Իսրայելից կարողանար հարստություն գողանալ եւ որեւէ երկրում դղյակ կառուցեր: Պետական անվտանգության ծառայություններն այն օրը կգցեին նրան, որ Աստված հեռուն տանի: Մինչդեռ հայերը երկրից փող գողանալը համարում են մեծության ու հզորության նշան»:
Մեր զրուցակիցը հասկանում է, որ իր ասածները շատերը քմծիծաղով կընդունեն, կասեն, որ դրանք անիրագործելի բաներ են, բայց համոզված է՝ այլընտրանք չկա. «Բադեն-Բադենում կամ նախագահական ապարատում, որ մի քանի հոգին հավաքվում են ու ասում են՝ հարց չկա, շեֆ, նախագահը պետք է մտածի ու հասկանա, որ լրիվ հարց ա, ու դրանց լուծումներն ահռելի ծանր են, համարյա անլուծելի: Ամեն ինչն էլ մարդու համար է, զվարճանքներից հրաժարվել պետք չէ, բայց եթե քաղաքական դեմքն այլ երկրում զվարճանքի օբյեկտների միջոցով գումարներ է աշխատում, դա երկրին զրկում է ստրատեգիական ուղղություններից: Սխալվելն էլ է մարդու համար, ու սխալից ետ կանգնելն ամոթ չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» oրաթերթ
Չեմ ծիծաղում, բայց կարելի է և այլ հեքիաթ էլ գրել:
Լավ ասենք, իր շրջապատին հեռացրեց իր կողքից , բա Սաշիկին ու Լյովիկին էլ է հեռացնելու էտ մասին ունց որ հոդվածում բան չէր ասված:
Հարգելի ընթերցող` ես նույնպես ուշադրությամբ հետևում եմ Արբակ Խաչատրյանի հոդվածներին և անձամբ կարող եմ հաստատել դրանց իսկությունը, որոնք կարելի է ասել ներկայացվում են շատ սուղ, Հայաստանի հանրապետության իմիջը չվարկաբեկելու համար:ՀԵՔԻԱԹԸ ՍԿՍՎԵԼ Է 90_ԱԿԱՆ ԹՎԵՐԻՑ.ՈՉ ՈՔ ՉԵՐ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԽՂՃՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆ: Եկել է ժամանակը լրջորեն մտածելու հայրենիքի համար:Եթե դժվար չէ Ձեզ համար,ապա կարող եք միայն 2 հոդվածով հագեցնել Ձեր հագուրդը` կարդալով 11.09.2008 թ.<> և 19.07.2012 թ.<> թերթերը և Դուք կհամոզվեք, թե ինչի մասին է խոսքը: Հարգանքներով Սամվել Հովհաննիսյան :