Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսուչը տուգանել է 3000 դրամ, տեսախցիկը նույն խախտման համար՝ 5000 դրամ (ֆոտոշարք)

Օգոստոս 14,2013 14:24

Տաքսու ծառայություն մատուցող Աշոտ Աբգարյանն իր «OPEL» մակնիշի ավտոմեքենայով հուլիսի 11-ին Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել, որտեղ ճանապարհային երթեւեկության կանոններով կանգառն արգելված է: Աշոտ Աբգարյանի տաքսին նկատելով, մոտեցել է ճանապարհային ոստիկանը եւ արգելված վայրում կանգառ կատարելու համար վարորդ Աբգարյանին տուգանել՝ 3000 դրամ: Ոստիկանը, Աշոտ Աբգարյանի խոսքերով, ակտը կազմել է տեղում՝ նշելով, որ վարորդին տուգանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, այն է՝ կանգառն արգելված տեղում կանգառ կատարել:

Վարորդ Աբգարյանը համաձայն լինելով իր կատարած խախտման հետ՝ պարտաճանաչ տարել եւ բանկում վճարել է 3000 դրամ տուգանքը (առկա է վճարման անդորրագիրը)՝ մտածելով, որ Ճանապարհային ոստիկանության հետ այլեւս պարտք ու պահանջ չունի: Ակտը կազմել է Ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի տեսուչը: Չանցած մի քանի օր՝ Ճանապարհային ոստիկանությունից վարորդի նույն խախտման համար մեկ այլ ծանուցում է ուղարկվել՝ այս անգամ նույն խախտման չափը ֆիքսած 5000 դրամ: Պարզվել է՝ «OPEL»-ի վարորդի խախտումն արձանագրել է նաեւ Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում տեղադրված տեսախցիկը: Ուշագրավ է, որ նույն խախտման համար խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչ Սաթենիկ Մկրտչյանը գտել է, որ վարորդը պետք է տուգանվի  5000 դրամով: Ընդ որում, տեսուչ Մկրտչյանը խախտումը հիմնավորել է օրենքի նույն հոդվածով, ինչը՝ տեսուչ Ղազարյանն՝ իր կազմած ակտում:

Աշոտ Աբգարյանը այս բողոքով դիմել է Ճանապարհային ոստիկանությանը, որտեղից նրան ուղարկել են համապատասխան բաժնում դիմում գրելու: Վարորդի խոսքերով, եթե տեսախցիկն առկա է, ինչո՞ւ են մոտենում Ճանապարհային ոստիկանները կամ՝ եթե նրանք մոտենում են, տեսախցիկն ինչո՞ւ չի ֆիքսում, որ ճանապարհային ոստիկաններն արդեն տուգանեցին:

«Առավոտի» հետ զրույցում վարորդ Աբգարյանն ասաց. «Ինչո՞ւ չեն համադրում իրենց մոտ եղած տվյալները եւ նույն մարդուն նույն խախտման համար երկու անգամ տուգանում են: Գնում ես ապացուցելու, ասում են՝ դիմում գրի, բայց մինչեւ ուսումնասիրեն, պատասխանեն, իմ տուգանքը կդառնա կրկնակի՝ 10 հազար դրամ, եթե չմուծեմ: Կամ ո՞նց հասկանանք՝ տեսուչը տուգանում է 3 հազար դրամ, տեսախցիկը՝ 5000: Այսինքն՝ նույն խախտումը տարբե՞ր գին ունի»:

«Առավոտի» հարցին, թե նույն խախտման վերաբերյալ քաղաքացուն կրկնակի տուգանել են, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ վարորդը պետք է գնա  Ճանապարհային ոստիկանություն՝ դիմում գրի եւ տուգանքներից մեկնումեկը չեղյալ կհամարվի, բայց թե որ մեկը՝ 5000 դրամանոցը, թե 3 հազար դրամ ակտը, դեռ պարզ չէ:

PrevPhoto
NextPhoto

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031