Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորներն անտեսում են դասական կիթառը

Օգոստոս 14,2013 14:19

Կիթառը «անհիշելի» ժամանակներից հայերիս համար սիրված գործիք է: Դեռեւս խորհրդային տարիներին երաժշտական դպրոցներում բացվեցին կիթառի դասարաններ, իսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասական կիթառի ուսուցման սկիզբ դրվեց 1990-ականների սկզբից: Այսինքն՝ վստահաբար կարելի է փաստել, որ դասական կիթառի դպրոցը Հայաստանում «պատանի» է: Խորհրդային տարիներին դասական կիթառը մեզանում ասոցացվում էր Էդուարդ Բադալյանի անվան հետ, ով ժամանակին Մոսկվայում ուսանել էր Իվանով Կրոմսկոյի դասարանում:

Մինչ այսօր կա թյուր կարծիք, թե կիթառը իսպանական ժողովրդական գործիք է եւ հավանաբար դա է պատճառը, որ խորհրդային տարիներին ուսումնական հաստատություններում կիթառը ընդգրկված էր ժողովրդական նվագարանների բաժնում: Մինչդեռ կիթառի նախահայրն է եղել լյութնան, վիուելան (դեռեւս մ.թ.ա. 4-5 դդ.):

«Առավոտը» վերջին տարիներին երաժիշտներից մշտապես լսում է կիթառահար,  Երեւանի կոնսերվատորիայի  շրջանավարտ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանի անունը, որը ներկայումս ուսանում է Քյոլնում եւ նրա շնորհիվ տարբեր ժամանակներում մեզ մոտ հյուրախաղերի են եկել ու վարպետության դասեր անցկացրել այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպիսիք են բրազիլացի Ֆաբիանո Բորգեսը, ավստրիացի Յոնաս Կուբլիցկասը, հոլանդացի Ռոլֆ Ստրավերը եւ այլն: Երիտասարդ երաժշտի հետ  մինչ օրս մեր չհանդիպելու պատճառը նրա հազվադեպ, կարճաժամկետ (նաեւ համերգային) այցերն են հայրենիք:

Մեզ հետ զրույցում Ժորան նախ նշեց իր դասախոս Նունե Պողոսյանի անունը, հետո էլ հաստատեց, որ ինքն ուսանում է անվանի կիթառահար ու մանկավարժ Հյուբերտ Քեփըլի դասարանում, որը կիթառի նորագույն տեխնիկայի հիմնադիրներից է: Հավելեց նաեւ, որ թեեւ իր պրոֆեսորն արդեն պատկառելի տարիք ունի, սակայն Գերմանիայում, որտեղ առանց բացառության 65 տարեկանից անցնում են թոշակի, կառավարությունը Քեփըլի նկատմամբ բացառություն է արել՝ թույլատրելով աշխատել:

Մեր զրուցակցից խնդրեցինք պատճառաբանել մեծ թվով մրցույթների մասնակցելու իր նպատակը, մանավանդ որ նա հիմնականում շահել է Գրան պրի եւ առաջին մրցանակներ: Ժորան նախ հիշեց Կոմիտասի ծննդյան 140 եւ Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով Գյումրիում անցկացված մրցույթը, հայտնելով, որ դա Հայաստանում  անցկացված միակ մրցույթն է, որտեղ այլ գործիքների թվում ընդգրկված էր նաեւ կիթառը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ շատ ժամանակ կպահանջվի միայն իր մասնակցությամբ մրցույթների անունները նշելը ու առանձնացրեց  հատկապես Գերմանիայում՝ Կոբլենցում կայացած միջազգային մրցույթը, որտեղ ժյուրիի աշխատանքները ղեկավարել է իր պրոֆեսորը՝ Դեզինդերիոն, ինչը առիթ է հանդիսացել, որ անվանի երաժիշտը նկատի հայ կիթառահարին: «Մասնակցել եմ Գերմանիայում կիթառահարների ամենամեծ մրցույթ-փառատոնին, որտեղ ժյուրիի նախագահն էր իտալացի մեծանուն Դեզինդերիոն եւ դրանից հետո նա ինձ վարպետության դասերի հրավիրեց իր մոտ: Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ես զուգահեռաբար դասեր եմ առել Մոսկվայում՝ անվանի մանկավարժ Եվգենի Ֆինկիլշտեյնից»,- հայտնեց երաժիշտը:

Բազմաթիվ մրցույթների մասնակցելու նպատակն էլ, ըստ նրա, հետեւյալն է. «Դրանց շնորհիվ է, որ այսօր ես անդամ եմ եվրոպական եւ ամերիկյան 19 դասական կիթառահարների ասոցիացիայի, որոնք մինչ օրս կազմակերպել են մենահամերգներս Գերմանիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ Խորվաթիայում: 2011-ից էլ Հայաստանի կիթառահարների ասոցիացիայի նախագահն եմ ու հնարավորինս աջակցում եմ  դասական կիթառը Հայաստանում ճիշտ ներկայացնելուն: Դրանք արտահայտվում են թե՛ հյուրախաղորդ երաժիշտների եւ թե՛ նրանց կողմից անցկացվող վարպետության դասերով»:

Հետաքրքրվեցինք, թե արտերկրյա մենահամերգների ժամանակ հայ հեղինակ ներկայացնո՞ւմ է: Ժորա Սարգսյանը նախ հիշեց Բեթհովենի, Շուբերտի, Խաչատրյանի եւ մյուս մեծերի խոսքերը, թե ավելի հեշտ է գրել սիմֆոնիա կամ մեծակտավ այլ գործ, քան որեւէ երկ՝ սոլո կիթառի համար, հետո էլ հավելեց. «Երեւանում գտնվելու օրերին ցանկություն ունեմ հանդիպել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հետ: Նրա որոշ ստեղծագործությունների ձայնագրությունները լսել եմ: Գուցե ժամանակակից հայ կոմպոզիտորները Բեթհովենի եւ մյուսների օրինակով չեն ստեղծագործում կիթառի համար (ժպտում է-Ս.Դ.)… Կարծում եմ՝ դրա հիմնական պատճառն այն է, որ մինչ օրս չկա կիթառի համար, ավելի կոնկրետ՝ նրա տեխնիկական հնարավորությունների մասին եւ ոչ մի գրականություն: 20-րդ դարի անվանի կոմպոզիտորներ, իսպանացի Խոակի Ռոդրիգոն, մեքսիկացի Մանուել Պոնսեն, ամերիկացի Կաստելնուովո-Տադեսկուն եւ մյուսները կիթառի համար ստեղծագործել են միայն այս գործիքի հնարավորությունները ուսումնասիրելուց հետո»:

Այս տարի հայ կիթառահարը արժանացել է Խորվաթիայի նախագահ Իվո Ջոզիկովիչի մրցանակին, որը կիթառի մեծ սիրահար է եւ հովանավորում է կիթառահարներին, հետո էլ մասնակցել  Իտալիայում ավանդաբար անցկացվող  Պագանինիի մրցույթին, որն այս տարի անցկացվում էր միայն «Կիթառ» անվանակարգում (հաղթող է ճանաչվել նաեւ «Վիրտուոզ կատարում» անվանակարգում):

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031