Հասարակական տրանսպորտի ոլորտը միշտ եղել է բոլորի ուշադրության կենտրոնում։ Սակայն վերջինիս վրա մեր ուշադրությունն էլ ավելի սկսեց սևեռվել վերջերս հասարակական բուռն բողոքների շողքի տակ, որը շատերը կոչեցին «Երթուղային անհնազանդություն»։
Հուլիսի 22-ին հասարակական տրանսպորտի ոլորտի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Մենք պետք է առավել խիստ եւ հետեւողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաների ապահովման ուղղությամբ։ Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը»,- ասել էր նա։
Անցել է մոտավորապես 20 օր, սակայն սայլը տեղից շարժվել է, թե՝ ոչ, պարզել ենք սեփական փորձով:։ Շենգավիթ համայնքը Երևանի ամենաբնակեցված համայնքն է, և կարծես թե, տրամաբանորեն, պետք էր գոնե այստեղ փոքր-ինչ կարգավորել։
Որոշեցինք ժամը 21:00-ին հետևել Գարեգին Նժդեհի փողոցով երթևեկող երթուղայինների, ավտոբուսների և միկրոավտոբուսների չվացուցակին։
Կարդացեք նաև
Ըստ ՀՀ կառավարության 2011 թ. Դեկտեմբերի 22-ի նիստի N 50 արձանագրային որոշման՝ քաղաքներում ուղևորների կանգառներին մոտենալու ժամանակը չպետք է գերազանցի 10-15 րոպեն։
Ամենապարտաճանաչ տրանսպորտը, թերևս, 44 համարի միկրոավտոբուսն էր, որը կանգառին էր մոտենում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։ Նույն պարտաճանաչությամբ էին նաև իրենց գործն անում 8, 39, 61 և 89 համարի երթուղայինները։
Վիճակն այլ էր ավտոբուսների դեպքումԼ Չնայած որ Գարեգին Նժդեհ փողոցը, ընդհանուր առմամբ, սպասարկում է 7 ավտոբուս (15, 24, 32, 38, 53 և 54), այդ երեկոյան ժամը 21:00-ից 21:30-ը այդպես էլ ոչ մի ավտոբուս չերևաց հորիզոնում։ Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են քաղաքապետի խոստացած այդ ավտոբուսները։
«Առավոտ երիտասարդականը» փորձեց նաև պարզաբանումներ ստանալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից, որը սպասարկում է 32, 38, 53 և 54 երթուղիները: Ընկերության աշխատակիցները մեզ հետ հեռախոսազրույցում ասացին, որ իրենք որևէ իրավունք չունեն հարցերի պատասխանել, իսկ ինչ-ինչ հարցերի պատասխանները ստանալու համար կապվենք տնօրենի հետ։ Սակայն տնօրենին ուղղված մեզ զանգերը այդպես էլ մնացին անպատասխան։
Ոլորտի կարգավորման մասին քննարկումներն էլ ավելի են սրվում հիմնականում ուսումնական շրջանում։ Սարգիս Դավթյանը ուսանող է և «ավտոբուսների ուշացման» արդյունքում, եղել են դեպքեր, երբ նույնիսկ դասախոսություններից է ուշացել։ «Բավական հաճախ եմ առնչվում մեր քաղաքի տրանսպորտային անցուդարձին,- ասում է նա,- և պետք է ասեմ, որ ինձ մոտ «երթուղային» բառն ասոցացվում է սպասելու հետ։ Երևի թե յուրաքանչյուր իրեն «հարգող» երթուղային անպայման պետք է նախատեսված ժամանակից 8-10 րոպե ավել սպասեցնի իր ուղևորներին։ Սակայն ասել, թե մեր քաղաքում երթուղային «կարգապահությունը» սպասեցնելու տեսակետից կատաստրոֆիկ վատ վիճակում է, ճիշտ չի։ Բայց միշտ լինում են բացառություններ։ Եղել են դեպքեր, երբ 30 և նույնիսկ 40 րոպե եմ սպասել… բայց դրանք հատուկենտ դեպքեր են»։
Ըստ Սարգիսի՝ տրանսպորտի ամենաակներև թերություններն է պետք նախ և առաջ վերացնել՝ կանգնած ուղևորների անվերջանալի շարքեր, վարորդներից շատերի մոտ անարգալից վերաբերմունք ուղևորների նկատմամբ, որը երբեմն հարայհրոցների է վերածվում, հաճախ հանդիպող անսարք և խախուտ նստատեղեր։ Եվ չնայած այս ամենին, Սարգիսը համոզված է, որ բոլոր խնդիրներ էլ ի վերջո իրենց լուծումը կստանան։
Մոտավորապես երկու շաբաթից կսկսվեն ուսումնական օրերը, և եթե քաղաքապետարանը չի ցանկանում ևս մեկ բողոքի ալիք բարձրանա, շտապ պետք է կարգավորի ոլորտը՝ ուշացող ավտոբուսներից մինչև այդպես էլ չպատասխանող հեռախոսները։
Դաթո Աբուլաձե