Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քահանայի «երկխոսությունը» «Շողակաթի» հետ չի ստացվում

Օգոստոս 14,2013 14:01

Տեր Արմեն քահանա  Մելքոնյանը Հայ առաքելական եկեղեցու համացանցային քարոզիչ ու շրջիկ հոգեւոր սպասավոր է, ապրում է Եվրոպայում: Նա սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին:

– Տեր հայր, խնդրում եմ ներկայացնեք Ձեր գործունեությունը եւ մանրամասնեք, թե հատկապես ի՞նչն եք կարեւորում:

-Ես Հայ առաքելական եկեղեցւոյ ծառա եւ սպասաւոր քահանայ եմ, ապրում եմ Պէլկիայում եւ ծառայում որպէս այցելու հոգեւոր հովիւ սահմանամերձ երկրների՝ Հոլանդիա, Գերմանիա ու Ֆրանսիա: Խորհրդակատարութիւններից աւել կարեւորում եմ Քարոզխօսութիւնն ու մեր եկեղեցւոյ վարդապետութեան պաշտպանումը: Կազմակերպում եմ դասախօսութիւններ Պէլկիայի ու վերոյիշեալ երկրների մէջ, ինչպէս նաեւ փորձում եմ ժամանակ առ ժամանակ Հայաստան այցելել հոգեւոր եւ քարոզխօսական առաքելութեամբ, նկատելով հոգեւոր ծարաւը Հայաստանի մէջ, ինչպէս նաեւ ընդառաջելով Հայաստանում գտնւող մեր ֆէյսպուքեան ընկերների հրաւերներին ու խնդրանքներին: Անձնապէս կարծում եմ, որ իւրաքանչիւր հոգեւորական այս ժամանակաշրջաններում պէտք է կարեւորէ Քարոզչական պարտաւորութիւնը. Մեր Տէրը, երբ առաքեց իր աշակերտներին, ասեց՝ Աշակերտեցէք հետոյ մկրտեցէք: Ցաւ է պատճառում այսօր, երբ տեսնում են շատեր մկրտւում են առանց աշակերտուելու եւ սովորելու Քրիստոնեական հիմնական սկզբունքներն ու հաւատքը:

– Վատիկանը տարածում է Ձեր նյութերը, իսկ «Շողակաթ» հեռուստաընկերությունը կարծես  չի «նկատում»…

– Այո, խորքին մէջ դա էլ ինձ ցաւ է պատճառում: Ինչպէս նկատել եք արդէն, Վատիկանի կաթողիկէ եկեղեցւոյ պաշտոնական արբանեակային հեռուստատեսութիւնը՝ Telepacearmenia, արժեւորում ու գնահատում է իմ կատարած մեկնաբանութիւնները, ու շաբաթը երկու անգամ սփռում է մեր նիւթերը: Զանազան միջոցներով փորձել եմ կապ հաստատել «Շողակաթի» հետ, առաջարկելով համագործակցութիւն, սակայն անպատասխան մնացին իմ առաջարկները: Ճիշտ է, որ Հայաստանից շատեր հետեւում են մեր կայքէջին՝ www.fatherarmen.com, ու մեր ֆէյսպուքեան էջը՝ www.facebook.com/karozner  այսօր աւելի քան 11000 հետեւողներ ունի, սակայն բաւարար չեմ համարում, նկատելով, որ Հայաստանի միայն 10%-ն է օգտւում համացանցից: Յոյսով եմ, որ մի օր «Շողակաթն» էլ կը գնահատի ու մտահոգութիւն կը ցուցաբերէ մեր ժողովուրդի հոգեւոր ծարաւը առաւել եւս հագեցնելու:

– Հոգեւոր ծառայության ժամանակ կարեւո՞ր են, արդյոք, անձնազոհությունն ու էնտուզիազմը:

– Հոգեւոր ծառայութիւնն ինքնին անձնազոհութիւն պէտք է լինի: Եկեղեցականը պարտաւոր է իր անձը ուրանալ ու Քրիստոսին հետեւիլ, ինչպէս նաեւ պարտաւոր է իր հոտը սիրել աւելի քան իր հայրն ու մայրը: Մեր Տէրը Յիսուս Քրիստոս ասում է. «Ան որ հայր ու մայր, քոյր կամ եղբայր ինձանից աւել սիրէ նա ինձ արժանի չի»: Ձեռնադրութեան ժամանակ եկեղեցականը աղքատութեան ու ծառայութեան ուխտ է կատարում: Աւելին ասեմ, խորքին մէջ ծառայութիւնը յարգալից բառ է հայերէն Աստուածաշնչի մէջ: Այլ լեզուների մէջ այս բառը թարգմանւում է ստրուկներ: Հոգեւոր ծառան (եկեղեցականը) ձեռնադրութեան ժամանակ ափերը իր ականջների ետեւ դնելով՝ հրաժարւում է աշխարհից ու նրա բոլոր հաճոյքներից ու հարստութիւններից:

– Ինչպե՞ս հայ մարդուն կապել Հայ առաքելական եկեղեցու հետ, հոգեւորականը ինչպիսի՞ որակներ պետք է ունենա դրա համար:

– Ժամանակին շատ հեշտ էր հայ մարդը պահել եկեղեցու կողքին: Մեր ժողովուրդը պահպանողական էր, ու այսօրուան նման աղանդաւորներ չկային եկեղեցին սպառնացող, ինչպէս նաեւ ժողովուրդը բաւարարւում էր կիրակնօրիա քարոզներով ու մեկնաբանութիւններով: Սակայն այսօր լրիւ տարբեր է: Մենք գտնւում ենք տարբեր հրամայականների առջեւ: Մեր ժողովուրդի գլխին տարբեր աղբիւրներից տեղեկութիւնների ու ուսուցմունքների անձրեւներ են հոսում: Ու այդ պատճառով եկեղեցին այսօր իր ամենադժուարին ժամանակն է ապրում, քանի որ պատրաստուած չէր այս գիտութեան հեղափոխութեան որ սարսափելիօրէն ընդարձակուեց մանաւանդ վերջին 10 տարիներին: Այսօր մեր ժողովուրդը հարցերի հեղեղներ ունի, որոնց պատասխանը միայն հոգեւորականից են սպասում: Իսկ պատասխան չստանալու պարագայի, փորձում են այլ աղբիւրների դիմել, ու այդ պատճառով ընկնում են աղանդաւորականների ճիրանների մէջ, ու այդ պարագային եկեղեցու գործը աւելիով կը դժուարանայ նրանց հետ բերելու:

– Ձեր նման մտածող ի՞նչ հայ հոգեւորականների կնշեիք:

– Ինձ նման չեմ ուզեր ըսել, քանի որ ես ամենաանարժանն եմ: Սակայն վստահ եմ, որ ունենք եկեղեցական հայրեր, որոնց աղօթքներով ու բարեխօսութեամբ մեր եկեղեցին պահպանւում է մինչեւ այսօր: Սուրբ հոգին իւրաքանչիւրիս տալիս է մէկ Շնորհ՝ որը պարտաւոր ենք ծառայեցնել Աստուծոյ փառքին համար:

– Ո՞վ է հոգում Ձեր ծառայության ծախսերն ու աշխատակիցների վճարումները:

– Ես աշխատակիցներ չունեմ…Շնորհակալ եմ Աստուծմէ, որ ինձ բազմազան շնորհներ է պարգեւել: Բոլոր գործերը ես եմ անում, ես եմ նկարում ու ես եմ ծրագրաւորում ու տեղադրում համացանցում: Այլ խօսքով ծախսեր չունեմ՝ Աւետարանի խօսքերով ձրի եմ վերկալել Աստուծոյ խօսքը ու ձրի եմ տալիս:

– Ի՞նչ կհավելեիք ասվածին:

– Խնդրում եմ իւրաքանչիւր մի հաւատացեալ հայորդու, աղօթէք մեր եկեղեցականներիս համար ու եկեղեցւոյ անսասանութեան համար:

 

 Հարցազրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031