Օգոստոսի 8-ին Led Zeppelin-ի լեգենդար երգիչ Ռոբերտ Փլանթը պաշտոնապես ներխուժեց սոցիալական ցանցերի թվային դար՝ միանգամից գրանցվելով Twitter-ում, Instagram-ում եւ Google Plus-ում: Դրա հետ միաժամանակ, նոր տեսքով եւ ձևով վերագործարկվեց Փլանթի պաշտոնական ինտերնետային կայքը, որում այժմ տեղ կգտնեն նաեւ բացառիկ արխիվային նյութեր:
Twitter-ում գրանցվելուց հետո, 24 ժամերի ընթացքում Ռոբերտ Փլանթը երկրպագուների հետ «հարցուպատասխան» անցկացրեց եւ շատ արագ հավաքեց 25 հազարից ավելի հետեւորդ: Փլանթի առաջին գրառումը Twitter-ում ուղղակի ասում էր. «Գնացի՞նք» եւ ստորագրված էր՝ «ՌՊ»: Մինչդեռ առաջին եւ այս պահին միակ գրառումն Instagram-ում իրենից ներկայացնում է բեմի հետնամասից արված լուսանկար, այն պահին, երբ իր խումբը դուրս է եկել խոնարհվելու հանդիսատեսի առջեւ:
Twitter-ում Փլանթի (@robertplant) առաջին 25 հազար հետեւորդները անվճար բացառիկ ներբեռնման հնարավորություն կստանան՝ Ռոբերտ Փլանթի ներկայիս խմբի՝ Robert Plant Presents Sensational Space Shifters-ի՝ Led Zeppelin-ի What Is And What Should Never Be երգի կենդանի կատարումը, որը ձայնագրվել է նրանց 2012/2013 շրջագայության ժամանակ:
Հարցուպատասխանի առաջին հարցը տվել էր @spaceoddity2304 օգտատերը: Նա հարցնում էր. «Ո՞րն է ձեր կարիերայի ամենասիրված պահը կամ հիշողությունը», ինչին Փլանթը պատասխանել էր. «Իմ առաջին ձայնագրության թողարկումը 1966-ին»:
Նորացված ինտերնետային կայքը, որի վրա աշխատել է LoveLive ընկերությունը, այժմ կառաջարկի նյութեր Ռոբերտ Փլանթի անձնական արխիվից, որոնց թվում են՝ հինգ տասնամյակների ընթացքում տված հեռուստատեսային հարցազրույցներ, լուսանկարներ, հոդվածներ, համերգների երգացանկեր, շրջագայության անցաթղթեր, պաստառներ, տեսանյութեր, ինչպես նաեւ ալբոմների եւ համերգների մանրամասն ցանկ:
Բացի այդ, նորացված կայքում տեղ կգտնի նաեւ Ռոբերտ Փլանթի կողմից նկարահանված փաստագրական տեսաֆիլմերի շարք, որը պատմում է նրա՝ վերջերս Մալի կատարած ճանապարհորդության մասին: Դրանք կցուցադրվեն շաբաթական մեկական մաս պարբերականությամբ՝ 10 շաբաթների ընթացքում, ավելի ուշ այս տարի:
Ավելի վաղ LoveLive-ի անձնակազմը այսպես էր նկարագրել Ռոբերտ Փլանթի հետ աշխատելու փորձը, ինչպես նաև մոտեցումները, որոնք օգտագործվել են կայքին նոր ձեւ հաղորդելու ընթացքում. «Մենք ուրախ ենք Ռոբերտի և նրա թիմի հետ համագործակցելու եւ որպես նրա թվային մասնագետներ ընտրված լինելու համար: Ռոբերտը չափազանց ուշադիր է եղել եւ ամբողջապես ներգրավված է եղել գործընթացի մեջ, ու մեր համատեղ թվային և սոցիալական ռազմավարությունը, եթե չնշենք որսը տեսադարանում, հնարավորություն կտա երկրպագուներին ամբողջ աշխարհում հաղորդակցվելու Ռոբերտի հետ այնպես, ինչպես մինչ այդ երբևէ հնարավոր չի եղել: Մենք փորձում ենք երկրպագուներին տրամադրել սպառիչ հաղորդակցման փորձ երաժշտության ամենակարևոր արտիստներից մեկի համար և մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կբացենք դարպասները»:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ