Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինի այցը Ադրբեջան ամենահաջողվածներից չէր

Օգոստոս 14,2013 12:02

Դժվար է միանշանակ գնահատել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցը ռուս-ադրբեջանական մերձեցմանը որքանով նպաստեց: Դատելով ռուսաստանյան մամուլի համեստ ու զուսպ արձագանքից, կարելի է եզրակացնել, որ Պուտինի այցը Ադրբեջան ամենահաջողվածներից համարելը չափազանցություն կլինի:

Հայտնի է, որ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտին առնչվող, ինչպես նաեւ քննարկվել են Կասպից ծովի իրավական ռեժիմին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր, Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդունել են մինչեւ 2015-ը հումանիտար ոլորտում համագործակցության ծրագիր, որը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները, պայմանավորվածություն են ձեռք բերել Սամուր գետի վրայով երկու երկրները կապող կամուրջ կառուցել՝ սահմանին: Նշանակալի կարելի է համարել՝ «Роснефть»-ի եւ ադրբեջանական «SOCAR»-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը՝ նավթի մատակարարման պայմանների շուրջ: Այս ամենը վկայում է այն մասին, որ ՌԴ-ի համար Ադրբեջանը շարունակում է դիտարկվել, որպես ազդեցիկ երկիր՝ էներգետիկ, տնտեսական համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

Սակայն ռուսական պատվիրակության այն տպավորիչ կազմի եւ նախօրոք առկա սպասումներին ֆոնին, իհարկե, այդ այցը մի տեսակ պրոտոկոլային դարձավ:  Իհարկե, Ադրբեջանի իշխանությունները այս այցը կարող են  օգտագործել նախագահական ընտրություններից առաջ որպես կարեւոր հանգամանք՝ տարածաշրջանում Ադրբեջանի հետ հաշվի նստելու առումով:

Հնչում են տեսակետներ, թե Պուտինի այցը նաեւ նպատակ ուներ Հայաստանի նկատմամբ «հոգեբանական ճնշում» գործադրելու: Հնարավոր է, որ կա նաեւ այդ հանգամանքը, սակայն ռուսական կողմից դա միակը «ճնշումը» չէր: Մոսկվայի կողմից «հոգեբանական ճնշումներ» բավական արդեն իսկ գործադրվել են՝ Ադրբեջանին ռուսական հարձակողական զենքի վաճառքով, որը ինչպես երեկ պարզվեց, ոչ թե երեք, այլ չորս միլիարդ դոլարի է հասնում:

Պուտինի այցը ռուս-ադրբեջանական հարաբերություններում հերթական վերելքն է՝ որոշակի սառեցումից հետո: Սակայն այդ այցը, թերեւս պետք է դիտարկել տարածաշրջանային գործընթացների առումով: Հայաստանն ու Վրաստանը նախատեսում են ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին եւ որքան էլ հնչեն տեսակետներ, թե Մոսկվային դա դուր չի գալիս, եւ բնական է, որ դուր չի գալիս, այնուամենայնիվ դրան դիմակայելու Մոսկվայի ռեսուրսները սահմանափակված են: Այո՛, Հայաստանում ռուսական ազդեցության փորձագետները դեռ երկու-երեք ամիս մամլո ասուլիսներ հրավիրելու համար թեմա կունենան եւ դեռ կշարունակեն փրկել Հայաստանը Եվրոպայի «ճանկերից», բայց բոլորը, նույնիսկ ռուսներն են հասկանում, որ այդ մակարդակով ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը հակազդելն, ուղղակի, անհեթեթ է:

Հայաստանի իշխանություններն էլ առայժմ Ասոցացման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, գոնե հրապարակային ելույթներով, շարունակում են պնդել, ինչը դրական փաստ է: Օրերս commonspace.eu-ի թղթակից Ջոզեֆ Ուրսոյի հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսելով ԵՄ Ասոցացման պայմանագրի եւ Խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտու համաձայնագրի ու Մաքսային միության միջեւ ընտրության մասին՝ նկատել էր՝ «Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը»։ Միաժամանակ նա շեշտել էր, որ ՌԴ-ն գտնվում է Հայաստանի անվտանգության ոլորտում, այն դեպքում, երբ Ասոցացման համաձայնագիրը՝ տնտեսական ոլորտում․ «Սա չի հակասում մեկը մյուսին։ Անվտանգության առումով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ անդամ ենք։ Սակայն մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ ՀԱՊԿ անդամներից միայն Հայաստանն է ՆԱՏՕ-ի կազմում աշխարհի տարբեր մասեր իր խաղաղապահ ուժերն ուղարկել։ Սակայն մենք երբեք չենք ասել, որ ցանկանում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք»։

Այլ կերպ ասած, հոգեբանական ճնշումներն էլ լինելով ինչ-որ առումով հասկանալի, միեւնույն է, չեն կարող ունենալ այն արդյունքն ու ազդեցությունը, որը ենթադրաբար ռուսական կողմի համար ցանկալի կլիներ: Հայաստանը դեռ շարունակվում է համարվել Ռուսաստանի «ռազմավարական դաշնակիցը», ռուսական ռազմաբազաները գտնվում են Հայաստանի տարածքում եւ վերջին ամիսներին Մոսկվայի քաղաքականության նկատմամբ հասարակության մոտ ձեւավորված որոշակի տրամադրությունների առիթով ռուսական կողմը չի կարող անտեսել: Այսինքն, Հայաստանի հետ սուր առճակատման գնալու մղումներն էլ սահմանափակ են:

Ամբողջ հարցը նրանում է, թե Հայաստանը այսուհետեւ կկարողանա՞ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով․․․ Թերեւս հենց այս վտանգն է զգում Մոսկվան եւ բոլոր «հոգեբանական ճնշումները» այդ միտումը կանխելուն են ուղղված:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031