Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո այդպես էլ որեւէ հայտարարություն չեղավ առաջիկայում թեկուզ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին։ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում անդրադառնակով ղարաբաղյան հակամարտությանը՝ Վլադիմիր Պուտինն ընդամենն ասաց. «Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»։ Ընդ որում, Պուտինի այս հայտարարությունը հետեւեց հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքները «օկուպացնելու» մասին Ալիեւի երկարաշունչ ելույթին։
Լավ է դա, թե վատ, արդյոք Պուտինը հենց Բաքվում պետք է Ղարաբաղի հարցով որեւէ նոր բան ասեր, թե նման զարգացումների պետք է սպասել առաջիկայում, դժվար է միանշանակ ասել։
Սակայն այն, որ ՌԴ նախագահի այցն ինքնին սովորական չէր՝ ոչ պատվիրակության կազմի, ոչ ստորագրված համաձայնագրի, ոչ էլ առհասարակ՝ նրա ելույթում տեղ գտած շեշտադրումների առումով, կասկածից դուրս է։ «Ադրբեջանը Ռուսաստանի հին, ավանդական եւ հուսալի գործընկերն է»՝ ընդգծեց Պուտինը՝ հատկապես շեշտադրումն անելով հուսալի բառի վրա։ Գուցե թե ձայնային ինտոնացիան կամ այս կամ այն բառի վրա արված շեշտադրումները պետք չէ հարկ եղածից ավելի կարեւորել, սակայն, երբ խոսքը գնում է այդպես էլ Հայաստան ոտք չդրած Ռուսաստանի նախագահի մասին, այդ ամենը, թերեւս, որոշակի նշանակություն է ձեռք բերում։
Չի կարելի չնկատել նաեւ Պուտինի օգտագործած «քաղաքական միջոցներով» արտահայտությունը։ Սովորաբար Ղարաբաղի հարցի վերաբերյալ գերտերությունների ղեկավարներն օգտագործում են՝ «խնդիրը պետք է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի» ձեւակերպումը, մինչդեռ Պուտինը գերադասում է քաղաքական միջոցներ արտահայտությունը, որը, թեեւ նույնպես նշանակում է ոչ պատերազմական եղանակով սակայն, այդուամենայնիվ որոշակիորեն տարբեր է «խաղաղ ճանապարհով» եզրույթից։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում