Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիայի (ԹԸՖ) նախագահ Համզա Յերլիկայան պաշտպանել է Լոնդոնի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Ռիզա Քայաալփին, որին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) որակազրկել է վեց ամսով հայերին վիրավորելու համար: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Յերլիկայան ասել է, որ որակազրկման որոշումն «անօրինական է» և եթե ՖԻԼԱ-ն իրենց չընդառաջի, խոստացել է հարցը լուծել արբիտրաժային մարզական դատարանով:
Յերլիկայան ակնարկել է, որ իրենք պատրաստում են վիճարկել, որ ըմբիշի Թվիթերի էջում հայտնված վիրավորական գրառումները Քայաալփը չի արել:
Հունիսին Թվիթերում @rizakayaalpriza հաշիվը Գեզի զբոսայգու ցուցարարներին մեղադրել էր` «փողոցները հանձնում եք հայերին», ինչպես նաև «հայերը տոնակատարություն են անում»` տեսնելով Թուրքիայում հակակառավարական ցույցերը: Նրա գրառումներում առկա էին նաև հայհոյանքներ, իսկ «Ըրաունդ դը ռինգս» պարբերականը գրել էր, որ նկատի ունենալով ցուցարարներին ըմբիշը գրել էր «Սրանք հայ եւ հույն շներն են»:
Կարդացեք նաև
Աղմուկ բարձրանալուց հետո գրառումները ջնջվել էին, սակայն Քայաալփը խոստովանել էր, որ այդ գրառումներն ինքն է արել` «Անադոլու» լրատվական գործակալությանը ասելով, որ իրեն «սխալ են հասկացել» և որ նա նկատի է ունեցել այն ցուցարարներին, որոնք հրդեհելով և կոտրելով էին զբաղված ցույցերին:
«Մեր տղան ոչ մի ռասիստական արտահայտություն չի արել», – ասել է Յերլիկայան, -«Ինչ-որ գրառումներ են արվել երկրորդ կամ երրորդ անձի կողմից: Դա էլ հաստատված չէ»:
Քայաալփը նաև նվաճել է աշխարհի 2011թ. չեմպիոնի կոչումը և երեք անգամ` Եվրոպայի, իսկ այս որակազրկման պատճառով չի կարող մասնակցել սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ