Օգոստոսի 18-ին Շամշադինում` Սորայի այգում, տեղի կունենա Շամշադինի մեղրի՝ թվով երկրորդ փառատոնը, որը կանցկացվի «Տավուշի հոգեւոր վերածնունդ» եւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների աջակցությամբ: Այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում ասաց «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը, կարեւորելով` երկրի սահմանամերձ տարածքների զարգացումը. «Սա շատ կարեւոր է, քանի որ վերջին շրջանում Տավուշը, եւ հատկապես Շամշադինի շրջանը հիշատակվում են այն ժամանակ, երբ կրակահերթեր են լինում»,- ասաց Չոբանյանը, հավելելով, որ փառատոնի նպատակն է` ցույց տալ այդ տարածաշրջանի բավականին հարուստ հոգեւոր եւ ֆիզիկական ուժը, բնության գեղեցկությունը, մարդկային ռեսուրսները, որը հետաքրքիր կլինի ներդրումների, զբոսաշրջության եւ տարաբնույթ ծրագրերի իրականացման համար:
Ըստ նրա` մարզը հարուստ է կուսական անտառներով, ուստի մեծ հեռանկարներ կան մեղվաբուծության զարգացման եւ տարածման համար, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում մթերքների` հատապտուղների եւ մրգերի մշակման գործում. «Փառատոնի նպատակը փառատոնը չէ: Փառատոնը գործիք է: Մեր նպատակը փառատոնը անցկացնելը չէ, մեր նպատակն է ցույց տալու տարածաշրջանում առկա ներուժը»,-ընդգծեց նա:
Փառատոնի ընթացքում կլինի ավանդական երգ ու պար, ինչպես նաեւ ավանդական ուտեստներ:
Փառատոնին աջակցում է նաեւ Հայաստանում Նորվեգիայի հյուպատոսարանը: «Արդեն 12 տարի է այցելում եմ Շամշադին եւ համարում եմ Երեւանից հետո երկրորդ տունը: Բնությունից սկսած վերջացրած մարդկանցից շատ լավ է եւ այնտեղ կա մեծ ռեսուրս, որը պետք է օգտագործվի: Շատ կարեւոր է, փառատոնի միջոցով ուշադրություն դարձնենք տարածաշրջանի վրա: Տարածաշրջանը հարուստ է ներուժով, բայց զարգացած չէ»,-ասաց Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը:
Կարդացեք նաև
Բանախոսների խոսքով` իրենք պատրաստ են իրենց հարկի տակ ընդունել անգամ 10 հազար մարդ, հույս հայտնելով, որ այս տարի ավելի շատ այցելուներ կլինեն, քան նախորդ տարի էր, չդժգոհելով` նախորդ տարվա արդյունքներից:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ