Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանում գերեվարված զինծառայողի հարազատները չեն ճանաչել իրենց որդուն. «Անճանաչելի էր»

Օգոստոս 13,2013 18:15

Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իրենց Հակոբին:

«Ինքը շատ վախեցած, ընկճված էր, վատ էր, անճանաչելի: Ոնց որ ուզում էր թաքցնել վախը, բայց չէր կարողանում»,- Aravot.am-ին պատմեց Հակոբի հորեղբոր տղան` Արման Ինջիղուլյանը:

Նա ասաց, որ իրենց տպավորությամբ, եղբոր նկատմամբ այնտեղ բռնություններ են կիրառվել. «Համազգեստի թեւերը պետք է ծալված լինեին, բայց հարցազրույցի ժամանակ թեւերը ծալված չէին, ամբողջությամբ փակ էին, կարճաթեւով չէր: Հենց դա էլ կասկած է հարուցել, որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ մարմնին կապտուկներ կան: Աչքի տակի կապտուկն էլ է, կարծում եմ այնտեղ արվել, տեսանյութում երեւում էր, բայց ակնհայտ էր նաեւ, որ լավ գրիմ էին արել: Ու բացի դա, այդ ամենը շոու էր, ու երեխեն ստիպված խոսում էր»:

Տեսանյութում գերեվարված զինծառայողը պատմում էր, որ զորամասում հրամանատարի հետ խնդիրներ է ունեցել, վերջինս հարվածել է աչքին: Արման Ինջիղուլյանից հետաքրքրվեցինք, իրենք ե՞րբ են վերջին անգամ Հակոբի հետ խոսել եւ արդյոք Հակոբը պատմե՞լ էր իր եւ հրամանատարի հետ ունեցած խնդիրների մասին. «Դեպքից մի օր առաջ Հակոբի հարազատ եղբայրն է հետը խոսել, Հակոբն ասել է` ամեն ինչ լավ է, ծառայությունը նորմալ է անցնում ու հաջորդ օրը նրան պետք է տանեին դիրքեր: Ինձ թվում է` հրամանատարի հետ խնդիրներ չկան, ուղղակի բան էր, ասաց, ստիպել էին, ասում էր: Ադրբեջանական սահմանին ոչ թե ինքն էր հայտնվել, այլ առեւանգել էին, տարել»:

Հակոբ Ինջիղուլյանը մեկ տարի 2 ամսվա զինծառայող է, ու Արման Ինջիղուլյանի խոսքերով, «Եթե խնդիր ունենար, ոչ թե կգնար Ադրբեջան, այլ կգար Երեւան»:

Նա, հաշվի առնելով նախորդ դեպքը, երբ Ադրբեջանում գերեւարված հովիվը հարցազրույցից հետո ինքնասպան եղավ, մտավախություն ունի նույն սցենարի կրկնության մասին. «Վախ է ներշնչում: Մարդիկ են եղել, որ գերի ընկնելուց հետո հետ են եկել ու 15 օր հետո ինքնասպան են եղել»:

Նա նաեւ դժգոհեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքից. «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, բայց Կարմիր խաչը դեռ սպասում է, բայց կարծում եմ` կարող էր ստիպել, որ գործընթացն արագացված կարգով լիներ»:

Իրենց դժգոհությունը Կարմիր խաչի աշխատանքից հայտնելու համար էլ, այսօր Հակոբի հարազատները Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031