Օգոստոսի 16-ին նախատեսված մի խումբ տաքսիստների ավտոերթը 10 օրով հետաձգվում է: Տաքսիստները տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը կպահանջեն օգոստոսի 26-ին, ժամը 12-ին` Հանրապետության հրապարակում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը (լուսանկարում). «Չենք ուզում գնանք Բեգլարյանի հրաժարականը պահանջելու, շենքի հավաքարարը իջնի մեզ պատասխանի: Այնպես պետք է անենք, որ բոլորը ներկա լինեն»:
Վարորդների պաշտպանն ասաց, որ տաքսիստների բողոքի ակցիայի երթուղին չի փոխվել` Էրեբունու թանգարանից ավտոմեքենաներով, մոտ 2000 տաքսիստ շարժվելու է դեպի Հանրապետության հրապարակ: Երթին մասնակցելու են, թե’ դեղին եւ թե’ սպիտակ պետհամարանիշեր ունեցող տաքսու վարորդները:
«Սպիտակն էլ, դեղինն էլ բացարձակ կարգավիճակ չունեն, բոլորս գրդոնչի ենք, այո ոլորտը լրիվ գրդոնի է վերածվել, օրինապաշտը հավասարվել է այդ ոլորտում աշխատող մշակույթ չունեցող քրեական տարրերին»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ