Քիչ առաջ հայաստանցի 74 կգ ըմբիշ Կարապետ Չալյանը միավորների 8:4 տարբերությամբ հաղթեց ռուսաստանցի Բեքհան Օզդոեւին եւ մտավ Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
Կարապետը հաղթանակը ձեռք բերեց անչափ համառ պայքարում: Առաջին մրցափուլից հետո նա 0:4 հաշվով զիջում էր մրցակցին, սակայն ընդմիջումից հետո ութ անպատասխան միավոր վաստակեց` Օզդոեւին զրկելով հաջողություն ակնկալելու բոլոր հույսերից:
Աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում Կարապետ Չալյանը մրցելու է ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի հետ, որը առաջին իսկ մրցափուլում բացահայտ առավելությամբ պարտության մատնեց ադրբեջանցի Ջեյհան Ալիեւին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ