Քաղաքապետարանի առջեւ նստացույց անող 3 երիտասարդները այսօր 37.5-38 աստիճան ջերմություն ունեն եւ խնդրել են քաղաքապետարանին թույլ տալ, որ հովանոց տեղադրեն, քանի որ արեւահարվում են: Առայժմ նրանք սպասում են քաղաքապետարանի որոշմանը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իմանալով, որ տղաները ջերմում են՝ ասաց. «Եթե ջերմություն ունեք, ես ձեզ առաջարկում եմ իմ մեքենայով մոտակա բուժհիմնարկ գնալ»: Նրա հետ զրուցող ակտիվիստը՝ Վահագն Մինասյանը հրաժարվեց Օսիպյանի ծառայություններից՝ ասելով, որ սպասում են քաղաքապետարանի արձագանքին:
Aravot.am-ը մինչ հովանոցի տեղադրումը քաղաքապետարանի դիմաց պարոն Օսիպյանից հետաքրքրվեց՝ եթե մինչեւ քաղաքապետարանի թույլտվությունը ակտիվիստները փորձեն տեղադրել այն, դուք նորից հին մեթոդներով՝ բռնի ուժով փորձելու եք խոչընդոտե՞լ՝ նա պատասխանեց. «Ոստիկանությունը բռնի ուժ չի գործադրում, օրենքի սահմաններում ուժ է կիրառում, որը կարգավորվում է ոստիկանության ծառայության մասին օրենքով: Իսկ վրանի կամ հովանոցների հետ կապված կներեք, բայց դուք էսքան ժամանակ չհասկացաք, որ ոստիկանությունը կապ չունի դրա հետ: Հարգելիներս, ոստիկանությունը հետապնդում է միայն մի խնդիր՝ հասարակական կարգի պահպանում, անվտանգության ապահովում»:
Մեր դիտարկմանը, որ Դուք դրանով մարդու իրավունքներն եք ոտնահարում, միջազգային օրենքներով նստացույց անող մարդն իրավունք ունի գոնե 1 վրան տեղադրել՝ փոխոստիկանապետը պատասխանեց, որ տղաներին հորդորել է խնդրանքով, որ դիմեն լիազոր մարմնին, ստանան թույլտվություն. «Ես ինքս, նաեւ ոստիկանները կօգնենք տեղադրել վրանը կամ հովանոցը: Բայց մյուս դեպքում, եթե չկա այդ թույլտվությունը, մենք թույլ չենք տալու, քանի որ չի բխում օրենքից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ