Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 7 տարվա ընդմիջումից հետո այցելեց Բաքու: Aravot.am -ի հետ զրույցում՝ թե ինչ նպատակներ է հետապնդում այդ այցը, ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, կամ ի՞նչ սպասելիքներ ունենանք, մանավանդ, որ շուտով ասոցացման համաձայնագիր ենք ստորագրելու, ինչի հետ կապված նկատելի է Ռուսաստանի հակահայկական վերաբերմունքն ու ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցումը, հարցին պատասխանելով՝ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ասաց. «Վերջին շրջանում Ռուսաստանի վերապահումներով վերաբերմունքը պրոեկցիա է լինում Հայաստանի վրա: Բոլորս գիտենք, որ Սերժ Սարգսյանը նույնպես հրավիրել էր Պուտինին Երեւան, բայց Պուտինը նախընտրեց գնալ մեր հակառակորդի մոտ: Բավականին ցուցադրական էր այդ այցը:
Առհասարակ ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը հասցրեց իր պաշտոնավարման ընթացքում փչացնել հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի հետ, եւ ոչ միայն փակուղի մտցնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը, ընդ որում այնպիսի փակուղի, որից ելքերը ոչ մեկին չեն երեւում՝ այլեւ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա արդեն նոր նվաճում է Սերժ Սարգսյանի համար, ցավալի իրադարձություն է: Եվ նա միակ պատասխանատուն է, ղեկավարը, որը կարողացավ 20 տարի շարունակ իրականացվող քաղաքականությունը՝ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ, երբ մենք հաջողացնում էինք վերընթաց հարաբերություններ ունենալ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, նաեւ նույնպիսի դրական ֆոն ստեղծել Ռուսաստանի հետ՝ հաջողացրեց փչացնել այս ավանդույթը, քաղաքականությունը եւ հիմա Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած»:
Հաջորդ հարցին էլ՝ ռուս-ադրբեջանական մերձեցումը որքանո՞վ կարող է վտանգավոր լինել մեզ համար ու ինչպե՞ս դա կարտահայտվի, պարոն Կարապետյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ խմորումներ կունենա, բայց այն որ բալանսը խախտվել է, բալանսավորված հարաբերությունները այլեւս չկան, որը հիմնադրվել էր տարբեր ղեկավարների, ԱԳ նախարարների կողմից:
Վլադիմիր Կարապետյանը գտնում է՝ «Փակ դռների հետեւում կարող են ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնք չեն բխում մեր շահերից եւ կա մտավախություն, որ նմանատիպ զրույց կունենան Ալիեւն ու Պուտինը: Ինչպես՝ արջը յոթը երգ ունի, յոթն էլ մեղրի մասին է, նույն էլ՝ Ալիեւի բոլոր յոթը երգերն են Ղարաբաղի մասին: Ռուսական կողմն էլ է հաստատել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունենալու հետեւաբար, առաջիկայում միայն հնարավոր կլինի տեղեկանալ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բաքվում»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ