«Քրեական գործում նման եզրակացություն, փաստաթուղթ չկա, որով հաստատվել է, թե իմ պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը դեպքի ժամանակ եղել է թմրանյութի ազդեցության տակ: Սուտ է: Եթե որեւէ մեկը ինձ նման եզրակացություն ցույց տա, կհրաժարվեմ Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ տեղեկություններ են տարածվել, թե փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դեպքի ժամանակ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք, այսինքն` փորձաքննության եզրակացությամբ հերքվե՞լ է, որ Տիգրան Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ է եղել դեպքի ժամանակ, նա պատասխանեց. «Այդ հարցին չեմ պատասխանում: Նման բան չկա եզրակացության մեջ, որ թմրանյութի ազդեցության տակ է եղել, բառերի մանիպուլյացիա է»:
Պարոն Սահակյանը նաեւ դժգոհեց դեպքի վայրը զննած քննիչի գործողություններից. «Արձանագրությունը անգրագետ է գրված: Պետք է տեսածը հերթականությամբ նկարագրեր, բայց բացի շարադրանքից, դեպքի վայրից առգրավված ոչ մի իր տարածքի նկատմամբ կապ չի տվել, պետք է կոորդինացվեր, կապվեր անշարժ առարկաների հետ»:
Կարդացեք նաև
Նա նաեւ չցանկացավ ասել, թե քննիչի անկազմակերպ արձանագրությունը որքանո՞վ է ազդել գործի քննության վրա. «Այս հարցին չեմ պատասխանի այս պահին, բայց ինձ համար խնդիր չկա, որովհետեւ դեպքի վայրի զննության հետ կապված ես ամեն ինչ վերականգնել եմ: Պարզապես մեկ ուրիշը կարող էր շահարկել»:
Փաստաբանից հետաքրքրվեցինք, քննիչի վատ աշխատանքը կա՞պ ունի Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդության հետ, որով նա պահանջել է Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հայտնաբերված գնդակի հետքերի կրկնակի փորձաքննություն նշանակել, պարոն Սահակյանը ոչ մի կապ չտեսավ եւ չցանկացավ մեկնաբանել պարոն Ալումյանի միջնորդության նպատակահարմարությունը:
Հայկ Ալումյանը լրատվամիջոցների հետ զրույցում, չէր բացառել, որ քննիչի կողմից դեպքի վայրը զննելուց հետո` մինչեւ փորձաքննություն կատարելը , դեպքի վայրի նշված հատվածում փոփոխություններ տեղի ունեցած լինեն: Պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք նման մտավախություն ինքն ունի՞. «Հնարավոր է, որ քննիչն ամեն ինչ կեղծ է արել, բայց որպեսզի նման հայտարարություն անեմ, պետք է հիմքեր ունենամ, հնարավոր է բառը իրավաբանական կատեգորիա չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ