Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիզադե. «Ալիևը Սարգսյանից ավելի հաջողակ է Պուտինի աջակցությունը ստանալու հարցում»

Օգոստոս 13,2013 16:43

«Ազատություն» ռադիոկայան. Բաքվեցի քաղաքագետների կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա աշխատանքային այցի հիմնական նպատակը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Իլհամ Ալիևին հստակ աջակցություն ցուցաբերելն է:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն այսօր նկատում էր․ – «Սա Իլհամ Ալիևի թախանձագին խնդրանքի կատարումն է: Ադրբեջանի նախագահը Պուտինին խնդրել է, որպեսզի նա ժամանի Բաքու և ի ցույց դնի, որ որևէ խնդիր նրանց միջև գոյություն չունի, որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի ներկա վարչակազմին»:

Սա, ըստ Ալիզադեի, նորմալ երևույթ է Հարավային Կովկասի համար՝ «թերևս բացառությամբ Վրաստանի»:

«Սերժ Սարգսյանն էլ շատ էր ցանկանում Պուտինին Երևան բերել` հայկական էլիտային ցույց տալու համար, որ իրեն Մոսկվայում աջակցում են: Ի տարբերություն Իլհամ Ալիևի՝ Սերժ Սարգսյանին դա չհաջողվեց: Ի վերջո, Իլհամ Ալիևը ավելի շատ ռեսուրսներ ունի: Իլհամ Ալիևը մեկօրյա այցով Մոսկվայում էր և կարողացավ համոզել Պուտինին՝ ժամանել Բաքու և հրապարակային աջակցություն ցուցաբերել իրեն», – նշում է ադրբեջանցի վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ Երևանից պարբերաբար հնչող մտավախությունները, թե ռուս – ադրբեջանական մերձեցումը կարող է ինչ-որ կերպ փոխել ուժերի հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղում, հիմնազուրկ են:

«Հայաստանը կարող է հանգիստ լինել: Ղարաբաղյան խնդրի ներկա չկարգավորված վիճակը ձեռնտու է Ռուսաստանի իշխանություններին, քանի որ դա Հարավային Կովկասի վրա ազդեցության ազդեցիկ մի գործիք է: Հարավային Կովկասի կորուստը կարող է մեխանիկորեն հանգեցնել Հյուսիսային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը: Առանց այդ էլ այնտեղ իրավիճակը այնքան էլ հանդարտ չէ», – ասում է Զարդուշտ Ալիզադեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031