Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային հարաբերական լարվածություն, որը մինչև ադրբեջանական ընտրություններ մեծանալո՞ւ է

Օգոստոս 13,2013 16:33

«Ցավոք, նմանատիպ լարվածությունը տրամաբանական է՝ հաշվի առնելով գալիք նախագահական ընտրությունները Ադրբեջանում և դրանց ընթացքում սպասվելիք զանգվածային ընտրակեղծիքների թեմայից ուշադրությունը շեղելու անհրաժեշտությունը»,-Aravot.am-ի հարցին՝ հայ-ադրբեջանական սահմանի վերջին շրջանի ողբերգական միջադեպերն արդյոք վկայո՞ւմ են նոր լարվածության հասունացման մասին, այսպես պատասխանեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանը (լուսանկարում):

Շարունակելով խոսքը` նա նշեց. «Եվ շատ մեծ է հավանականությունը, որ ինչքան մոտ ընտրություններին, այնքան լարվածությունը մեծանալու է։ Ենթադրում եմ, որ հայ զինվորականները դա շատ լավ գիտակցում են ու համապատասխան միջոցներ են ձեռնարկում»։

«Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն ասվածը հարաբերական է: Նա մանրամասնում է. «Հաստատված զինադադարից ի վեր այն հիմնականում պահպանվել է, սակայն հաճախ փոխվել է դրա աստիճանական ֆորմացիան: Ուշագրավ է, որ վերջին շրջանում սահմանում հակառակորդի ակտիվացումները որոշակի զուգահեռականում են հայտնվում տարածաշրջանային նշանակության զարգացումների հետ: Օրինակ, որքան էլ, որ զարմանալի է, սակայն փաստ է, որ վերջին տարիներին արձանագրված՝ հակառակորդի հնչեղ ակտիվացումները, ժամանակային առումով, գրեթե համընկել են տարածաշրջան ԵԱՀԿ համանախագահների, ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ նախագահի այցելություններին»:

Ադրբեջանական կողմի ուղերձներին անդրադառնալով էլ պարոն Ափինյանը նկատեց.«Թե ինչ մեսիջներ է ուղարկում թորշոմաընթաց շիզոֆրենիայով տառապող Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը` առողջ բանականության համար անպատիվ է մեկնաբանել, սակայն մի բան ակնհայտ է, որ հակառակորդի նմանաբովանդակ ակտիվացումները երբեւէ անպատիժ չեն մնացել: Ի լրումն վերոգրյալի նշեմ, որ հայկական ստորաբաժանումների կողմից իրականացված պատժիչ գործողությունները մշտապես եղել են ասիմետրիկ, իսկ մարտարվեստի տեսանկյունից գրագետ ու քաջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ azad-hye.net-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել