23-ամյա Գայանեն ապագա քաղաքագետ է, ներկայումս աշխատում է որպես լրագրող: Նա նաև ժողովրդական պարուհու կոչում ունի: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Գայանեն պատմեց արվեստի և երկու մասնագիտությունների բնագավառում անցած ուղու մասին՝ նշելով, եթե արվեստը առկա է մարդու հոգում, այն երբեք չի մեռնի, այդ իսկ պատճառով էլ տարվել է կրթությամբ: Նա ինքն իրեն բնորոշում է այսպես. «Ես շատ ինքնաքննադատ եմ, երբեք իմ արած գործը չեմ հավանում, ինչքան էլ որ ասեն, թե լավ է: Շուտ հիասթափվող եմ, շատ պեսիմիստ եմ: Բայց եթե ինչ-որ նպատակ եմ իմ առջև դնում, չնայած դժվարություններին, անպայման հասնում եմ: Նաև շատ էմոցիոնալ եմ, օրինակ՝ այսօր 23 տարեկան եմ դառնում, հուզվում եմ»:
Գայանեն սկսել է պարել 5 տարեկանից, հաճախել է «Տարոն գեղագիտական կենտրոն» ` ժողովրդկան և դասական պարերի բաժին: 7-ամյա կուրսն ավարտելուց հետո ընդունվել է նույն կենտրոնի անսամբլ, որտեղ սովորել է շուրջ երեք տարի: Հարցին, թե ում ցանկությամբ հաճախել պարի՝ ինքնակա՞մ, թե՞ ծնողների ցանկությամբ, Գայանեն պատասխանում է. «Այն ժամանակ ընդունված էր, որ ծնողներն իրենց երեխաներին տանում էին ինչ-որ խմբակ, տղաները սովորաբար գնում էին սպորտի, աղջիկները ՝ պարի»: Հարցին, թե ինչու է ընտրել հենց ժողովրդական պարերը, Գայանեն պատասխանում է. «Մայրս ազգագրագետ է և պատմաբան, երևի նրանից է հայրենաիրությունը փոխանցվել, ես ինքս եմ ընտրել ժողովրդական պարերը, որովհետև շատ եմ սիրում մեր ավանդական ամեն ինչը»:
Նա նշում է՝ ամենատպավորիչը առաջին ելույթն էր. «Առաջին համերգիս ժամանակ 6 տարեկան էի: Ելույթս «Հայորդաց տանն» էր: Հիշում եմ՝ կանգնած էի ամենավերջում, որովհետև շատ կոլոտ էի, հետագայում պարելիս սկսեցի կանգնել մեջտեղում (ժպտում է-հեղ.)»: Հավելում է. «Այլ է, երբ դու առաջին անգամ ես բեմում և այլ է, երբ դու վերջին անգամ ես պարում. ամբողջ անցյալդ, պարային ուղիդ աչքիդ առաջ է, տարիներ, որ երբեք չես կարող ետ բերել»:
Գայանեն նաև ասում է՝ պարելիս ամեն անգամ երաժշտության մեջ ներդնում էր հոգին: Խոստովանում է՝ շատ էր հուզվում փորձերի ժամանակ, սակայն բեմ դուրս գալուն պես հուզմունքը դադարում էր. «Բեմում դու պիտի կարողանաս քեզ այնպես դրսևորել, որ ոչ մեկ չտեսնի քո հուզմունքը: Մարդիկ տեսնում են՝ դու ինչ կերպարով ես հանդես գալիս՝ տխուր ես, թե ուրախ: Բայց դու պետք է այնպես պարես, որ մարդիկ հաճույք ստանան քո պարից»:
Կարդացեք նաև
Տասը տարի պարելուց և ժողովրդական պարուհու կոչում ստանալուց հետո Գայանեն թողնում է պարը. «Պարը նման է ֆուտբոլի, երեսուն տարեկանից հետո դու լավ մարզավիճակում չես գտնվում, հնարավոր է վնասվածքներ ստանաս, իսկ տվյալ պարագայում քեզ մնում է միայն ուսուցիչ աշխատել, որը լավ վարձատրվող աշխատանք չէ: Ես սկսեցի մտածել կրթությանս մասին, կարծում եմ ՝ մարդ պետք է իր ինտելեկտուալ կողմը զարգացնի, եթե արվեստը մարդու մեջ կա, այն երբեք չի մեռնի»:
Գայանեն ընտրեց քաղաքագետի մասնագիտությունը. «Քանի որ ընտանիքումս բազմակողմանի զարգացած մարդիկ կան՝ տնտեսագետ, պատմաբան, բժիշկ, ես էլ որոշեցի տարբերվող մասնագիտություն ընտրել»: Նա նշում է ՝ քաղաքագետի մասնագիտությունը օգնում է նաև առօրյա կյանքում. «Քաղաքագետ լինելով՝ դու կարողանում ես վերլուծել իրավիճակը, թե դիմացինդ ինչ կերպ է իրեն դրսևորում…Նույնիսկ պարզ մարդկային հարաբերություններում մարդիկ խառնում են քաղաքականությունը»: Գայանեն, սակայն, իրեն լավ մասանգետ չի համարում, ասում է, որ դեռ սովորելու մեծ ճամփա ունի: Ըստ նրա՝ Հայաստանում այս մասանգիտությունը նոր-նոր է զարգացում ապրում, հայ քաղաքագետներից առանձնացնում է Նարեկ Գալստյանին, Հրանտ Մելիք -Շահնազարյանին, ովքեր նրա դասախոսներն են: Ըստ Գայանեի՝ իրեն ավելի շատ հոգեհարազատ է արտաքին քաղաքականությունը. «Ինձ համար դա ավելի հետաքրքիր է, Հայաստանում դու փոքր-ինչ զրկված ես ազատ խոսքի հնարավորությունից, բացի այդ՝ քո հայրենիքին վերաբերող հարցերում դու չես կարող օբյեկտիվ գնահատական տալ»: Հարցին, թե ինչպես ստացվեց, որ նա մուտք գործեց նաև ժուռնալիստիկայի ասպարեզ, Գայանեն պատասխանում է. «Հայաստանյան պայմաններոմ աշխատանք գտնելը շատ դժվար է, ես էլ որոշեցի իմ ուժերը փորձել լրագրության ոլորտում: Քաղաքագիտությունն ու լրագրությունը իրարից հեռու չեն»: Իսկ այն հարցին, թե որն է ավելի հեշտ՝ լինել լրագրող, թե՝ քաղաքագետ, Գայանեն պատասխանում է. «Ես ինձ լրագրող չեմ համարում, որովհետև սովորելու շատ բան ունեմ, բայց պիտի ասեմ, որ երկու մասնագիտություններն էլ պատասխանատվություն են պահանջում, որովհետև երկուսի դեպքում էլ ամեն մի տառասխալ, ամեն մի բառ որոշիչ կարող է լինել»:
Հարցին, թե արվեստն ինչ դեր ունի այս երկու մասնագիտությունների հարցում, նա պատասխանում է. «Լրագրությունն էլ է արվեստ ՝ խոսքը, նյութը ճիշտ մատուցելու արվեստ»:
Ծննդյան առթիվ Գայանեն ինքն իրեն մաղթում է հետևյալը. «Ուզում եմ՝ կողքիս միշտ լինեն այն մարդիկ, ում շատ եմ սիրում՝ հատկապես մամաս, իմ մաման ինձ համար ամեն ինչ է, առանց նրա ես ինձ չեմ պատկերացնում»:
«Առավոտ երիտասարդականը» ևս շնորհավորում է նրան և միանում նրա բարեմաղթանքներին:
Նազենի Բաղդասարյան