Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակների գործով ևս 3 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Օգոստոս 13,2013 15:59

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ևս մեկ դրվագով` «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով 3 անձի վերաբերյալ նախաքննությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադևոսյանը, պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Ալեքսանյանի, Ս. Սարհատյանի և Վ.Գրիգորյանի հետ, յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն։

Մասնավորապես՝ Գ. Թադևոսյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչ-վճարողները պարզել են տևական ժամանակով կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև` իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:

Ըստ քրեական գործի նյութերի՝ 2009թ. մայիսից 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարային ցուցակներում կեղծելով դիտարկված կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են  կենսաթոշակի գումարները և Գ. Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Է. Ալեքսանյանին և Ս.Սարհատյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով` համաներման ակտի ընդունման հիմքով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031