Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներ. «Արդյոք Վարդան Հովհաննիսյանը մեր այն նույն մարտական ընկե՞րն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք»

Օգոստոս 13,2013 15:37

Վերջին օրերին որոշ լրատվական կայքեր հրապարակել են հետախույզ-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի  հոդվածները Հայկական բանակի մասին, ուր տեղ են գտել նրա՝ սպայակազմի հասցեին ուղղված մեղադրանքները, կասկածներ՝ Հայոց բանակի մարտունակության մասին:

Այս հրապարակումները մեծ վրդովմունք են առաջացրել նրա հետ նույն զորամասերում կռված մի շարք ազատամարտիկների շրջանում: Նրանք համոզված են, որ Վարդան Հովհաննիսյանը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, իսկ հետո ծառայության է անցել զինված ուժերում, իրավունք չուներ այդպես արտահայտվել բանակի, նրա մարտունակության և Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին:

Վարդան Հովհաննիսյանի հայտնած կարծիքների հետ իրենց անհամաձայնությունը հայտնելու համար մեզ հետ հանդիպեցին նախկին կամավորականներ, այսօր՝ քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ աստիճանի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը, պահեստի գնդապետ Հենրիկ Աբաջյանը, փոխգնդապետ Արթուր Ջիվանշիրյանը և պահեստի փոխգնդապետ Արտուշ Բալյանը: Նրանց խոսքն առանց որևէ միջամտության ներկայացնում ենք ընթերցողի դատին:

Վարդան Հովհաննիսյանի հոդվածներից մեկում կա մի այսպիսի միտք. «Պատերազմը վերսկսվելու դեպքում Հայաստանը պարտվելու է, քանի որ հայ զինվորը պատրաստ չէ կրկնել ազատամարտիկների հերոսությունները, իսկ Հայկական բանակի գեներալներն ի վիճակի չեն լինելու «դասալիքների» փախուստի դեմն առնել…»:

– Մենք Վարդանին անձամբ ճանաչում ենք: Նա եղել է Հատուկ գնդի կազմում, այնուհետև` 5-րդ առանձին կամավորական մոտոհրաձգային բրիգադում: Հարգում ենք Վարդանին որպես ազատամարտիկ, որպես անհատականություն, ու ազնիվ մարդ: Սակայն նրա ձևակերպումներն այլ կերպ չես մեկնաբանի, քան իրարամերժ, տրամաբանությունից զուրկ ու ծայրահեղական:

Ցավով ենք ասում, բայց Վարդանի գրածները լոկ անիմաստ բառակույտ են, որոնք որևէ աղերս չունեն այն իրականության հետ, որը կոչվում է Արցախյան ազատամարտ: Իսկ այդ իրականությունն այն պատերազմն էր, որը մենք կռվեցինք ու ի վերջո` հաղթեցինք:

Եվ հիշենք մի պարզ բան. մեր լավ ընկեր Վարդանը շուրջ 15 տարի կտրված է Հայկական բանակից, նրա ապրած զարգացումներից և զինված ուժերի մասին մեր զինակից ընկերոջ պատկերացումներն, այսօր, ցավոք, կազմված են միայն էլեկտրոնային կայքերում հրապարակված կցկտուր նյութերից կամ բանակից նեղացած ինչ-որ մարդկանց խոսքերից, ինչն անընդունելի է մեզ համար:

Վարդանը ո՞րտեղից է քաղել այս «փաստերը»: Եթե նա գոնե մի փոքր տեղեկացված լիներ Հայոց բանակի մասին, ապա այս ոճով չէր խոսի: Հայկական բանակի զինվորն այսօր ավելի առնական է, ավելի կազմակերպված է, ավելի ապահովված է և վերջապես ավելի զինված է: Բանակում ստեղծված են բոլոր պայմանները զինվորի կենսագործունեության, նրա մարտական պատրաստության բարելավման համար: Հայ զինվորը ամուր կանգնած է մեր սահմաններում: Դա են վկայում ադրբեջանական բանակի բոլոր ձախողված ոտնձգությունները:

Այսօր կան զորամասեր, զորամիավորումներ, և բոլորը խստիվ ենթարկվում են օրենքին: Ջոկատների ժամանակ, եթե նրանց հրամանատարները կամ մարտիկներն ասում էին, թե չեն ուզում այստեղ կամ այնտեղ կռվել կամ գնում պտտվում էին մերձռազմաճակատային գծերում և հետ էին դառնում հերոսների անուն վաստակած, ապա այժմ իրավիճակը բոլորովին այլ է և երբեք էլ այդպես չի լինի: Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր խնդիրը, կատարում ու կատարելու է այն և կան օրենքներ, որոնց միջոցով այդ ամենը վերահսկվում է: Այսպիսով, այն միտքը, որ հայկական բանակի գեներալները ի վիճակի չեն լինի «դասալիքների» փախուստի դեմն առնել, ինքնին լուրջ չէ:

– Մեկ այլ հրապարակման մեջ Վ. Հովհաննիսյանը գրել է, թե հայկական կողմը համոզում է, որ ղարաբաղյան պատերազմին մասնակցել են մոտ 150.000 հայորդիներ, իսկ իրականում այդ թիվը չի գերազանցում նույնիսկ 5.000-ը: Դուք նույնպես Արցախյան ազատամարտի մասնակիցներ եք. Ձեր կարծիքով ինչքա՞ն մարդ է մասնակցել պատերազմին:

– Վարդանն ուղղակի չի կարող 5.000-ի մասին խոսել, քանի որ միայն այն առաջին երկու զորամասերում, որտեղ ծառայել է նա, առնվազն երկու անգամ ավելի մարդ էր կռվում: Սա ասում ենք մենք, մարդիկ, ովքեր տիրապետում են բավական ինֆորմացիայի այդ երկու զորամասերի մասին:

Մենք իհարկե չենք ասում, որ 150.000 մարդ է մասնակցել պատերազմին, բայց այդ թիվը երբեք և ոչ ոք չի ասել: Դա հորինված թիվ է:

– Իսկ ճի՞շտ են այն պնդումները, թե այսօր հայտնվում են մարդիկ, ովքեր պատերազմի տարիներին լինելով թիկունքային ծառայությունում, Ղարաբաղի տեղն անգամ չիմանալով` այժմ չգիտես թե որ «սխրագործությունների» համար գնդապետի կոչում և պետական պարգևներ են ստանում:

– Չմոռանանք, որ պատերազմն արդեն 19 տարի է, ինչ ավարտվել է և կան զինվորականներ, ովքեր պատերազմից անմիջապես հետո են մտել բանակ և արդեն 19 տարի է բարեխղճորեն ծառայում են Հայկական բանակում: Նրանք ավարտել են ռազմական ինստիտուտներ, ակադեմիաներ, զինվորական տարբեր պաշտոններ են զբաղեցրել, ղեկավարում են մարտական հերթապահությունն ու սահմանների պաշտպանությունը և ինչո՞ւ չպետք է գնդապետի կոչում ու մարտական պարգևներ ստանան: Ո՞վ է ասել, որ միայն պատերազմով անցած մարդիկ պետք է գնդապետի կոչում ստանան, իսկ ո՞վ է ասել, որ հիմա խաղաղություն է: Եկեք միմյանցից տարբերենք զինադադարն ու խաղաղությունը:

Այս հարցադրումը, թե ինչո՞ւ են նրանք պարգև ստանում, մեղմ ասած, արդարացի չէ:

Համոզված ենք, որ եթե Վարդանը մնար բանակում և ստանար զինվորական կրթություն, այսօր բարձր պաշտոնների հասած կլիներ, բազմաթիվ մեդալներ, գուցե նույնիսկ գնդապետի կոչում կունենար:

– Վարդան Հովհաննիսյանը գրել է, թե պաշտպանության նախարարը մենակ է մնացել և նա շրջապատված է մարդկանցով, որոնք չեն թողնում նրան ազատ գործել: Եվ մի պաշտպանության նախարարով ոչինչ չես փոխի. մեկ նախարար` հազար պրոբլեմ: Ըստ նրա` նախարարը ոչնչից տեղյակ չէ, անգամ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր ընդունարանում:

– Այսօր բանակի բոլոր ստորաբաժանումներում, բոլոր կառույցներում, պաշտպանության նախարարության բոլոր վարչություններում բարձր պրոֆեսիոնալներ են ծառայում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց մեջ հավանաբար ամենապրոֆեսիոնալն է, անցել է կուրսանտից մինչև պաշտպանության նախարար ընկած երկար ու դժվարին ճանապարհը, այդ թվում նաև պատերազմական ամբողջ ժամանակահատվածը: Իր անձնական ունակությունների և ՊՆ աշխատակազմի լավ աշխատանքի շնորհիվ Ս. Օհանյանը ամբողջությամբ տիրապետում է բանակում տիրող իրավիճակին:

Եթե Վարդանն ու ոմանք կարծում են, թե պաշտպանության նախարարը մենակ է մնացել, ապա մեզ բոլորիս մեղադրում են այն բանում, որ մենք հայրենասեր չենք, չենք կատարում մեր պարտականությունները, լավ չենք աշխատում: Գոնե ճանաչելով իր ընկերներին, նա չպետք է այդպիսի բան ասեր: Նրա այս որակումները ստիպում են, որ մենք մտածենք, թե արդյո՞ք նա մեր այն նույն մարտական ընկերն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք:

– Իր երկրորդ հրապարակման մեջ նա նաև գրել է, որ Վազգեն Սարգսյանի ամենամոտ զինակիցներից մեկը խոստովանել է, որ 1992թ. տարածքային կորուստներից հետո Վազգենը արդեն սկսել էր ազատամարտիկների հանդեպ ատելություն դրսևորել և այդ էր պատճառը, որ շատ հարցերում նա հենվում էր ներքին գործերի իր զինակիցների վրա, և ոչ թե ազատամարտիկների: Արդյոք կարո՞ղ էր Վազգեն Սարգսյանի ամենամոտ զինակից ընկերը նման բան ասել:

– Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը եթե այդպես է արտահայտվում Սպարապետի մասին, ուրեմն նա չգիտի, չի ճանաչում Վազգեն Սարգսյանին: Ինչպե՞ս կարող էր Վազգենը կորցնել վստահությունն իր հրամանատարների, ազատամարտիկների նկատմամբ: Վազգենը նրանց համար մնաց սրբություն, սրտակից ընկեր, հրամանատար: Իսկ եթե ինչ-որ մեկը այդպիսի բան է ասել, ապա նա չէր կարող Վազգենի ամենամոտ զինակիցներից մեկը լինել: Դա ուղղակի սրիկայություն է, և նրանք, ովքեր դիպչում են Սպարապետի հիշատակին, սրբապիղծներ են:

Մենք ուղղակի կոչ ենք անում Վարդան Հովհաննիսյանին, որ նա ուշքի գա, սթափվի, հասկանա, թե ինչ է անում և, եթե նկատում է ինչ-որ խնդիրներ, ապա թող հետ վերադառնա Հայաստան, միանա մեզ և թող փորձի իր հնարավորություններով օգտակար լինել բանակի ամրապնդման գործընթացին:

 Հարցազրույցը վարեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Spartak says:

    Այո, բանակի հասցեին արատավոր յուրաքանչյուր խոսք համարվում է դավաճանություն:Լավ , էլի՛,սա արտահայտությո՞ւն է՝ ,,…նախարարը չգիտի,թե ինչ է կատարվում իր ընդունարանում,,: Այսպես կգրի միայն թուրքացած հայը, ազգի տականքը, այն մարդը, ով ուզում է, որ օր առաջ Արցախը հանձնվի ազերիներին:Ես էլ չեմ հավատում, որ գրողը ազատամարտիկ է: ՊՆ-ից դուրս շպրտված մեկը կլինի:

  2. dyadyur says:

    Ինչպես երևում է Վ.Հովհաննիսյանի մարտական ընկերների արձագանքներից,լա՛վ էլ ազատամարտիկ է եղել,լա՛վ էլ կռված տղա է:Պետք չի իսկույն պիտակներ կպցնել:Ավելի հակված եմ կարծելու,որ սրտացավ տղա է և զգոնության կոչ է անում:Ինչպես միշտ,փոխանակ հարցի մեջ խորանալու, ,,վրա եք տվել,,:Եթե հետախույզ-ազատամարտիկը իրավունք չունի զգոնության կոչ անելու,բա էլ ով?? ունի:

  3. Վարդան says:

    Հատուկ Ձեզ համար։ Ես հենց այն ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանն եմ որը 2012 ին գրել էր այդ հոդվածը։ հիմա 2023 թվականն է կորցրեցինք Արցախը ու հիմա գուցե հասկանաք ինչի մասին էր խոսքը։ Կցանկանայի նայել հիմա իմ մարտական ընկերների աչքերի մեջ ու հարցնել, “Պարոն սպաներ այդ ինչպես եղավ, որ ձեր ասած տարածաշրջանի հզոր բանակը պարտվեց” Ես գիտեմ պատասխանը, մնում է դուք հասկանանք։ Կցանկանայի ցավակցություն հայտնել իմ ընկերոջը Ֆելիքս Պետրոսյանին, եթե նա ինձ համարում է ընկեր, նա 44 օրյա պատերազմի ժամանակ կորցրել է որդուն, Ցավում եմ կորուստի համար։ Մենք բոլորս ենք մեղավոր, չնայած ես մեղավոր չեմ համեմատ մյուսների, ինքս փորձել եմ բազմաթիվ անգամ կանխել եկող աղետը, բայց ապարդյուն։ Այս հոդվածը գրողը եթե նորմալ լրագրող լիներ նախ ինձնից պետք է հարցազրույց վերցներ։ Ասեմ որ ցավոք սրտի ավելի մեծ աղետ է սպասում, սա կանխատեսում չէ այլ զգուշացում։ Հարգանքներով ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյան 4,10.2023

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031