Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական շփման գծում նոր լարվածությո՞ւն է հասունանում

Օգոստոս 13,2013 15:19

Վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է: Օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր, զոհեր կան ադրբեջանական կողմից:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց՝ շփման գծում միջադեպերը արդյոք խոսո՞ւմ են նոր լարվածության հասունացման մասին: Պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Չի կարելի բացառել, որ այդ լարվածությունը կապված է Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետ, իրենց՝ ադրբեջանական հռետորաբանությունն ավելի ամրապնդելու, ինչպես նաև եվրաինտեգրման գործընթացներին խոչընդոտելու ինչ-ինչ ուժերի ցանկության հետ: Հայկական կողմի պատասխանը պիտի համարժեք լինի: Ամեն դեպքում իրավիճակը մտահոգիչ է, քանի որ այդ ամենի արդյունքում կարող են նոր զոհեր լինել: Մենք միշտ նշել ենք, որ այսօրվա վիճակը արդյունք է մեր իշխանությունների անհետևողական քաղաքականության, ազգային շահերը չհետապնդելու և սեփական իշխանությունը երկարաձգելու ուղղությամբ:

Միջազգային հանրությունը ևս կիրառում է երկակի ստանդարտներ. դա վերաբերում է համանախագահող երկրներին նաև, երբ փորձ է արվում երկու կողմերին դնել նույն հարթության վրա՝ չնայած հրադադարի խախտողը միշտ ադրբեջանական կողմն է»:

Hovhannes-Sahakyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նույն հարցի կապակցությամբ մեզ հետ զրույցում նշեց սահմանային միջադեպերի գոյության մի քանի պատճառներ. «Սադրանքը ադրբեջանական կողմից է: Ալիևը պիտի իր կլանով վերականգնվի և վերարտադրվի, ու նախորդ երկու ընտրություններում իր հիմնական խաղաքարտը ղարաբաղյան հակամարտությունն էր, հարցի ռազմական ճանապարհով կարգավորումը: Իրենց ամենամեծ զորավարժությունը՝ շքերթը, դրա վառ ապացույցն էր, թե իրենք ուժեղ են, իրենց բանակն այդքան զենք ունի: Ալիևի մյուս խնդիրը նավթադոլարները լեգիտիմացնելն է, որ ժողովուրդը տեսնի, որ այսքան նավթից ստացած գումարը բանակի վրա են ծախսում»:

Պարոն Սահակյանը ադրբեջանական կողմին կոչ արեց աչքերն ավելի լայն բացել ու հավելեց. «Իրենք և մենք առնվազն վստահ ենք, որ եթե վայրկյան անգամ իրենք այդ կարողությունն ունենան, որ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծեն, իրենք դա կանեն: Սակայն Ալիևի լեգիտիմությունն ու ժողովրդի մեջ նրա նկատմամբ վստահությունն այնքան ցածր է, որ նմանատիպ ցանկացած գործողության ժամանակ թեկուզ աշխարհի ամենահզոր զենք-զինամթերքին տիրապետեն, պարտվելու են:

Մյուս կողմից էլ՝ գլոբալիզացման ակտիվ փուլում փորձում են որոշակի խնդիրներ լուծել: Բազմիցս հայտարարությունների և քայլերի տեսքով փորձում են ներգրավվել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մեջ: Սակայն աշխարհը, այն գերտերությունները, որ զբաղվում են այդ խնդրով, բազմիցս նշել են, որ խնդրի կարգավորման ֆորմատը Մինսկի համանախագահների ֆորմատն է՝ խաղաղ կարգավորման ֆորմատը, որը մեզ համար ընդունելի է: Բայց հրահրված որևէ պատերազմ անպատասխան չի մնա»:

Հովհաննես Սահակյանը փաստեց, որ մենք որևէ անգամ չենք հրահրել ու չենք հրահրելու պատերազմ և որևէ քայլ չենք կատարում, որը կտանի նրան, որ սահմանում լինի ակտիվություն ու սադրանք: Ու որպես ապացույց նշեց այն, որ հայկական կողմը եկավ համաձայնության, որ դիպուկահարները շփման գծից հետ քաշվեն, իսկ Ադրբեջանը նույնիսկ իր խոսքն ու ստորագրությունը չպաշտպանեց:

Մեր հարցին՝ սահմանային վերջին միջադեպերը վկայո՞ւմ են այն մասին, որ նոր լարվածություն է հասունանում, պարոն Սահակյանն այսպես պատասխանեց. «Այն լարվածությունը, որ ադրբեջանական կողմն է պարտադրում սահմանում, բոլորն են տեսնում: Լարվածությանը մենք տալիս ենք արժանի հակահարված, որ իրենք էլ հասկանան, որ այդպիսի սադրանքով 21-րդ դարում երկար առաջ չես գնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Այ ՀՀԿ-ականներ, ընտրություններ կեղծելիս առաջինն եք, իսկ պատերազմի ժամանակ հույսներդ դրել եք որ Ալիևին միջազգային ատյանները կպատժեն, կամ էլ կհավաքվեք ու առնետների նման կփախչեք մեր Հայաստանից: Ու շատ լավ կլիներ որ օր առաջ փախչեիք մեր հայրենիքն էլ ազատվեր ձեզանից: Ամեն մեկդ դարձել եք սուտ հռետոր, բայց ոչ երկրի ներսում եք մի բան, ոչ էլ դրսում / ուր են մեծախոս Աշոտյանը, Ավագյանը և սրանց նման մյուսները, այ ………………../: Մեր երեխեքը զոհվեն, իսկ դուք շարունակեք լափել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031