Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Aravot.am-ին ասաց, որ ժամեր առաջ քաղաքապետարանի առջեւից ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստ Միհրան Մելքոնյանը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ:
«Նա կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, թե կոնկրետ ինչ հանցագործություն արդեն չեմ կարող ասել»,- ասաց պարոն Օսիպյանը:
Նա ասաց` չգիտի, թե այս պահին ոստիկանության որ բաժանմունքում է ակտիվիստը, որովհետեւ. «Օպերատիվ հետախուզության աշխատակիցներն են այդ միջոցառումը իրականացրել, դիմեք լրատվական ծառայություն»:
Նա բացառեց, որ ակտիվիստին բերման ենթարկելը կապված լինի քաղաքացիական ակտիվության հետ ու զարմացավ ակտիվիստների ասածներից, թե Միհրանը նախորդ ազատազրկման ժամկետից շուտ է ազատվել` իր լավ վարքի համար. «Հարգելիս, ինչ վարքի համար, ես ձեզ ասում եմ, որ նրան ոստիկանություն են ներկայացրել հանցագործության կատարման կասկածանքով, ինչ լավ վարքի մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Ոստիկանության լրատվական ծառայությունից այս պահին ակտիվիստի գտնվելու վայրի կամ բերման ենթարկելու հանգամանքների ու պատճառների մասին տեղեկատվություն չեն տրամադրում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ