Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. «Եթե հայկական կողմը չդիմի կտրուկ քայլերի, ադրբեջանական կողմը ուղղակի կլկտիանա»

Օգոստոս 13,2013 14:29

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանում էր պետական սահմանին ադրբեջանական բանակի կողմից զինադադարի խախտման պատճառները:

Պարոն Ջամալյանը հայտնեց, որ Ադրբեջանը պարբերաբար, քաղաքական եւ քարոզչական նպատակներով սրում է իրավիճակը պետական սահմանին մինչեւ այն պահը, երբ որոշակի հանգամանքներ հետ են մղում նրան:

Նրա կարծիքով, միակ եւ հիմնական հանգամանքը հայկական կողմն է, որը կտրուկ քայլերի միջոցով հետ է պահում Ադրբեջանական կողմին ավելի առաջ գալուց. «Հերթական անգամ մենք համոզվեցինք նրանում, որ եթե հայկական կողմի ռեակցիան լինում է կտրուկ, թշնամին մի որոշ ժամանակ դադարեցնում է իր ագրեսիվ պահվածքը պետական սահմանին: Տեղեկություններ են տարածվել, որ երեկվա տվյալներով, ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ՝ եթե մենք ունենք 4 վիրավոր, ապա իրենք ունեն 5 սպանված»: Ջամալյանը հայտնում է, որ այս վերջին դեպքից հետո, կրկին լարվածությունը սահմանին մեղմացել է:

Պրն Ջամալյանի կարծիքով պատահական չի կարելի համարել այն զուգադիպությունը, որ թե՛ այս տարի, եւ թե՛ անցած տարի սահմանին ապակայունացման ժամանակը համընկավ Ադրբեջանի եւ Ամերիկայի միջեւ բանակցություններ կատարելու ժամանակահատվածի հետ. «Անցյալ տարի հայ-ադրբեջանական սահմանում կրկին խախտվեց հրադադարի ռեժիմը, որը համընկավ ԱՄՆ պետքարտուղարի Ադրբեջանի տարածաշրջան այցի հետ, եւ հիմա էլ ապակայունացման հերթական փուլը համընկավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի հետ»:

Դավիթ Ջամալյանը, այս գործընթացը համարելով ոչ պատահական եւ միտումնավոր, մի քանի հանգամանքներ է առաջ քաշում, որոնք ձեռնտու են ադրբեջանական կողմի համար. «Հակված եմ կարծել, որ ադրբեջանական կողմը ամերիկյան կողմի հետ հանդիպելուց առաջ ապակայունացնում է իրավիճակը պետական սահմանին, հնչեցնում է իր սպառնալիքները, քանի որ բանակցությունների ընթացքում դա փորձում է օգտագործել որպես խաղաքարտ՝ ամերիկյան կողմից ինչ որ բան կորզելու համար» :

Պրն Ջամալյանը նաեւ կարծում է, որ նման քայլ ձեռնարկելու համար ավելի հավանական տարբերակ է հանդիսանում այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը փորձում է ստուգել ամերիկյան կողմի ռեակցիան իր կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ. «Ադրբեջանական կողմի համար շատ կարեւոր է շոշափել ու հասկանալ ամերիկյան կողմի ռեակցիան ապակայունացման հետ կապված խնդրում»:

Խոսելով Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններից՝ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ ալիեւյան կլանը փորձելու է առաջնագծում իրավիճակը սրելը օգտագործել իբրեւ ներքաղաքական պայքարի միջոց: Հանրությունը իր շուրջ համախմբելով՝ նա կարող է ավելի ընդգծել հայի հանդեպ թշնամանքը. «Հիմա, երբ մոտենում են Ադրբեջանի նախագահական ընտրությունները, հատկապես տարվա վերջին, ապակայունացման ալիքը սպասելի է »,- հայտնում է պրն Ջամալյանը: Միեւնույն ժամանակ նա կարծում է, որ նախընտրական շրջանում Ադրբեջանը չի գնա արկածախնդրության եւ չի սկսի պատերազմ:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031