«Գործընթացը գնում է, որեւէ նորություն դեռ չկա: Օրենքի տառին համապատասխան մենք դիմումը ներկայացրել ենք: Դիմումում պարտադիր պետք է նշվի հիմնադիր համագումարի օրն ու վայրը, այդ ամենը հանձնված է: Գործընթացը ավարտին կհասցվի, համագումարից առաջ կներկայացվեն կուսակցությանն անդամագրված մարդկանց տվյալները, այնպես, ինչպես օրենքն է պահանջում եւ ըստ այդմ կգրանցվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցությունը վերագրանցելու նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Դիմումում հիմնադիր համագումարի նախնական օր է նշված սեպտեմբերի 14-ը: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, ՀՀՇ-ի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հետո, նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը նախաձեռնեցին ՀՀՇ-ն վերագրանցելու գործընթաց:
Դրանից հետո, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով լրատվամիջոցներին ՀՀՇ անվանումը օգտագործել միայն իր ղեկավարած հկ-ի դեպքում, քանի որ, ըստ նրա, ՀՀՇ անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ին եւ գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից:
Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանը մեկ անգամ եւս նկատեց, որ ՀՀՇ կուսակցության գրանցման որեւէ խոչընդոտ իրենք չեն տեսնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ