Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «լրջանալու պահը»

Օգոստոս 13,2013 13:50

Հայերի նկատմամբ ՌԴ-ում ճնշումները նոր որակ են ստանում

Երեկ 1in.am լրատվական կայքը տեղեկացրեց, որ ՌԴ-ում անօրինական միգրանտների դեմ պայքարի շրջանակներում ՌԴ-ից արտաքսվում են նաեւ մարդիկ, ովքեր ապրելու կամ աշխատելու իրավունք ունեն: Մասնավորաբար, մի քանի օր առաջ Կալուգայից Հայաստան է արտաքսվել 70 հայ, ովքեր աշխատում են տեղաբնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբոր՝ հայ գործարար Սամվել Կարապետյանի՝ Կալուգայում գտնվող տարբեր օբյեկտներում: Ավելի վաղ հայ վարորդի՝ Հրաչյա Հարությունյանի դեպքի առիթով մեզ հետ զրույցում Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, չկենտրոնանալով կոնկրետ այդ դեպքի վրա, նկատել էր, որ ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ ՌԴ ներգաղթյալների 80 տոկոսն իսկապես անօրինական փաստաթղթեր ունի եւ այդ երկրի տարածքում որոշակի իմաստով անօրինական գործունեություն է ծավալում՝ խուսափելով տարատեսակ հարկերի մուծումից եւ այլն:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արբակ Խաչատրյանը նկատեց, որ ՌԴ իշխանությունները պետք է բավական զգույշ գործեն այս հարցում, քանի որ ամեն մի անզգույշ գործողություն կարող է հանգեցնել թշնամանքի հենց ռուս ազգի նկատմամբ: «Բավականին դեպքեր եղան, որ կովկասցիներին բռնում էին անօրինական կերպով անձնագիր եւ այլ փաստաթղթեր ձեռք բերելու համար, բայց չէ՞ որ հանցագործության մեծ մասը ռուս չինովնիկն է կատարել, ոչ թե այն մարդը, ով աշխատանքի միջոց է փնտրել: Այստեղ ոչ այնքան ներգաղթյալի մեղավորությունն է, որքան տվյալ կազմակերպության, չինովնիկի ու պետության: Պետք է նախ դրա դեմ պայքարել: Այսօր ոչ ոք չի կարող ապացուցել, որ, ասենք, տվյալ հայը կաշառք է տվել ու փաստաթղթեր ստացել: Եթե ապացուցեն՝ խնդիր չէ, թող կաշառք տալու համար էլ նստեցնեն, բայց քանի դեռ ապացուցված չէ, ամենամեծ պատասխանատուն այն կազմակերպությունն է, որը տրամադրել է տվյալ փաստաթղթերը՝ քվոտայից դուրս: Առաջին հերթին պետք է պայքարել օրենքի պահապան՝ օրենք խախտողների դեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նա պատրաստվում է ՌԴ-ում գրանցել մի կազմակերպություն, որը հենց այդ խնդիրներով էլ կզբաղվի: Կազմակերպությունը զբաղվելու է ոչ միայն ներգաղթյալների իրավունքների, այլեւ ռուսների իրավունքների պաշտպանությամբ, քանի որ, ըստ Արբակ Խաչատրյանի, պետական այրերի սխալ որոշումների հետևանքով տուժում են նաեւ ռուս ազգի ներկայացուցիչները՝ թշնամիներ ձեռք բերելով: Մեր զրուցակցի կարծիքով՝ ՌԴ իշխանությունները չպետք է իրենց օրենքները խստացնեն՝ հիմնվելով առանձին կոնկրետ դեպքերի վրա, քանի որ այդպիսով ամբողջ Կովկասում հազարավոր թշնամիներ են ստեղծելու ռուս ազգի դեմ. «Երբ հեռուստատեսությամբ հայտարարում են մի հանցագործության մասին ու նշում, որ դա կատարել է կովկասցի, հայ եւ այլն, թշնամանք են ստեղծում ռուսի դեմ: Ինչո՞ւ նույն հեռուստատեսությամբ բարբարոս չեն անվանում ռուս հանցագործին: Դրանք բոլորը մարդու իրավունքների խախտումներ են, որոնց դեմ պետք է պայքարել: Օրենքը խախտողների դեմ պետք է պայքարել, ոչ թե օրենքները խստացնել՝ առանձին դեպքերի հիման վրա»:

Արբակ Խաչատրյանը կարծում է, որ հայաստանյան իշխանություններն էլ պետք է դադարեն հրճվել, ասենք, ՌԴ նախագահի մի խոսքից կամ հայացքից, թե հայերը քիչ են խախտում անում, նրանց պետք է քիչ նեղացնել: Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունն էլ ինքն իր մեջ ուժ պետք է գտնի՝ սեփական քաղաքացու իրավունքները հավուր պատշաճի նախ իր երկրում, ապա՝ երկրի սահմաններից դուրս պաշտպանելու համար, ոչ թե ուրախանա նրանից, որ ՌԴ-ում հայերին «ձեռ չեն տալիս» կամ «քիչ են նեղում»: Ի դեպ, մեր զրուցակիցը զգուշացնում է, որ ՌԴ-ում սկիզբ առած այս խնդիրները, այսպես ասած, դեռ առաջին ծաղիկներն են, քանի որ միգրանտների խնդիրն ամբողջ աշխարհում է սկսում հասունանալ: Այս իրավիճակում նրա համար անհասկանալի է հայաստանյան իշխանությունների արձագանքը կամ, որ ավելի ճիշտ է՝ չարձագանքը: Նա համարում է, որ առաջին քայլը, որը հիմա եւ անհապաղ պետք է անեն ՀՀ իշխանությունները, Հայաստանն օրենքի երկիր դարձնելն է, քանի որ նաեւ Հայաստանից դուրս ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու միակ հնարավորությունը դա է:

Թեպետ մեր զրուցակիցը հասկանում է, որ դա շատ բարդ խնդիր է, բայց հույս ունի, որ ՀՀ նախագահն արդեն գիտակցում է պահի լրջությունը եւ կգնա կտրուկ քայլերի, որոնցից մինչ օրս խուսափել է տարբեր պատճառներով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արբակ Խաչատրյանի կոչը Սերժ Սարգսյանին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031