Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում ազդեցությունն ամրապնդելու Մոսկվայի խաղադրույքը Ադրբեջանի վրա է

Օգոստոս 13,2013 13:41

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կժամանի Բաքու: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ռուս-ադրբեջանական բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկու պետությունների առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ հատվածում համագործակցության խորացման հարցեր: Նախատեսվում է անդրադառնալ նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի, Կասպից ծովի իրավական ռեժիմի առանցքային հարցերին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասվում էր Կրեմլի հաղորդագրությունում:

Ռուսաստանյան «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ակնկալվում է, որ Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ առաջիկա բանակցությունների արդյունքներով ստորագրվելու է 5-6 երկկողմանի փաստաթուղթ՝ էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներին առնչվող, եւ որ ռուսական պատվիրակության կազմը փաստում է, որ բանակցություններում քննարկվելու է երկկողմ հարցերի գործնականում ամբողջ համալիրը: Այնուհետեւ Ուշակովը մանրամասնել է, որ ռուսական պատվիրակության կազմում են երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, ինչպես նաեւ «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, «Роснефть»-ի ղեկավար Իգոր Սեչինը եւ «Лукойл»-ի ղեկավար Վագիթ Ալեքպերովը:

Մեկ ուշագրավ փաստ եւս․ Ուշակովը հայտնել է, որ այսօր, երբ տեղի ունենան բանակցությունները, Բաքվում բարեկամական այցով կգտնվեն Ռուսաստանի Կասպյան նավատորմի ռազմանավերը՝ «Դաղստան» հրթիռակիր ռազմանավը եւ «Վոլգոդոնսկ» փոքր հրետանավակը: Այսինքն՝ Պուտինը Բաքու կհասնի ոչ թե ինքնաթիռով, այլ մարտական նավով` կտրելով Կասպից ծովը, թերեւս նպատակ ունենալով ընդգծել Ռուսաստանի հզորությունը Կովկասյան տարածաշրջանում:

Յոթ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում է Բաքու, եւ փաստորեն կովկասյան իր առաջին այցը նա կատարում է ոչ թե Հայաստան, ինչի մասին երկար ժամանակ դեռ Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ խոսակցություններ էին գնում, այլ հենց Ադրբեջան: Սա հատկանշական փաստ է, եւս մեկ վկայություն այսօր վճռականորեն դեպի մերձեցում գնացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, այն էլ՝ Ադրբեջանում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ: Պուտինը, թերեւս, Ալիեւի ընտրության հովանավոր է ձգտում դառնալ կամ ազդեցիկ աջակիցներից մեկը:

Գերիշխող են տեսակետները, որ Պուտինի այցը նախեւառաջ նպատակ ունի ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա մթնոլորտը բարելավել, որը ստեղծվել էր Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման շուրջ անհամաձայնությունից, ինչպես նաեւ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի գործարկումը կասեցնելուց հետո:

Ուշագրավ է, որ մի քանի շաբաթ առաջ Բաքու էր ժամանել «Роснефть»-ի ղեկավար Իգոր Սեչինը, ով համարվում է Պուտինի մերձավոր դաշնակիցներից մեկը: Դեռ անցյալ ամսվա վերջին ռուսաստանյան մամուլը հայտնում էր, որ Մոսկվան փորձելու է մտնել Ադրբեջանի էներգետիկ շուկա, եւ որ Պուտինի այցը կարող է իսկապես շրջադարձային դառնալ: Այս առումով կարեւորվում էր ռուսական կողմի ցանկությունը՝ մասնակցել 2 տարի առաջ հայտնաբերված «Ապշերոն» գազային հանքավայրի շահագործմանը, որին ձգտում է մասնակցություն ունենալ «Роснефть»-ը: Բացի դրանից՝ նշվում էր, որ «Роснефть»-ի ղեկավարությունը Պուտինի այցի ընթացքում բարձրացնելու է նաեւ «Շահ Դենիզ-2» հանքավայրում բաժնեմաս ձեռք բերելու հարցը: Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների՝ ռուսական ընկերության ղեկավարները արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել British Petroleum նավթային ընկերության հետ՝ երրորդ երկրներում համագործակցության մասին:

Թե ինչ արդյունքներ կունենան ռուս-ադրբեջանական բանակցությունները, ինչ հայտարարություններ կհնչեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ թերեւս, հայտնի կլինի այսօր: Մեկ բան, այնուամենայնիվ, ակնհայտ է․ Հարավային Կովկասում իր ազդեցությունը ամրապնդելու  ճանապարհին Մոսկվան խաղադրույքը դրել է Ադրբեջանի վրա, համենայնդեպս՝ ռազմական, էներգետիկ ոլորտներում համագործակցության այսպիսի թափը դրա վկայությունն է:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    Փողոցային պոռնիկները անհամեմատ ավելի բարոյական են, քան Պուտինը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031