Տիկին Եվգենիան արդեն մի քանի ամիս է՝ անկողնային հիվանդ է. գումար չունի, որ կոտրված ոտքը վիրահատի: 98-ամյա այս կինը երկու որդիների մահից հետո մնացել է թոռնուհիների խնամքին: Անցյալ տարի՝ Ամանորի նախաշեմին, կոտրելով աջ ոտքը, մի քանի ամսվա թոշակի հավաքած գումարներով ոտքը վիրահատել է, սակայն չանցած մի քանի ամիս՝ նորից սայթաքել է ու ընկել՝ այս անգամ էլ կոտրելով ձախ ոտքը: Կնոջ ոտքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել:
Եթե նախորդ վիրահատությունը բժիշկները, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Եվգենիան, հաշվի առնելով խորհրդային տարիներին աշխատանքի վետերանի կոչումը, զեղչով են արել եւ կնոջը ընդառաջել՝ վերցնելով միայն վիրահատության համար օգտագործած մետաղե մասերի գումարը, ապա այս անգամ Եվգենիա Եղիյանը թոշակից տնտեսած գումար էլ չունի: 52 տարվա մանկավարժի աշխատանքային ստաժով այս կնոջ միակ հույսը խորհրդային տարիներին տնտեսած եւ Խնայդրամարկղում ներդրած 2000 ռուբլի ավանդն է, որը ներկայումս Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիներին փոխհատուցում է որպես օգնություն: Սակայն բանն այն է, որ Եվգենիա Եղիյանը որպես ավանդատու հաշվառված չէ, ուստի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ուղղված նրա դիմումներին պատասխանում են՝ հերթացուցակում չկաք, չեք կարող ստանալ:
«Մարդու դրության մեջ չեն մտնում, ասում են՝ հերթագրված չես, ու վերջ: Ես անգամ չգիտեմ, թե երբ եւ ինչպես պետք է հերթագրվեի, անգամ տեղյակ չէի այդ ամենի մասին: Հիմա որ հարցնում ենք, թե երբ կարող ենք հերթագրվել, անորոշ կերպով պատասխանում են, թե իրենք էլ չգիտեն, եւ սպասում են կառավարության որոշմանը»,- մեզ հետ զրույցում նեղսրտած ասաց 98-ամյա կինը: Ինչպես տիկին Եվգենիան է պատմում, աշխատած 52 տարիներից 34 տարին դասավանդել է Կրուպսկայայի անվան դպրոցում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի. «Ամբողջ կյանքս քրտնաջան աշխատել եմ, վաստակել եւ հավաքել՝ հենց այն նպատակով, որ մի օր պետք կգա այդ գումարը: Բայց հիմա բացարձակ հաշվի չեն առնում իմ տարիքը, թե ինչ է կատարվել ինձ հետ, ընդհանրապես չեն մտնում դրությանս մեջ: Իսկ եթե այդ կառավարության որոշումը գա 6 ամիս կամ մեկ տարի հետո՞: Արդեն 98 տարեկան եմ: Եթե իմ պես տասնյակ տարիներ աչքերը կուրացնելով աշխատող մարդուն չեն տալիս, այդ դեպքում ո՞ւմ են տալիս: Լավ է, որ թոռներս կողքիս են»:
Ոտքի կանգնելն այս տիկնոջ համար ուղղակի անհրաժեշտություն է: Թոռներից մեկը, որի հետ կինն ապրում է, ամբողջ օրն աշխատում է. «Ինձ համար դժվար է ողջ օրը անկողնում լինել, թոռնիկս աշխատանքի է, եւ այնքան պետք է սպասեմ, մինչեւ գա, ինձ օգնի, բայց եթե ոտքի լինեմ, ինձ այսքան դժվար չի լինի»: Տիկին Եվգենիան պատմեց, որ առաջին վիրահատության ժամանակ ծախսել է 700-800 դոլար՝ չհաշված վիրահատության գումարը, որը բժիշկները չեն վերցրել: Այսինքն՝ այս անգամ ավելի շատ գումար է անհրաժեշտ կնոջ ոտքը վիրահատելու համար, սակայն կինն ու նրա թոռները չեն պատկերացնում՝ այդ գումարը որտեղի՞ց պիտի հայթայթեն:
Կարդացեք նաև
Թոռնուհին՝ Քրիստինեն, պատմում է, որ այս անգամ արդեն ստիպված են եղել բժիշկ կանչել տուն. «Խնդրեցինք բժիշկներից մեկին, եւ նա եկավ: Իհարկե, այցի ժամանակ՝ տանը ռենտգեն կատարելու համար, նրանք վերցնում են 15000-20000 դրամ, սակայն այս անգամ բժիշկը մտավ մեր դրության մեջ եւ բարեխղճորեն եկավ, գիպս դրեց: Գիտեմ, որ սխալ է նման գործողությունը կատարել տան պայմաններում, սակայն ուրիշ ելք չկար: Այս է պատճառը, որ տատիկի ոտքը շատ դժվար է վերականգնվում: Անհրաժեշտ է վիրահատություն, սակայն մենք այլեւս գումար չունենք, որպեսզի նորից վճարենք վիրահատության համար»: Ընտանիքը ապրելու գումարներն էլ է մեծ դժվարությամբ վաստակում, եւ տարեց կնոջը անհրաժեշտ դեղամիջոցներն ու տակդիրները նրա թոշակով են գնում. «Ամսական 40 հազար դրամ թոշակ եմ ստանում, սակայն այդ գումարն էլ չի բավականացնում, որպեսզի վճարենք այն բոլոր դեղերի եւ տակդիրների համար, որ օգտագործում եմ»:
Քրիստինեի խոսքով՝ տատիկն օրվա ընթացքում օգտագործում է մի քանի դեղ. «Միայն տակդիրների գումարն ամսական կազմում է 18 հազար դրամ, էլ չհաշված աչքի դեղերը, որոնց մի տուփն արժե 500 դրամից ոչ պակաս, ցավազրկողները, քնաբեր դեղերը, ալերգիայի դեղերը: Այս ամենի հետ մեկտեղ պետք է հասցնել վճարել բոլոր կոմունալ վարձերը: Ամսվա մեջ գոնե մի քանի անգամ բժիշկներ են այցելում: Ամեն այցի ժամանակ էլ բժիշկներին գումար ենք տալիս»: Տարեց կինը հույս ուներ, որ Խնայբանկի ավանդի վերադարձման դեպքում գոնե վիրահատության հարցը կկարողանա լուծել: Նկատենք, որ ավանդների վերադարձն իրականացվում է «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով»:
Համաձայն օրենքի, ծրագիրը կրում է հասցեական բնույթ եւ նպատակուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը: Հետեւաբար ՀՀ առավարությունը սահմանել է առաջնահերթությունների ցանկ այն խմբերի համար, որոնք պետք է առաջնահերթ փոխհատուցվեն: Համաձայն այդ ցանկի՝ ավանդը ստանալու իրավունք ունի նաեւ տիկին Եվգենիան, սակայն հերթագրված չլինելու պատճառով կնոջը մերժում են ու չեն էլ ասում, թե ինչպես անի, որ ընդգրկվի հերթացուցակում: Կարգի 5-րդ կետով սահմանվել է, որ դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2006թ մայիuի 12-ին: Այդ ժամանակահատվածում հաշվառվել են 61680 անձինք իրենց 138061 ավանդային գրքույկներով: 2006թ. մայիսի 12-ից հետո փոխհատուցման իրավունք ունեցող անձի, ինչպես նաեւ արդեն հաշվառված անձի նոր ավանդային գրքույկի հաշվառում չի իրականացվում:
Օֆելիա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ