Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կինոգործիչները՝ կինոյի անմխիթար ժամանակների մասին

Օգոստոս 13,2013 13:24

Խորհրդային տարիներին հայկական ամեն նոր ֆիլմ դառնում էր հասարակական հետաքրքրության ու քննարկումների առարկա, մարդկանց տանում դեպի  կինոթատրոններ: Այդ ֆիլմերն արտացոլում էին ժամանակի կյանքի ռիթմը ու շատերին էլ մղում ընդգծված ակտիվության: Այդ ֆիլմերի մասնակցությունը միութենական եւ միջազգային փառատոների, դառնում էր կարեւորագույն իրադարձություն: Մեր օրերում, որքան էլ տրտնջանք, թե գոյություն չունի ֆիլմարտադրություն, այնուամենայնիվ, ավելի շատ է նկարահանվում. խորհրդային 5-6 նկարի փոխարեն այսօր այդ թիվը հասնում է տարեկան մոտ 15-ի:

Մեր ֆիլմերի մասնակցությունը փառատոներին, դառնում է միայն նեղ մի շրջանակի հետաքրքրության առարկա: Օրինակ, «Եթե բոլորը» ֆիլմը (ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկենե, պրոդյուսեր՝ Միքայել Պողոսյան) մասնակցել է միջազգային կինոփառատոների եւ ստացել 11 մրցանակ, սակայն լռություն է տիրում այդ ֆիլմի շուրջ, լավագույն դեպքում տեղյակ են ֆիլմը ստեղծողների ընկերները, մտերիմները: Լայն լսարանի շրջանում հարցախույզ անցկացնելու դեպքում շատերը այդ նկարի վերնագրին անգամ ծանոթ չեն լինի: Այսօր լույս է տեսնում ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության «Կինո» ամսագիրը, մասնագիտական այլ հանդեսներ եւս:  Ուրեմն ո՞րն է խնդիրը, որ հայկական կինոն այսօր չի հետաքրքրում մեր հանդիսատեսին: «Առավոտն» այս հարցի շուրջ փոքրիկ հարցախույզ անցկացրեց կինոգործիչների շրջանում:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի խոսքերով՝ «խորհրդային տարիներին չկար ինտերնետ, հետեւաբար՝ այսքան տեղեկատվություն: Նման պարագայում մեր տեղական ֆիլմերը, ինչպես նաեւ խորհրդային տարբեր հանրապետություններում արտադրվածները, «դատապարտված» էին հետաքրքրության մեծ ալիքի առաջացման: Այսօր Արեւմուտքում «բում»  բարձրացրած ցանկացած  բարձրակարգ ֆիլմ ամենաշատը մեկ ամիս հետո հայտնվում է ինտերնետում»: Կինոռեժիսորը վստահեցնում է, որ մեզանում կինոթատրոնների նվազ թվի հետ էլ չի կարելի կապել հասարակության հետաքրքրության պակասը հայկական ֆիլմերի նկատմամբ:

Էդգար Բաղդասարյանը դրանց մեծ մասը որակելով գավառական՝ ասաց. «Ով կինոխցիկ է վերցնում ձեռքը, դառնում է ռեժիսոր: Այ հենց սրանից է գալիս այն աղբը, որով լցված է հայկական կինեմատոգրաֆը: Ես ունեմ երկրորդ կուրսի ուսանող, որը, հավատացնում եմ, ավելի բարձրարժեք ֆիլմ կստեղծի, քան «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող մերօրյա սպիտակ մազերով որոշ ռեժիսորների աշխատանքներն են: Մեզ մոտ պրոկատ չկա, հետեւաբար ֆիլմից շահույթ ստանալու մասին խոսելն ավելորդ է: Եվ հետո՝ եթե նույնիսկ ունենայինք  տասը կինոթատրոն, միեւնույն է, դա էլ չէր խթանի ֆիլմի մասսայականացումը: Մի խոսքով՝ կինեմատոգրաֆիայի համար ծանր ժամանակներ են»:

Էդգար Բաղդասարյանը խոսեց նաեւ մեծամասնություն կազմող հայ կինոռեժիսորների մասին, որոնք ձգտում են իրենց ֆիլմերը ներկայացնել արտերկրյա փառատոների: «Կան աղբանոց փառատոներ՝ Ուզբեկստանից մինչեւ Մոնղոլիա: Նման միջոցառումներում  մրցանակներ շահելը  դեռ ցուցանիշ չէ եւ չի խոսում ֆիլմի որակի մասին: Եվրոպաներում ստեղծված ֆիլմերի մեծամասնությունն էլ այսօր աղբ է, առաջին հերթին՝ սցենարի իմաստով: Այստեղ կարող ենք մխիթարվել. մեր կինոն ու եվրոպականը նույն մակարդակի վրա են, երկուսն էլ անբուժելի, ծանր հիվանդ են ու ինձ հիշեցնում են հոգեբուժարան»,- ասաց կինոռեժիսորը:

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանն էլ ասաց. «Ցանկացած ֆիլմի սցենար խորհրդային որ  հանրապետությունում էլ նկարվեր, ստանում էր գեղարվեստական խորհրդի «դաբրոն», իսկ որպես օրենք՝ այդ սցենարները համամարդկային էին: Օրինակ՝ Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը իր ասելիքով համամարդկային էր, եւ այդ նկարի դեպքերը կարող էին տեղի ունենալ ինչպես հայկական, այնպես էլ վրացական կամ ուզբեկական գյուղերից մեկում: Հայաստանում, եթե չեմ սխալվում, ամիսը երկու անգամ լույս էր տեսնում «Արվեստ» ամսագիրը, «Ֆիլմ» թերթը, որոնք, բնականաբար, խթանում էին ֆիլմերի ճանաչումը»:

Պարոն Շահբազյանի խոսքերով. «Այսօր որոշ ֆիլմարտադրողներ նկարում են զուտ փառատոնային ֆիլմեր: Սա մի սերունդ է, որ անընդհատ «թմբկահարում» է փառատոնային, շուկայի կինո՝ «ուժեղ» դրամատուրգիայով: Անխոս, նպատակը ֆիլմ վաճառելն է, բայց մոռանում ենք, որ մենք չունենք պրոկատ: Մեր ֆիլմերի ճանաչելիությանը խանգարում է առաջին  հերթին քարոզչության բացակայությունը կամ էլ դրա ոչ ճիշտ կազմակերպումը: Ճիշտ եւ գրագետ կլիներ, որ պրոդյուսերները նպաստեին ֆիլմ-հանդիսատես կապի ձեւավորմանը»:

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը համոզված է, որ մենք ունենք լավ  ֆիլմեր, այնպես, ինչպես լավ գրականություն: «Այլ խնդիր է, որ ընթերցող ու հանդիսատես չունենք, պատճառներից մեկը գրականության եւ կինոյի գովազդի բացակայությունն է»,-ասաց նա: Տիկին Գալստյանը հիշեց, թե ինչպես է երիտասարդ տարիներին Ազատ Շերենցի հետ ծանոթացել. «Մակուլատուրա հանձնելու նպատակով թղթեր էի հավաքում, եւ այդպես հայտնվեցի նրանց տանը…»: Գրքի, ֆիլմի, հոգեւորի հանդեպ ուշադրության պակասը կապում է դարաշրջանի եւ արժեհամակարգի փոխվելու հետ:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031