Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Հրաժեշտի սիմֆոնիա

Օգոստոս 13,2013 12:58

90 թվականին ընտրված խորհրդարանի սիմֆոնիան մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Արդեն հնչեցին հիմնական թեմաները իրենց զանազան երանգավորումներով, մենակատարները բազմիցս ցույց տվեցին իրենց շնորհքը երկարուձիգ սոլոներով, մինչդեռ ոմանց համար նախատեսված էր հինգ տարի տեւողությամբ պաուզա։ Հնչում է ֆինալը՝ վերջին մասը, բայց դեռեւս պարզ չէ, թե ինչպես է ավարտվելու ստեղծագործությունը՝ խրոխտ մաժորային ակորդներո՞վ (Սահմանադրության նախագծի լուրջ քննարկմամբ), թե՞ ֆինալը կհիշեցնի Յոզեֆ Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիան», երբ երաժիշտները աստիճանաբար հեռանում են բեմից՝ վերջում թողնելով միայն երկու ջութակահարի, որոնք տխուր ու մելամաղձոտ մեղեդի են նվագում։

Արձանագրենք նաեւ, որ նման մի փորձ արդեն արվել է. փոքրամասնությունը կազմող պատգամավորները անցած տարվա դեկտեմբերին թողեցին բեմը՝ փորձելով ստեղծել այլընտրանքային խորհրդարան՝ ՊԺ, սակայն այդ դեմարշը առանձնապես տպավորիչ արդյունքների չհանգեցրեց։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ ՊԺ-ի մենակատարների հոգեկան խառնվածքը. ինչպես օդաչուն չի կարող ապրել առանց օդ բարձրանալու, այդպես էլ նրանք կյանք չունեն առանց խոսափողի, որի միջոցով միայն կարող են հնչեցնել իրենց իսկ ականջը շոյող սոլոները։ Պատկերացնո՞ւմ եք, որ, ասենք, Արշակ Սադոյանը ամեն մի հարցի շուրջ 6-7 անգամ ելույթ չունենա։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում։ Իհարկե, նման արգասավոր հռետորի համար խորհրդարանական սոլոների հեռուստա- եւ ռադիոհեռարձակումը շատ քիչ է։ Վկա՝ չորեքշաբթի օրը հնչած նրա՝ Արշակ Սադոյանի եւ Կարապետ Ռուբինյանի հեռուստատեսային անզուգական զուգերգը, որը հիշեցնում էր Պանիկովսկու եւ Շուրա Բալագանովի երկխոսությունը. «Դու ո՞վ ես»: «Իսկ դո՞ւ ով ես», եւ այսպես շարունակ:

Ինչպես այդ հաղորդման, այնպես էլ խորհրդարանական քննարկումների առարկան, կարծես թե Սահմանադրությունը պետք է լիներ։ Սակայն գլխավոր օրենքի դրույթները պատգամավորների մի մասին ամենեւին էլ չեն հետաքրքրում՝ նույն ելույթները նրանք կարող էին ունենալ հեռախոսային գրքի վերաբերյալ։ Բռնապետակա՞ն կլինի մեր Սահմանադրությունը, թե՞ ժողովրդավարական, նախագահակա՞ն կլինի պետական համակարգը, թե՞ պառլամենտական՝ դրանք, իհարկե, անչափ կարեւոր հարցեր են: Բայց ակնհայտ է մի այլ բան. եթե մեր պատգամավորների, պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների ինտելեկտի եւ կուլտուրայի մակարդակը այսօրվանը լինի, ոչ մի կատարյալ Սահմանադրություն չի ապահովի հասարակական առաջընթացը։

Սահմանադրական քննարկումներում առավել ագրեսիվ եւ անհանդուրժող դիրք են բռնել նախկին ՀՀՇ-ականները (ԱԺՄ-ն եւ ԱԱ-ն), որոնց առջեւ խնդիր է դրված սահմանազատվել իրենց ծնած կուսակցությունից։ Ինչպես հայտնի է, ասիական երկրներում թագավորներն ունեին ենիչերիների հատուկ պատժիչ ջոկատներ, որոնք առավել դաժան եւ անմարդկային ձեւով վարվում էին հենց յուրայինների հետ։ ՀՀՇ-ի «աղանդավորների» դեպքում գործում է մոտավորապես նույն տրամաբանությունը։

Մենք պետք է հասկանանք եւ մարդկայնորեն ներենք մեր պատգամավորներին: Չէ՞ որ նրանցից շատերի համար Սահմանադրության քննարկումը կարող է դառնալ մեջլիս դուրս գալու վերջին հնարավորությունը, կարապի երգը։ Փորձեք վերապրել ա՛յն մարդու հոգեկան խռովքը, որը մտածում է. «Այլեւս երբեք, օ՜, երբեք չեմ մոտենա այս բաղձալի խոսափողին եւ չեմ կարողանա բոլորին ի ցույց դնել իմ աննկուն սկզբունքայնությունը եւ բարձր բարոյական կերպարը»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

5.05.1995 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Շատ «խոսուն» զուգահեռներ էին: ԲՐԱՎՈ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031