Լրահոս
Օրվա լրահոսը

Պիվեչկո

Օգոստոս 13,2013 12:10

Հետո նոր՝ արդեն աշնանը, տեղական թերթերից իմացանք, որ այդ ամառ 60 օր անձրեւ էր եկել Եվրոպայի կենտրոնում: Մի կիրակի, երբ անընդհատ լացող  երկինքը, չգիտես ինչու, պատահաբար որոշեց բացվել, շտապ հավաքվեցինք, նստեցինք միջքաղաքային ավտոբուս ու պոկվեցինք Մելնիկ:

Էդպիսի անսովոր ու սիրուն անունով փոքրիկ քաղաք կա Պրահայից 35 կիլոմետր դեպի հյուսիս: Դե պարզ է, որ «ջրաղաց» անունով քաղաքը պետք է գտնվի ջրի կողքին, այն էլ՝ այնտեղ, որտեղ համբուրվում են Չեխիայի երկու խոշորագույն գետերը՝ Վլտավան եւ Էլբան: Չեխիայում ընդհանրապես բոլորը շարունակաբար համբուրվում են՝ անկախ աշխարհագրական դիրքից ու իրենց նախագահի հանդեպ վերաբերմունքից:  Բայց Մելնիկի բնակիչները համբուրվելուց ազատ ժամանակ նաեւ գինի են պատրաստում: Ու դա շատ տարօրինակ է: Որովհետեւ Չեխիան, ինչպես գիտեք, բաժանվում է երկու մասի՝ Բոհեմիա եւ Մորավիա: Մորավիայում խաղող կա. բայց Բոհեմիայով անցնում է Եվրոպայում խաղող աճեցնելու վերին սահմանը՝ դրանից դենը այլեւս խաղող չի աճում:

Մելնիկի՝ գրկախառնվել սիրող բնակիչներն ապրում են ոչ միայն երկու գետերի գրկախառնության կետում, այլեւ հենց եվրոպական այդ սահմանագծին: Այսինքն, ինչ-որ իմաստով՝ զոռով են խաղող աճեցնում: Չեխերն ընդհանրապես սիրում են զոռով աճեցնել: Այն տանը, որտեղ ես ապրում էի, կիվի կար: Իհարկե, պտուղ չէր տալիս, բայց կար: Ու կար նաեւ ծիրանի ծառ: Պտուղ տալիս էր, բայց ավելի լավ է՝ չտար: Համենայնդեպս, ես այդ ծառի փոխարեն լինեի, ամոթից չբեր կլինեի:

Նույնն էլ խաղողը: Պատկերացրեք այն խաղողի վիճակը, որը ստիպված է ապրել բոհեմական մի միջավայրում, որտեղ արեւը ամռան 90 օրերից 60-ի ընթացքում ոչ թե աշխատում է, այլ իր ընկերների հետ ինչ-որ մի տեղ նստած՝ գարեջուր է խմում ու քննարկում Ֆրանց Կաֆկայի կամ Յարոսլավ Հաշեկի ստեղծագործությունները:  Ու այդ խեղճ խաղողից Մելնիկի բնակիչները գինի են սարքում: Ավելի լավ է՝ համբուրվեին: Ու բավական չէ, գինի են պատրաստում, դեռ զբոսաշրջիկներին էլ հրավիրում են համտեսելու արեւին կարոտ մնացած այդ դժբախտ խաղողից պատրաստված գինիները:

Այն ժամանակ անարեւ երկրում էինք ապրում, բայց փող ունեինք: Ընդհանրապես նկատե՞լ եք՝ անարեւ երկրներում, օրինակ, Սկանդինավիայում կամ Կանադայում, մարդիկ ամենից լավ են ապրում:  Մեզ մոտ լիքը արեւ կա, բայց ժողովրդի ձեռքին փող չկա:  Բայց լավ, արեւի ու փողի այս առեղծվածային կապի մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Կարծեմ, 60 կրոն տվեցինք, գնացինք Մելնիկի դղյակի մառանը՝ գինիներ համտեսելու: Մենք էինք ու տարեց ճապոնացիների մի զույգ: Դե ճապոնացիներին, բնականաբար, ամեն ինչ դուր էր գալիս՝ ես Ակուտագավային երեք անգամ եմ վերընթերցել, բայց, կներեք, ճապոնացին գինուց բան չի հասկանում: Ու գինիների մասին պատմող տղան շատ գոհ էր ճապոնացիներից, որոնք ամեն գինուց մի կում անելիս այնպես էին հրճվում, կարծես Երեւանի «Սամուրայ» սուշիանոցում զեղչի քարտ ստացած լինեին:

Օրը մոտենում էր ավարտին, դա վերջին համտեսն էր, ու ակնհայտորեն զգացվում էր, որ մեզ ուղեկցող ու անգլերեն հազիվ խոսող այդ չեխ տղան, որը երեւի ուսանող էր ու ամառային արձակուրդների ժամանակ պարզապես եկել էր փող աշխատելու, օրվա ընթացքում զբոսաշրջիկների հետ միասին մի լաաաաաավ համտեսել էր բոլոր հնարավոր գինիները:

Դուք հո ինձ գիտեք՝ ես շատ տոլերանտ մարդ եմ՝ նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին չեմ բողոքել, հիմա էլ նույնիսկ հանրապետականներին չեմ հայհոյում, բայց այդ գինիները ախր շատ վատն էին: Չեխ տղան էլ իրենց այդ վատ գինիներից շատ, շա՜տ էր համտեսել: Ու երբ հերթական համտեսից հետո այդ կարմրաթուշը հարցրեց՝ «Հը, ո՞նց էր», իր ողջ կեցվածքով ակնկալելով ճապոնական հիացական արձագանք, չդիմացա ու խզարեցի՝ «Նոթ գուդ»…

Պատկերացրեք՝ արտասահմանցուն բերեք ձեր տուն, էն ամենաթանկ կոնյակը, որը Ուինսթոն Չերչիլն է խմել ու մեկ էլ՝ Կրեմլի բնակիչները, լցնեք ու ինքն ասի՝ «Նոթ գուդ»: Այ, մոտավորապես այդ աստիճանի արհամարհանք հայտնվեց կարմրաթուշի դեմքին՝ «Տո դու ո՞վ ես, որ մեր գինիներին բան ասես»: Սակայն հավաքեց եվրոպական հանդուրժողականության վերջին կաթիլներն ու ավելի մեղմ արտահայտվեց՝ «Բայց նույնիսկ ֆրանսիացիներն ու իտալացիները, երբ գալիս են Մելնիկ,  շատ բարձր են գնահատում մեր գինիները»:

Դե ինքն առավոտից շատ էր համտեսել, եւ չուզեցի բացատրել, որ ախր ֆրանսիացին ու իտալացին բարեկիրթ եվրոպացի ազգ են,  Պետրարկա ու Ապոլիներ, միգուցե նույնիսկ Վանո Սիրադեղյան են կարդացել, նրանք հո քո առջեւ չե՞ն անկեղծանալու, դիվանագետ են՝ դեմքիդ կժպտան, կասեն՝ «Անմահական խմիչք էր», հետո Լիոնում ու Ռիմինիում արդեն իրենց կյանտին ու բոժոլեն խմելով, ընկերներին կպատմեն, թե ինչ ախմախ գինի են համտեսել Մելնիկում: Իսկ ես քաղաքակրթության օրրանից եկած, բայց անկեղծ ու բռի հայաստանցի եմ, մեզ մոտ նույնիսկ ասացվածք կա ծուռը նստել-շիտակ խոսելու մասին: Հենց այդպիսի անկեղծ տարածաշրջանային դիրք էլ ընդունեցի ու չեխական մառանի կամարների տակ հնչեցրեցի էն որ ռուսներն ասում են՝ պրավդու մատկու. «Դուք, չեխերդ, շատ լավ ժողովուրդ եք, լավ էլ հոկեյ եք խաղում: Լավ աղջիկներ ունեք՝ հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ մեր տղամարդիկ ձեր աղջիկների համար գժվում էին: Լավ ճենապակի ունեք՝ հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ մեր կանայք ձեր խրուստալի համար գժվում էին: Բայց, կներես էլի, գինի սարքել չգիտեք, գինին ձեր բանը չի, ինչո՞ւ եք զբաղվում մի գործով, որն ակնհայտորեն ձերը չի…  Գնացեք Հայաստան, երբ տաքսիով «Զվարթնոցից» կհասնեք Էջմիածնի խճուղի, խնդրեք վարորդին, որ ոչ թե աջ շարժվի՝ դեպի Երեւան, այլ ձախ թեքվի՝ դեպի Մուսալեռ: Այդ գյուղ չհասած մի վայրում ժամանակին կառուցվել էին Խորհրդային Միության գինու ամենամեծ մառանները: Այ, այդ մառաններում մեր գինին համտեսեք, հատկապես երրորդ համարի անապակն ու յոթերորդ՝ կիսաքաղցրը, եւ ընթացքում էլ Ավագ Հարությունյանը ձեզ անկեղծ կներկայացնի դառը ճշմարտությունը, որ խաղողի ու գինու հայրենիքը Հայաստանն է, թեեւ հիմա արդեն հայերը գինուց բան չեն հասկանում ու ազգովի օղի են կոնծում: Բայց մի ժամանակ հո հասկացել ենք ու մինչեւ հիմա էլ խաղողն օրհնում ենք: Հա, գիտեմ, որ դուք՝ չեխերդ, նույնիսկ երգ ունեք խաղողի ու գինու մասին՝ Vinohrady, vinohrady, dobre vinko davate»…  Խաղողներ ջան, խաղողներ, էս ինչ իրոք չապականված գինի եք տալիս… Բայց ախր,  ձեզ մոտ համբուրվելն է լավ ստացվում ու մեկ էլ գարեջուր՝ պիվեչկո սարքելը …»:

Պիվեչկոյի անունը լսելով, կարմրաթուշ ուսանողը խաղաղվեց: Դե պիվեչկոյի անունը լսելով ո՞վ չի խաղաղվի: Միայն գարեջուր սիրող ու գարեջուրը սիրով պատրաստող վարպետ ժողովուրդը կարող է գարեջուրն անվանել պիվեչկո: Համաձայնեք, ինչ որ փաղաքշական բան կա այդ բառի մեջ՝ կարծես  ինչ-որ շատ հարազատ մարդու մասին է խոսքը, որին ուզում ես գրկել, սիրել, միասին նստել օպերայի մոտի սրճարաններից մեկում ու պատմել ողջ կյանքդ, լավ, գոնե դարդերիդ մի մասը, վերջին մասը…

Ախր պիվեչկո պատրաստող ազգը գինի քաշելով չպիտի զբաղվի: Ու եթե ձեզ մոտ համբուրվելն է լավ ստացվում, դրանով էլ զբաղվեք:

Վերջերս լսեցի, որ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը հիմա տաքսի է քշում: Տխուր է, բայց շատ հարգեցի: Եթե ձեզ մոտ գարեջուրն է լավ ստացվում կամ համբուրվելը, կամ նույնիսկ կիթառ նվագելը, թողեք՝ թող Մալիշկայի անապակ «Արենիով» էլ մասնագետը զբաղվի: Իսկ դուք արեք այն, ինչ ձեզ ծանոթ ու հոգեհարազատ է՝ մեքենա վարեք, դպրոցում դաս տվեք, հիվանդ բուժեք, կիթառ նվագեք, հոդված գրեք ու հեռուստահաղորդում վարեք,  միայն թե պետություն մի՛ կառավարեք՝ կներեք, իհարկե, բայց ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվում…

Արմեն ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար says:

    …բայց ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվում…
    Վերջաբանը լրիվ եվրոպական էր….

  2. Spartak says:

    Հաճույքով կարդացի:Հարգանքի արժանի է:Այ, թե ինչ է նշանակում լրագրության դպրոց անցած:Էլի լինի՝ էլի կկարդամ:Ոճ կա, թեթևություն կա,թվում է ոչինչ չկա, բայց ամեն ինչ կա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031