Լրահոս
Օրվա լրահոսը

Կանչ ժուլիկներին ու խալտուրշիկների՞ն

Օգոստոս 13,2013 11:57

Կամ՝ նախարարի հրամանի եւ գիտպետկոմի հրավերի վերաբերյալ

ՀՀ ԿԳ նախարարը 2013թ. հուլիսի 11-ին հրաման է արձակել՝ № 949 Ա/Ք, որի հիման վրա ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեն հրավեր է կատարել մասնակցել՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի մրցույթին։

Սույն «հրավերում» մասնավորապես գրված է.
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում, համաֆինանսավորման սկզբունքով, գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով (հավելված №1), կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 16 ամիս ժամկետով առավելագույնը 25 միլիոն դրամ կազմող դրամաշնորհներ կտրամադրի 5-7 (հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառների դեպքում՝ 3-5) անձից բաղկացած հետազոտական խմբերի (այսուհետ՝ խումբ) նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին (նախագծերին)։

«Հրավերի» IX բաժնից՝ «Ֆինանսական նախահաշիվ» ձևից պարզ է դառնում, որ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունները պետք է կատարվեն 2013 և 2014 թվականների 16 ամիսների ընթացքում, այսինքն՝ 4 ամիս 2013թ. և 12 ամիս՝ 2014թ.։ Այժմ տեսնենք, թե ինչպե՞ս կստացվեն դրանք, ավելի ստույգ՝ հնարավոր կլինի,՞ արդյոք, 2013-ին աշխատել 4 ամիս, թե՞ ոչ։

«Հրավերի» 22-րդ կետում գրված է՝ «Հայտերը բացվում են Մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից հետո 30 օրացուցային օրերը լրանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը, ժամը 10.00-ին»։ Այդ օրը օգոստոսի 12-ն է։ Այնուհետև.

Կետ 23. «Հայտերը 5 աշխատանքային օրերի ընթացքում անցնում են տեխնիկական ստուգում»։ Այդ ստուգումն ավարտվում է օգոստոսի 16-ին (ուրբաթ օրը)։ Այնուհետև.

Կետ 24. «Տեխնիկական ստուգում անցած հայտերը տրամադրվում են մասնագիտական փորձագիտական խորհրդին (այսուհետ՝ խորհուրդ), որը 30 օրացուցային օրվա ընթացքում իրականացնում է փորձաքննություն»։ Ստացվում է այնպես, որ տեխնիկական ստուգում անցած հայտերը մասնագիտական փորձագիտական խորհրդին կարող են տրամադրվել օգոստոսի 19-ին (երկուշաբթի օրը), և փորձագիտական կարծիքները կարող են ստացվել սեպտեմբերի 19-ին։

Կետ 26. «Կոմիտեն մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի համար, հայտերի փորձաքննական գնահատականների նվազման կարգով, ձևավորում է վարկանիշային ցանկ և ներկայացնում խորհրդի քննարկմանը»։
Միայն այսքանը բավական է, որպեսզի պարզ դառնա ՀՀ ԿԳ նախարարի հրամանի և գիտության պետական կոմիտեի հրավերի անհեթեթությունը (արդեն իսկ ստացվում է, որ նշված կոմիտեն 2013թ.-ին 4 ամիս նախագծերի ֆինանսավորում չի կարող ապահովել, և թեմա կատարող խումբն էլ 2013թ.-ին 4 ամիս գիտահետազոտական աշխատանք կատարել չի կարող)։

Եթե շարունակենք քննարկել «հրավերի» հետագա հարցերը, ապա անհեթեթությունն ավելի ցայտուն կդառնա։

Հրավերի 31-րդ կետում գրված է՝ «Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել խմբի (գիտական թեմայի) ղեկավարի կողմից՝ տեղեկանալուց 15 օրացուցային օրվա ընթացքում կոմիտե գրավոր դիմում ներկայացնելով»։ Պատկերացնենք, որ սեպտեմբերի 26-ին գիտական թեմայի ղեկավարն իմացավ ֆինանսավորման մերժման մասին և 15 օրվա ընթացքում դիմում-բողոք ուղարկեց կոմիտե։ Բողոքը կոմիտե կհանձնվի հոկտեմբերի 7-ին։

Կետ 32. «Բողոքարկման դեպքում հայտը խորհրդի կողմից կրկնակի փորձաքննության է ենթարկվում։ Կրկնակի փորձաքննության արդյունքներն ամփոփվում են խմբի (գիտական թեմայի) ղեկավարի մասնակցությամբ»։ Ենթադրենք այդ կրկնակի փորձաքննությունը կատարվում է արագացված կարգով՝ մեկ ամսվա փոխարեն՝ 15 օրվա ընթացքում։ Գիտահետազոտական խմբին տրված դրական պատասխանը կստացվի հոկտեմբերի 22-23-ին, իսկ ֆինանսավորումը՝ նոյեմբերի 1-ից, այսինքն` գիտահետազոտական խումբը 16 ամսվա փոխարեն կարող է աշխատել 14 ամիս և «գերազանց» կատարել հետազոտությունները։

Այժմ տեսնենք, թե կիրառական բնույթի լուրջ գիտահետազոտական աշխատանք հնարավո՞ր է, արդյոք, կատարել 14 ամսվա ընթացքում, և այն էլ այն իրավիճակում, երբ բուն աշխատանքը պետք է կատարվի 13 ամիսների ընթացքում, իսկ վերջին՝ 14-րդ ամսում պետք է գրվի կատարված աշխատանքի հաշվետվությունը։ Իմ հաստատ համոզմամբ՝ լուրջ գիտահետազոտական աշխատանք, այն էլ կիրառական բնույթի, հնարավոր չի կատարել ո՛չ 14, ո՛չ 16 և ո՛չ էլ, նույնիսկ, 24 ամիսների ընթացքում։
ԿԳ նախարարի նման հրամանը և գիտության պետական կոմիտեի հրավերը ոչ այլ ինչ են, եթե ոչ կանչ ժուլիկներին ու խալտուրշիկներին՝ հավանաբար յուրայիններին, ճանկել պետական միջոցներից մի մեծ պատառն ու խժռել։ Ի վերջո, դա բերելու է պետական միջոցների ևս մի քանի միլիարդ դրամի փոշիացմանը։
Հիշում եմ. երկու հազար թվականների սկզբներին թեմատիկ հայտերով հետազոտությունների համար տրվում էր 4 տարի։ Հետո դարձրեցին 3 տարի, իսկ այժմ 16 ամիս և այն էլ ոչ լրիվ։ Ի՞նչ է լինելու 2-3 տարի հետո։ Եթե իր դիրքերում մնա ՀՀ ԿԳ այժմյան նախարարը, այդ ժամանակահատվածը, հավանաբար, կդառնա 6 ամիս և այն ժամանակ վա՛յ ՀՀ գիտությանը։
Կեցցե՛ ՀՀ ԿԳ նախարարը և իր հավատարիմ զինակից գիտության պետական կոմիտեի նախագահը։

ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆ
Երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031