1in.am. Ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայի դրույթները: Այս կերպ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութին, որտեղ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը պատմում է, թե ինչպես է հրամանատարն իրեն հրամայել ջուր բերել, ապա, լսելով, որ չի ցանկանում դա անել, քանի որ հոգնած է, սկսել է հարվածել աչքին, որի հետևանքով ինքը կամավոր հատել է սահմանը:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ՀՀ ԶՈւ-ն վարկաբեկելու իրենց որդեգրած ուղին, և այս քայլը ևս պետք է դիտարկվի հենց այդ կոնտեքստում: Ըստ ՊՆ խոսնակի` սա արդեն ութերորդ դեպքն է, երբ Ադրբեջանը նման կերպ է վարվում այն զինծառայողների հետ, որոնք հայտնվում են Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում:
«Հասցնում են այն աստիճանի,որ գերին ընտրի երրորդ երկիր գնալու տարբերակը և միշտ՝ նույն մեթոդներով»,- նկատեց նա: Անկախ ամեն ինչից, վերջինիս հավաստիացմամբ, հայկական կողմը վերահաստատում է ՀՀ քաղաքացուն առանց քրեական հետապնդման ետ ընդունելու իր պատրաստակամությունը:
Հարցին, թե ծառայողական քննություն չի՞ իրականացվելու արդյոք այն հրամանատարի հանդեպ, որի մասին տեսանյութում խոսում է Հակոբ Ինջիղուլյանը, նա պատասխանեց, որ ոչինչ բացառված չէ: Բայց, նրա համոզմամբ, սա այն դեպքը չէ, որ հրամանատարը զինծառայողին ծեծի է ենթարկել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի կայքում: