Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե այսպես շարունակվի, ապա 20 տարի անց մայր չենք ունենա` սերունդ ունենալու համար»

Օգոստոս 12,2013 23:02

Վիճակագրական տվյալներով` Հայաստանը սելեկտիվ աբորտների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո:

Այդ մասին այսօր Վանաձորում կայացած «Բավական» ֆիլմի ցուցադրության ժամանակ ասաց «Մեդիա կենտրոնի» խմբագիր Եվա Մարտիրոսյանը:

«Մեդիա կենտրոնն» այս ամառվանից նախաձեռնում է մարզային միջոցառումների շարք, եւ Վանաձորում Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկեն մեր մարզային միջոցառումները: Ֆիլմը Հայաստանում շատ ակտուալ մի խնդրի` սելեկտիվ աբորտների` երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման թեմայի վերաբերյալ  է»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Եվա Մարտիրոսյանը` նկատելով, որ Հայաստանը սելեկտիվ աբորտների թվով Չինաստանից հետո աշխարհում երկրորդն է, ինչը, ըստ նրա,  սարսափելի ցուցանիշ է:

Մարզերում ֆիլմի ցուցադրությունը նպատակ ունի հնարավորինս ավելի շատ մարդկանց տեղեկացնել խնդրի մասին, բարձրաձայնել, ահազանգել, որպեսզի ունեցած տվյալները փոքրիշատե  փոփոխության ենթարկվեն:

«Այս տարի արդեն այդ ազդեցությամբ Հայաստանը երրորդ տեղում էր, այս տարվա տվյալներով  Ադրբեջանն է երկրորդ  տեղում: Սակայն սա չի նշանակում, որ մենք անելիք չունենք»,-ասում է Եվա Մարտիրոսյանը:

Փորձագետները նկատում են, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Հայաստանին կկանգնեցնեն լուրջ խնդիրների առաջ`գենոֆոնդի փոփոխությունից մինչեւ սերնդի շարունակության անհնարինություն:

«Եթե այսպես շարունակվի, ապա 20 տարի անց մայր չենք ունենա` սերունդ ունենալու համար,  կամ էլ տղաները կմեկնեն արտերկիր` օտարազգի հարսնացուների հետեւից, եւ հարց է` այնտեղից կվերադառնան թե ոչ»,-ասում են նրանք:

Ինչպես փաստում են «Բավական» ֆիլմի հերոսների մեծ մասը` իրենք  ազատվել են աղջիկ երեխաներից միայն այն պատճառով, որովհետեւ իրենք կամ ընտանիքի անդամները տղա երեխա են նախընտրել ունենալ, ավանդույթի համաձայն`  տան կրակը վառ պահելու համար:

«Ոնց կլինի` տղա չունենամ, բա տանս ճրագը ով վառ պահի, աղջիկը մերը չէ, աղջիկը ուրիշի տան ծուխն է»,-ասում են նրանք:

«Մենք մոռանում ենք, որ յուրաքանչյուր պտուղ, որ որովայնում ձեւավորվում է, Աստծո շնորհն է, Աստծո կամքն է, պարգեւը: Այն մարդը, ով ակամայից գնում է պտղի հեռացմանը,  իրեն զրկում է Աստծո օրհնությունից: Եթե աբորտների քանակով հաշվարկենք՝ ապա մեր շրջապատում որքան մարդասպաններ կան: Իսկ այնտեղ, որտեղ մարդասպանություն կա, Աստծո օրհնություն լինել չի կարող»,-իր խոսքում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը:

Անդրադառնալով հատկապես սեռով պայմանավորված աբորտներին` վերջինս նշեց, որ  անկախ նրանից, թե մարդ ինչ սեռի երեխա է աբորտ անում, նա չի դադարում մարդասպան լինելուց, եւ որ ընտանիքի ծուխը վառ պահելու երեւույթն էլ երեխայի սեռով չի պայմանավորվում:

«Եթե դու աբորտ ես անում տղա երեխայի, հիշիր, դու հայրասպան ես, դու ապագայի հորն ես սպանում, եթե աղջիկ երեխա է` մայրասպան ես: Այդպիսի բան չկա, որ օջախի կրակը աղջիկ կամ տղայով է պայմանավորվում, մարդով է պայմավորվում: Այսօր հայ ժողովուրդը հեռացել է Աստծուց իր տգիտությամբ,  Իր հանցավոր գործունեությունը պայմանավորում  է սուտ ժողովրդական մեկնաբանությամբ»,-նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031