Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանի մոլորվելու պատճառը ընտանիքը համարում է տեսողության հետ կապված խնդիրները

Օգոստոս 12,2013 21:59

Azatutyun.am. Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կապի միակ միջոցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, իսկ կոմիտեի ադրբեջանական պատվիրակությունը դեռևս չի հանդիպել գերու հետ։
Դեպքը պատահել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը երեքի շրջանակներում։ Նախնական պաշտոնական տեղեկատվության համաձայն, զինվորը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Պաշտպանության բանակի և Ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հայ գերու մասին տեղեկությունները Հայաստան են հասնում հիմնականում ադրբեջանական մամուլի միջոցով: Ըստ այդմ, Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հավաստիացրել է, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է Բաքու, գտնվում է պաշտպանության նախարարությունում, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ կքննարկվի նրա Հայաստան վերադառնալու հարցը։
Զինվոր ընտանիքն էլ այսօր մեր այցելության ժամանակ տարակուսած էր, նրանք զրույցում պահանջում էին Հակոբին ողջ առողջ վերադարձնել:
«Մեր երեխային ոնց տվել ենք, նույն ձևով մեզ վերադարձնեն… իրենք կգնան գերի, ով կգնա, ով չի գնա՝ մեզ դա չի հետաքրքրում»,- ասաց զինվորի հորաքույրը՝ Սիրանույշ Ինջիղուլյանը։
Ընտանիքի ունեցած տեղեկություններով, զինծառայողը մոլորվել է ջրի գնալիս։ Իսկ թե ինչո՞ւ է զինվորը որոշել գիշերվա ժամը երեքին ջրի գնալ՝ հարազատներին անհայտ է: Հակոբ Ինջիղուլյանի անհետացման մասին ընտանիքն իմացել է օգոստոսի 8-ի առավոտյան, երբ Ռազմական ոստիկանությունից եկել են տուն ՝ նրան փնտրելու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցներն են տարածել նրա գերեվարման լուրը։ Գերի ընկնելու ժամանակ մոտը չի հայտնաբերվել ոչ զենք, ոչ փաստաթղթեր։
Մայրը Գայանե Ինջիղուլյանը պատմեց, որ դեպքի նախօրեն հեռախոսով զրուցել են Հակոբի հետ, ասել է, որ լավ է։ Ընտանիքը պնդում է, որ նա ծառայակիցների հետ երբևէ խնդիրներ չի ունեցել և բացառելեց միտումնավոր դիրքերը լքելու կամ ծառայությունից փախչելու տարբերակը։ Հարազատները պատմում էին, որ տղան նույնիսկ արձակուրդ չի ցանկացել գալ։
«Խանութից եկա, տեսա Ռազմական ոստիկանությունը արդեն մեր տանն է: Սկզբից ասացին, որ լքել է զորամասը, հարցուփորձ էին անում, թե տղան ու՞ր է: Զարմացանք։ Որովհետև միշտ ասում էր՝ «էնքան լավ ենք ընկերներով, որ իսկի եղբորիցս էդքան գոհ չեմ եղել, ինչքան նրանցից: Շատ գոհ էր», – պատմում էր մայրը, – «Ասում են՝ ջրի է գնացել, կորել է: Չգիտենք, ոչ մի տեղեկություն չունենք»։
Մոլորվելու պատճառը ընտանիքը համարում է տեսողության հետ կապված խնդիրները։  Տատը՝ Կատերինա Ինջիղուլյանը, վրդովված հարցնում էր՝ ինչպե՞ս են երիտասարդին վատ տեսողությամբ տարել դիրքեր, և եթե տարել են, ինչո՞ւ ուշադիր չեն եղել:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031