Այսօր՝ երիտասարդության միջազգային օրը, մի խումբ հայ երիտասարդներ սիրահարների այգուց-Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-հանրապետության հրապարակ-քաղաքապետարան երթուղով քայլերթ էին կազմակերպել:
«Հայ երիտասարդը բավականին հոգսաշատ է համեմատած ավելի քաղաքակիրթ երկրներում ապրող երիտասարդների»,- կարծում է Մաքսիմ Հակոբյանը: Նրա կարծիքով իշխանությունները երիտասարդների մեջ կոտրել են հույսը. «Իշխանությունները կոտրել են երիտասարդի մեջ այն հույսը, որ իրենց երկրում կարող են ինչ-որ բանի հասնել ու նորմալ ապրել իրենց երկրում»:
Ակտիվիստներից Շողակաթն էլ դժգոհեց, որ իշխանությունները ամեն ինչ անում են՝ ստրկամիտ երիտասարդություն դաստիարակելու համար, որոնք համարձակություն չունենան պայքարել իրենց իրավունքների համար. «Դաստիարակում են իրենց նման ստրկամիտ երեխեքի՝ սկսած դպրոցական տարիքից: Գալիս է պահը, որ երիտասարդը հասկանում է, սկսում պայքարել, պայքարում ես ինքդ քո հետ, շրջապատիդ հետ, կոտրում ես սահմանները, որոնք չպետք է լինեն ու սկսում ես հաղթանակներ գրանցել»:
Կարդացեք նաև
Ակտիվիստները թմբուկներով ու ծափ տալով «էսօր մեր օրն է» վանկարկելով հասան քաղաքապետարանի, որտեղ նրանց սպասում էր ՀՀԿ-ի հայտնի տատիկը, որը մինչ այդ վիճում ու վիրավորում էր նստացույցի մասնակիցներին՝ պահանջելով հեռացնել կանաչ տարածության վրա դրված պաստառները:
«Դավայ, էս ինչ է, ինչ են ուզում: Աշխատում են էլի մարդիկ: Կարո՞ղ ա մենք պրոբլեմ չունենք: Ի՞նչ ա, կարո՞ղ ա տեղաշորս առնեմ, գամ ստեղ քնեմ, ձմերուկն էլ կտրեմ ուտեմ, շռեմ քաղաքապետարանի պատերի տակ: Հերիք ա երկրի պատվի հետ խաղան: Ասեք թող քշեն մեքենան, գնան»,- ՀՀԿ-ի հայտնի տատիկը ոստիկաններին էր հանձնարարում ակտիվիստներին հեռացնել տարածքից:
Հետո, երբ նստացույցի մասնակիցներին միացան իրենց տոնը նշող երիտասարդները, կարծես մենամարտ սկսվեց նրանց ու տատիկի միջեւ:
«Քանի տատին սաղ ա, հաղթանակ չես տանի»,- բղավեց երիտասարդների վրա՝ նրանց անվանելով տորիչելյան դատարկություն:
Երիտասարդների տոնը ավարտվելու էր Մաշտոցի այգում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ