Օգոստոսի 12-ին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Գոհունակությամբ հիշատակվեց վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա համագործակցության շարունակական ընդլայնումը:
Անդրադարձ կատարվեց հայ-շվեյցարական համագործակցությանը միջազգային կառույցներում, մասնավորապես` 2014թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի կողմից ստանձնելիք նախագահությանը եւ այդ շրջանակում փոխգործակցության կարեւորությանը:
Կողմերը երկուստեք ընդգծեցին մշակույթի բնագավառում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` այդ նպատակով օգտագործելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից 25 տարի ի վեր Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերի համար:
ՀՀ ԱԳՆ