Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի ինչպիսի՞ թեկնածուներ են նախընտրում տեսնել կապանցիները

Օգոստոս 12,2013 19:08

Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական  ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու համար դեռ առաջադրված պատգամավորի թեկնածուներ չկան: Ըստ ամենայնի, պատգամավորի բոլոր թեկնածուները կլինեն Կապանի տարածաշրջանից: Նախքան պատգամավորի թեկնածուների առաջադրվելը, կապանցիներից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ որակական հատկանիշներ ունեցող պատգամավորի թեկնածուներ են ուզում տեսնել առաջադրվողների ցանկում եւ ինչպիսի՞ն պետք է լինի  ապագա պատգամավորը:

«Նախ նա  պետք է իսկական պատգամավոր լինի, ոչ թե գողական անձնավորություն: Մեզ հարկավոր են այնպիսի պատգամավորներ, որոնք ընդհանրացված գաղափար ունեն բոլոր բնագավառներից: Մեզ պետք չեն ԱԺ-ում ուղղակի կոճակ սեղմող պատգամավորներ: Չէի ցանկանա պատգամավորի թեկնածու տեսնել իշխող ռեժիմի եւ նրան սպասարկող կուսակցությունների անդամ չինովնիկների, քանի որ նրանք կեղտոտ ձեռքերով մաքուր գաղափարներ չեն կարող իրագործել», – ասաց Կապան քաղաքի բնակիչ Մհեր Միրզոյանը:

Առաջիկա ընտրություններով հետաքրքրված են նաեւ կապանցի երիտասարդները, ովքեր անտարբեր չեն մոտենում այս հարցին եւ մշտապես ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքում տեղի ունեցող ցանկացած իրադարձության, հատկապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքի ներկա ու վաղվա օրվան: «Ընտրություններին բավականին դրական եմ տրամադրված, իսկ թե ո՞վքեր կլինեն թեկնածուներ եւ  որտեղի՞ց, նախընտրում եմ սպասել մինչեւ օգոստոսի 15-ը: Ակնկալում եմ, առաջին հերթին, հասարակության ամենաակտիվ մասնակցությունը սպասվող նախընտրական, ընտրական ու հետընտրական պրոցեսներին: Ժամանակն է, որ ժողովուրդը զգա իր ունեցած կարծիքի ու դիրքորոշման կարեւորությունն ու կիրառման փորձը: Կապանը համապատասխան ռեսուրս ունի, հասկանալի է, կոնկրետ դեպքի համար եւ հետագայում այն պետք է ավելի շատ եւ առավելագույնս կիրառվի ըստ անհրաժեշտության», – ասաց ուսանողուհի Ժենյա Նավասարդյանը:

Իսկ Հայկ Կարախանյանը նախընտրում է պատգամավորի թեկնածուն կամ ապագա պատգամավորը լինի երիտասարդ ու ներկայանալի: «Պետք է լինի բարոյական քաղաքական ուղի ունեցող մարդ… ու պարտադիր չի, որ ինքը Արցախյան հերոսամարտի հերոս կամ մասնակից լինի… Ցանկալի է լինի երիտասարդ ու ներկայանալի: Ու ամենակարեւորը՝ լինի տեղյակ գրեթե բոլոր ոլորտներից եւ նրանց հիմնախնդիրներից», – հավելեց նա:

Իսկ Նարեկի համար ամենակարեւորը ընդդիմադիր ներկայացուցիչ լինի, թեկուզ՝ ոչ սյունեցի: «Ինձ համար պարտադիր պիտի լինի ընդդիմադիր ճամբարից: Փորձը ցույց է տալիս, որ մեր պատգամավորները երբեք ելույթ չեն ունենում ու կողմ են քվեարկում ՀՀԿ-ի որոշումների օգտին, եթե պիտի նույն կերպ լինի, ապա ինչ տարբերություն Կապանից լինի, թե՝ Երեւանից: Ավելի լավ է տեսնեմ մեր ընտրատարածքում թեկնածու ոչ Սյունիքից, բայց ընդդիմադիր, քան Սյունիքից, բայց ՀՀԿ կամ ԲՀԿ ներկայացուցիչ»,- իր կարծիքն հայտնեց Նարեկը:

«Ցանկալի է լինի «Մարդ», սիրի իր հայրենիքը. պետք չի, որ ասֆայլտներ փռի, այլ ի նպաստ ժողովրդի օրենսդրական փոփոխություններ առաջարկի ու նպաստի դրանց ընդունմանը: Առաջ քաշի հայրենի տարածաշրջանի խնդիրները եւ ի զորու լինի դրանց թեկուզ մասնակի լուծմանը», – նման կարծիք հայտնեց Կապանի բնակիչ Վրույր Հարությունյանը:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է, իսկ սեպտեմբերի 1-ից կմեկնարկի քարոզարշավը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 27-ը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031