Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Մենք չենք կարող խաբել ժողովրդին եւ ասել, որ վաղը բոլորը կապրեն դրախտում»

Օգոստոս 12,2013 18:28

«Այն ամենը, ինչ ներկայումս տեղի է ունենում Հայաստանում, տեղավորվում է սթափ տրամաբանության մեջ, եւ որեւէ արտառոց բան դրանում չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում  հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով թանկացումների հետ կապված հասարակության դժգոհությունները:

«Միանգամայն բացատրելի եւ իրավաչափ է, որ յուրաքանչյուր պետությունում գների ցանկացած թանկացում դժգոհության ալիք է բարձրացնում, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ: Բայց ես հեռու եմ տեղի ունեցող իրադարձություններին արմատական գնահատականներ տալուց, դրանք որպես սոցիալական խռովություն որակելուց. այո, կան խնդիրներ, եւ հասարակությունը իր դժգոհությունն է հայտնում այդ առնչությամբ, իսկ իշխանություններն իրենց աշխատանքն են կատարում`հնարավորինս փորձելով լուծել կուտակված հարցերը: Այնպես որ`ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունները հաճախ այս կամ այն խնդիրը լուծելու համար ոչ պոպուլյար քայլերի են դիմում եւ ենթարկվում են քննադատության:

Շարմազանովն ընդգծեց, որ իշխանությունը կախարդական փայտիկ չունի բոլոր խնդիրների այսրոպեական լուծման համար. «Մենք չենք կարող խաբել ժողովրդին եւ ասել, որ վաղը բոլորը կապրեն դրախտում: Բայց պետք է հասկանալ մեկ բան՝ խնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն փոխզիջման ճանապարհով»:

Նրա խոսքով, կուտակված հարցերի լուծմանն անհրաժեշտ է հասնել քաղաքական դաշտում երկխոսության, տարբեր ընդունելի առաջարկների ու ծրագրերի քննարկման եւ իրականացման ճանապարհով: «Այլ մեթոդ մարդկությունը չի գտել: Միանգամից, այստեղ եւ հիմա չի լինում»- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Ինչ մեղք ես Շարմազանով, ուրեմն ըստ քեզ մեր ժողովուրդը կառավարությունից ակնկալում է որ ինքը ապրի դրախտում, մեր ժողովուրդը ակնկալում է որ ունի կառավարություն և հետևաբար պետք է որ պարզապես ապրի, իսկ դուք այդ էլ չեք կարողանում ապահովել: Ասում ես ոչ պոպուլյար քայլեր ենք անում, բոլորովին պետք չէ, ՀՀ գործարրաների և պետբյուջեի փողերը օֆշորային գոտիներում լվացող, ատկատներով թաթախվախների, կամ թե պարզապես թալանչիների նկատմամբ օգտագործում են, ոչ թե ոչ պոպուլյար այլ ավանդական միջոցներ: Կարող ես ձեր ՀՀԿ-ական վերնախավից նշես թե ու ում եք ավանդական միջոցներով պատժել, իսկ պոպուլյար միջոցներով ես կարող եմ նշել` նախարարից դարձրել եք պատգամավոր, այս մի նախարարությունից տեղափոխել եք մյուս նախարարություն, կառավարության աշխատակազմից տեղափոխել եք նախագահի աշխատակազմ և հակառակը, սա է ձեր ոչ պոպուլյար քայլերը: Երիտասարդ տղա ես ու ինձ միշտ մի բան է զարմացնում տեսնես չես ամաչում, եթե ամաչում ես ուրեմն դեռ ամեն ինչ կորած չի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031