Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաց արտադրող. «Չեմ ուզում ժողովրդի կաշին քերթեմ, կաշի էլ չի մնացել»

Օգոստոս 12,2013 17:55

Վերջերս մայրաքաղաքի մանր եւ խոշոր խանութներում հացի գնի բարձրացում է նկատվում: Որոշ խանութներում, մեր այցելությունից պարզեցինք, որ տարբեր քաշի եւ տեսակի հացեր թանկացել են 10-30 դրամով: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված թանկացումը, մեր այս հարցմանը վաճառողները հիմնականում մեղքը բարդում էին արտադրողների վրա: Մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում հավաստեցին ալյուր ներկրողներն ու հացամթերքի որոշ արտադրողներ, ոչ մի թանկացում էլ չեն արել:

Ալյուր ներկրող խոշոր ընկերության «Մանչո գրուպի» սեփականատեր Իվան Մոսոյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ալյուրի գինը դեռ մի բան էլ նվազեցրել են, որպեսզի հացի գինը չբարձրանա: Ըստ պարոն Մոսոյանի, «Մանչո գրուպը» 50 կիլոգրամանոց 1 պարկ ալյուրի գինը 4 դոլարով իջեցրել է: Մեր հարցին, թե արդյոք միջազգային շուկայում էլ է ցորենի գինը նվազել, պարոն Մոսոյանն ասաց.«Միջազգային շուկայում չի էժանացել, ցորենի գինը որոշ սանդղակներով իջավ, կանգնեց, հետո սկսեց նորից բարձրանալ: Մենք այդ ընթացքում տատանումներ չենք տվել, հետո կամաց-կամաց իջեցրեցինք, ռեալ գնից էլ իջեցրեցինք, մենակ նրա համար, որ պատճառ չբռնեն` հոսանք գազ, ու հացի գինը չթանկացնեն: Հացի գնի թանկացման պատճառ հիմա չկա, իրենք էլ կարող էին իջեցնել»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչո՞ւ եք ալյուրի գինն իրականից նվազեցրել, վնասո՞վ եք աշխատում, պարոն Մոսոյանն ասաց. «Շահույթ չենք ստանում առայժմ, եկեք վնասների մասին չխոսենք: Մենք սպասում ենք շուկայում գները կայունանան, որովհետեւ դրսում տատանվում է, որպեսզի ցնցումներ չլինեն գների մեջ, իջեցրել ենք: Հիմնականում կախված է Ռուսաստանում ցորենի գների հետ, այս շաբաթ նորից ցորեն եմ ներկրելու, երբ այնտեղ կայունանա գինը, մենք այստեղ կկարգավորենք»:

Ցորենի նոր խմբաքանակն արդյոք ավելի թանկ գներով է ներկրելու ընկերությունը, մեր այս հարցին էլ պարոն Մոսյանը պատասխանեց, որ տարբեր շրջաններում ցորենի գները տարբեր են, եւ 1 տոննան արդեն 30-40 դոլարով թանկացել է: Այսինքն` հնարավոր է առաջիկայում հացի գինն ավելի բարձրանա:

«Սեւան» հացի գործարանը, որն իր արտադրանքն իրացնում է բազմաթիվ խանութներում եւ սուպերմարկետներում, եւս հացամթերքի ոչ մի արտադրանք չեն թանկացրել. այս մասին Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց գործարանի փոխտնօրեն Գոքոր Սահրադյանը, որը նաեւ ավելացրեց, որ առայժմ չեն պատրաստում գների փոփոխություն կատարել:

Հացի արտադրությամբ զբաղվող «Մուսալեռ» ընկերության ղեկավար Վահան Շառոյանն էլ հավաստիացրեց, որ թե հենց իրենց խանութներում եւ թե այն խանութներին, որոնց տրամադրում են իրենց արտադրանքը, գները չեն բարձրացրել. «Մենք չենք թանկացրել, բայց պատրաստվում ենք, բա որ հոսանքը, գազը թանկացել են, բնականաբար այս ապրանքն էլ է թանկանալու: Ես չեմ թանկացրել, ասեմ դրա գաղտնիքը. ալյուրի գինը 3 դոլար իջել է, դրա հաշվին պահում ենք, դա երկար չի տեւի: Սեպտեմբերին ալյուրը կթանկանա, հացն էլ կթանկանա, ուղղակի իմ խղճի տեսանկյունից հարմար չի ես էլ ժողովրդի կաշին քերթեմ, կաշի էլ չի մնացել»:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ խոշոր արտադրողները չեն թանկացրել հացը, իսկ ասենք, տարածքի հացի փռերը թանկացրել են:

Մեր այն հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի այս ոլորտը, որպեսզի կամայական թանկացումներ չլինեն, եթե հաշվի առնենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միայն գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններին է ստուգում, պարոն Պիպոյանն ասաց. «Պետական լիազոր մարմինների համակարգված աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի կարգավորել, երբ տնտեսվարողները հասկանան, որ ուշադրության կենտրոնում են եւ իրենց էլ ձեռնտու չի լինի տուգանվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պիտի կարգավորի գնագոյացման հարցերը: ՏՄՊՊՀ-ն կարող է լծակներ կիրառել, ասենք` ասի` դու սպառողին մոլորեցնում ես, հացի մեջ ալյուրի մակնշում չես անում, կամ քաշը ստուգի եւ չսպասի անպայման ահազանգ լինելուն: Մեզ մոտ օրենսդրական մոդելը վատ է մշակված. սահմանափակումներ չկան, որ այս ինչ ոլորտներում, այսքանից ավելի շահույթ հետապնդել չի կարելի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031