Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազեն» ընդլայնում է ծավալները, կառավարությունը՝ հավաքի նկատմամբ ուշադրությունը

Օգոստոս 12,2013 17:50

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը համարում եմ բացված»,-«Բազե» երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանն այսօր Ծաղկաձորում այսպես հայտարարեց «Բազե» երիտասարդական հավաքի մեկնարկը:

«Բազե» երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում արդեն 11-րդ անգամ անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային (ֆուտբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն, բազկամարտ, վոլեյբոլ, սպորտլանդիա, շախմատ, երգ, պար, նկարչություն, նորաձևություն), ինտելեկտուալ խաղերում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորեց երիտասարդներին երիտասարդության միջազգային օրվա և ավանդական «Բազե» հավաքի մեկնարկի կապակցությամբ ու ասաց. «Տարեցտարի հետաքրքրությունն այս հավաքների նկատմամբ ավելանում է: Հավատացնում եմ, որ բազեական շարժումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, քանի որ այն գեղեցիկ ավանդույթները, որ դուք ձևավորում եք, նպաստում է երիտասարդության շրջանում ազգային արժեքների տարածմանը»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այս տարիների ընթացքում «Բազե» հավաքին մասնակցել են շուրջ տասը հազար երիտասարդներ, միևնույն ժամանակ անդրադարձավ այն խնդրին, որ շատերը փորձում են պիտակավորել հավաքը. «Տասը հազարը խոսուն թիվ է, ավելին, մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է: Այս տարիների ընթացքում փորձել են ծրագիրը պիտակավորել, սակայն այսօրվա հավաքը, այս ծրագիրը գալիս է ապացուցելու, որ «Բազեն» երիտասարդների համար սպասված ծրագիր է»:

«Բազե» երիտասարդական հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Ազատ ժամերին երիտասարդներին կուսուցանվեն ազգային երգեր և պարեր, կկազմակերպվեն կինոդիտումներ։ Կիրականացվի արդեն ավանդական դարձած արյունատվության ակցիան։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031