Տավուշի մարզի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց, որ անցյալ շաբաթ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել դաշտերում աշխատող գյուղացիների, գիշերները՝ գյուղի ուղղությամբ:
«Թու, թու, 2-3 օր է՝ գյուղի վրա չեն կրակում: Խոտհարքները, ցորենը հնձել ենք, բերքը տեղափոխել: Սակայն մեր գյուղի հիմնական տարածքները Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ են», -ասաց գյուղապետը:
Նրա խոսքերով՝ իրենց համագյուղացի, Ռուսաստանում բնակվող Էդիկ Հարությունյանը 60 հազար ռուբլի է նվիրել, որով գյուղի ճանապարհների որոշ հատվածներ ասֆալտապատել են:
Գյուղապետը հայտնեց, որ գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, Բերքաբերը գազաֆիկացված չէ, խմելու ջուրն անորակ է, հավելելով.
Կարդացեք նաև
«Մենք , կարելի է ասել, ոռոգման ջուր ենք խմում: Այն անասունին ենք տալիս, անասունը չի խմում, Ջողազի լճի ջուրը խմում է , այդ ջուրը չի խմում: Խմելու ջրագիծը ձգվում է Աճարկուտի անտառներից, այն 50 -60 տարվա հնություն ունի, խողովակները փտած են»: Արթուր Մադաթյանի վկայությամբ՝ ծանր կենսապայմանների պատճառով շուրջ 500 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղից արտագաղթը շարունակվում է, Բերքաբերի միջնակարգ դպրոցն ուներ 47 աշակերտ, աշնանը, նոր ուսումնական տարում աշակերտների թիվը կլինի 40:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ